ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, ինչպես նաեւ Պետաիրավական հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2016-ի բյուջեի կատարման հաշվետվությունը:
Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց, որ նախագահի աշխատակազմը 2016-ին ծախսել է 4.7 մլրդ դրամ:
Կառավարության աշխատակազմի կատարողականում 100 տոկոսից բարձր կատարողական է, ծրագրային ցուցանիշը 45 տոկոսով գերակատարել են: Ջանջուղազյանը դա բացատրեց նրանով, որ ծրագրեր են իրականացրել ոչ միայն ներքին աղբյուրների հաշվին, այլեւ արտաքին աղբյուրների, դրամաշնորհների:
645.6 մլն դրամ ՀՔԾ-ն է ծախսել՝ պահպանման ծախսերի համար, Քաղաքացիական ծառայությունը՝ 429 մլն դրամ, ԿԸՀ-ն՝ 1.7 մլրդ դրամ:
Մարդու իրավունքների պաշտպանը համեմատաբար համեստ միջոցներ է ծախսել:
Շուշան Սարդարյանը հարցրեց՝ կառավարությունը հայտարարել էր պետական կառավարման համակարգում միջոցների խնայողության ռեժիմի, ծախսերի կրճատման մասին: Ի՞նչ արդյունքներ ունեք եւ ի՞նչ արդյունավետությամբ են այդ միջոցներն օգտագործվել:
Ջանջուղազյանը պատասխանեց, որ այո, կառավարությունը նման նպատակ ունեցել էր: Թվային տեսակետից Ջանջուղազյանը չասաց, թե ինչ պատկեր է ստացվել, միայն նշեց, որ տեղի են ունեցել միավորումներ, լուծարումներ տարատեսակ կազմակերպությունների, որոնց համար բյուջեից միջոցներ են հատկացվում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ