Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սևանը կապիտալի զոհ է դառնում. «Հայոց Աշխարհ»

Հունիս 28,2017 11:43

Բնապահպանները խիստ անհանգստացած են կառավարության այն նախաձեռնությամբ, որի համաձայն` նախատեսվում է 3 տարվա ընթացքում Սեւանա լճից բաց թողնել լրացուցիչ 1 միլիարդ խմ ջուր:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին կառավարությունը՝ ջրային տնտեսության պետական կոմիտեի առաջարկությամբ, որոշեց փոփոխություններ կատարել «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում եւ 100 միլիոն խմ-ով ավելացնել Սեւանա լճից ջրբացթողումները: Բնապահպաները համոզված են՝ սա լուրջ վտանգ է Սեւանա լճի համար, որն ի վերջո կհանգեցնի լճի ճահճացմանը, ինչն էլ կնպաստի մեր ունեցած ջրի աղբյուրների ցամաքեցմանը:

Երեկ Սեւանի ճակատագրով մտահոգ բնապահպաները՝ «SOS Սեւան» նախաձեռնության շրջանակներում, հավաքվել էին «Էկոլուր» մամուլի ակումբում՝ խորհրդակցելու, թե ի՞նչ միջոցներով է հնարավոր փրկել մեր ազգային հարստությունը:
Բնապահպան, «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ ԻՆԳԱ ԶԱՐԱՖՅԱՆԸ հիշեցրեց, որ Սեւանի համար սա առաջին նման փորձությունը չէ, քանի որ նախատեսվածից շատ ավելի մեծ ծավալով ջրբացթողումների մասին կառավարությունը որոշումներ է կայացրել նաեւ 2008, 2012, 2014 թվականներին. «Մենք ուսումնասիրել ենք ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացրած առաջարկն այս նախագծի վերաբերյալ եւ հավաստիացնում ենք, որ այն լիովին անհիմն է:

Նախ՝ ծրագիրը հիմնավորվում է նրանով, թե Սեւանից լրացուցիչ ջրառի շնորհիվ հնարավոր կլինի լցնել մեր կիսադատարկ ջրամբարները: Սակայն որեւէ թվով ու փաստերով ներկայացված չէ ջրամբարների լցվելու եւ դատարկվելու դինամիկան, դատարկ լինելու պատճառների մասին խոսք անգամ չկա, ուստի հստակ չէ՝ իրականում ջրամբարները լցնելո՞ւ նպատակ է հետապնդում այս ծրագրի գործարկումը:

Մյուս հիմնավորումն այն է, որ Արարատյան դաշտի ոռոգման համար ջուրը չի բավականացնում, այդ բացը հարկավոր է լրացնել Սեւանի հաշվին: Սակայն առաջարկի մեջ նշված չէ, թե քանի հեկտար տարածքն է, որ անջրդի է մնում, ո՞ր համայնքներն են, որ ոռոգման ջրի կարիք ունեն, ի՞նչ ծավալի ջուր է հարկավոր այդ համայնքների համար»:
Սեւանից լրացուցիչ ջրառի հիմնավորումներից մեկն էլ Սեւան-Հրազդան հիդրոկասկադի էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների մեծացումն է: Մինչդեռ, ինչպես նշում է բնապահպանական ՀԿ-ի նախագահը, ջրային օրենսգրքի համաձայն՝ ջուրն էներգետիկ նպատակով կարելի է օգտագործել միայն այն բանից հետո, երբ ապահովված են երկրի ջրային այլ կարիքները՝ խմելու, ոռոգման ջրի պաշարների ապահովումը:
Բայց Սեւանից լրացուցիչ ջրառի դեպքում այդ պաշարները վտանգվում են, եւ դրանց ծավալները առաջիկա տարիներին զգալիորեն կնվազեն՝ ազգային անվտանգության խնդիրներ առաջացնելով:

Ի վերջո, այս ծրագիրն անգամ հանրային լսումների չի դրվել: Կառավարության որոշման մեջ հղում է արվում Սեւանի փորձագիտական հանձնաժողովի կարծիքի վրա, որն իբրեւ թե դրական է գնահատել ծրագիրը: Այնինչ հանձնաժողովի անդամ Բարդուխ Գաբրիելյանը հավաստում է, որ դեմ է այդ ծրագրին, դրական կարծիք չի տվել: Ավելին՝ կառավարությունն անգամ անտեսել է բնապահպանության նախարարության բացասական եզրակացությունն այս ծրագրի նկատմամբ, որի մասին, ի դեպ, առաջարկի մեջ որեւէ խոսք անգամ չկա:
Բնապահպանները հակված են մտածելու, որ իրականում ծրագիրն այլ՝ բիզնես նպատակներ է հետապնդում, որը շահագրգիռ կառույցները փորձում են քողարկել պետության կարիքների համար արվող քայլերով: Ինգա Զարաֆյանի տեղեկացմամբ՝ դեռ 2001թ. կառավարությունը Համաշխարհային բանկից 38 մլն դոլար վարկ է վերցրել՝ ոռոգման, ջրամբարները լցնելու խնդիրները հոգալու համար, սակայն ծրագրով նախատեսվում էր համապատասխան ծավալի ջրառը կազմակերպել Արաքս գետից:
Բնապահպանը հարց է բարձրացնում՝ ի՞նչ եղավ այդ ծրագիրը, որի վարկային պարտավորվածությունը պետք է ավարտվեր 2012թ.: Եթե ծրագիրն իրականում իրականացվել է եւ արդյունավետ է եղել, ապա ինչո՞ւ է կառավարությունը նորից փորձեր անում Սեւանի ջուրն օգտագործել ոռոգման եւ էներգետիկ նպատակներով եւ ոչ թե շարունակել կյանքի կոչել Արաքսից ջրառի ծրագիրը, որի համար փաստորեն հսկայական ներդրումներ են արվել, եթե, իհարկե, արվել են։

«Բլեջան» հասարակական կազմակերպության նախագահ, «SOS Սեւան» նախաձեռող խմբի անդամ ԼԻԱՆԱ ԱՍՈՅԱՆԸ, անդրադառնալով կառավարության առաջարկին, նշեց, որ այն որեւէ փորձաքննություն չի անցել, որեւէ եզրակացություն տրված չէ, թե ծրագիրն ինչպես կանդրադառնա Սեւանա լճի վրա, ի՞նչ հետեւանքներ կունենա։ Դա ենթադրելու տեղիք է տալիս, որ առաջարկը կազմվել է սիրողական մակարդակով՝ առանց մասնագետների ներգրավման:

Մինչդեռ առանց այս կամ այն ծրագրի հետեւանքները գնահատելու՝ կառավարությունն իրավունք չունի որոշումներ կայացնելու եւ առաջարկներ ներկայացնելու. «Ժամանակին նման անհիմն եւ փորձաքննություն չանցած ծրագիր նախորդ կառավարությունն արդեն կյանքի կոչեց՝ բոլոր վնասակար հետեւանքներով: Խոսքը Արարատյան դաշտում ձկնաբուծություն զարգացնելու մասին է: Արարատյան դաշտը նախատեսված է գյուղատնտեսական նպատակներին ծառայելու համար, այլ ոչ թե ձկնաբուծարաններ բազմացնելու:

Հետեւանքն այն եղավ, որ արտեզյան ավազանի ջրերը գրեթե 70 տոկոսով ցամաքեցին, ինչը բնապահպանական լուրջ աղետ է: Կարծում եմ՝ ներկա ծրագիրը միտված է Արարատյան դաշտում կառավարության անպատասխանատու որոշումների եւ գործունեության վնասակար հետեւանքները վերացնելուն: Բայց այս անպատասխանատու քայլի հետեւանքները հետագայում ինչո՞վ են փորձելու վերացնել: Մենք այլեւս ջրային պաշարներ չունենք»:

Թագուհի Ասլանյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930