Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պետք է թոթափել փակուղում գտնվողի վնասակար եւ անարդյունավետ մտայնությունը»

Հունիս 28,2017 12:00

«Առավոտի» զրուցակիցն է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ,
արեւելագետ Վարդան Ոսկանյանը

– Պարոն Ոսկանյան, պաշտոնական Թեհրանը բազմիցս բարձրաձայնել է Պարսից ծոցն ու Սեւ ծովը կապող միջանցքի ստեղծման գաղափարի մասին, որի գործարկումը կարող է կայանալ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Իրանի մասնակցությամբ: Ձեր տպավորությամբ` Հայաստանը հետաքրքրվա՞ծ է կամ կարո՞ղ է միանալ այս գաղափարին:

– Իրանական կողմը բոլոր մակարդակներով հայտարարել եւ հայտարարում է, որ Հայաստանը պետք է անպայման մաս կազմի Պարսից ծոցը Սեւ ծովին կապող միջանցքին, եւ այդ մասնակցությունը պետք է լինի թե՛ ավտոմայրուղու, թե՛ երկաթուղային ծրագրի իրականացման միջոցով` թե՛ Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությամբ եւ թե՛ Հայաստանում Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման ավարտի արդյունքում: Իրանը Հայաստանը մշտապես դիտարկում է որպես այս միջանցքի կարեւորագույն օղակներից մեկը: Հայաստանում եւս բազմաթիվ պաշտոնյաներ հայտարարել են, որ Հայաստանը մասնակցելու է այս ծրագրերին, եւ նաեւ որոշակի քայլեր են ձեռնարկվել եւ ձեռնարկվում՝ չնայած ոչ ամբողջությամբ գոհացուցիչ, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին կառուցելու նպատակով: Բացի այդ, իրականացվել է նաեւ, այսպես կոչված, խառը փոխադրման փորձնական գործողություն, երբ բեռները Եվրոպան եւ Պարսից ծոցը կապող ճանապարհի շրջանակում փոխադրվել են երկաթուղով, այնուհետեւ ավտոճանապարհով, ապա ծովային ճանապարհով, եւ դատելով մամուլում հրապարակված տեղեկություններից՝ արդյունքները բավարար են եղել ժամկետների եւ տնտեսական շահավետության տեսանկյունից: Այսինքն՝ նույնիսկ հիմա էլ Հայաստանի տարածքի օգտագործումը` որպես միջանցիկ օղակ, ձեռնտու է եւ ապահով:

– Այս գաղափարի դեպքում չկա՞ն մտավախություններ, որ Հայաստանը կարող է դուրս մնալ տարածաշրջանային այս ծրագրից, եւ նախապատվություն կտրվի Ադրբեջանով միջանցքի ստեղծմանը:

– Խոսքը երկու ուղիների մասին է: Այսինքն՝ եթե Հայաստանը մասնակցում է, ապա մասնակցում է Վրաստանի եւ Իրանի հետ միասին, այս դեպքում Ադրբեջանի տարածքի կարիքը չի լինի: Ադրբեջանի պարագայում էլ նրանք Հայաստանի մասնակցության կարիքը չեն ունենա: Մեր մտավախությունները, կարծում եմ, ամենեւին տեղին չեն: Հայաստանում շատ հաճախ տարբեր ծրագրերի հանդեպ արձագանքը առաջին հերթին հիմնված է լինում վախի կամ անհանգստության վրա` արդյոք մենք դուրս չե՞նք մնա, արդյոք մենք կարո՞ղ ենք, արդյոք դա վտանգավոր չէ՞ մեզ համար…

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ,
արեւելագետ Վարդան Ոսկանյանը

Կարծում եմ՝ մենք պետք է ավելի համարձակ լինենք ինչպես փորձագիտական, այնպես էլ պաշտոնական մակարդակում: Իրանի քաղաքական շահերից է բխում, որպեսզի Հայաստանը այս տարածաշրջանում լինի ուժեղ պետություն, որպեսզի Հայաստանը դուրս չմնա Իրանի մասնակցությամբ տարածաշրջանային ծրագրերից, որպեսզի Հայաստանը դուրս գա թուրք-ադրբեջանական շրջափակումից: Իրանն իր քայլերով չեզոքացնում է այն բոլոր ջանքերը, որոնք գործադրվում են տարբեր մակարդակներով Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի մեկուսացման ուղղությամբ: Իրանը մեզ համար այս հարցում կարեւոր դաշնակից է, որն իր քաղաքականությունը կառուցում է ոչ միայն զգացական հարթության վրա, այլեւ առաջին հերթին իր շահերից ելնելով, իսկ այդ շահերը պահանջում են Հարավային Կովկասում ուժեղ Հայաստանի, տրանսպորտային միջանցքի դերակատարում ստանձնած եւ շրջափակումից դուրս եկած Հայաստանի առկայություն:

– Անցյալ դեկտեմբերին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցից, ապա հունվարին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի` Թեհրան կատարած այցից հետո հայ-իրանական հարաբերություններում ի՞նչ կոնկրետ քայլեր են իրականացվում հարաբերությունների խորացման ուղղությամբ: Կարծես, Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծումից բացի, պաշտոնական Երեւանը այլ ռազմավարական ծրագրերով, օրինակ` ռազմական, էներգետիկ, առանձնապես հետաքրքրված չէ՞:

– Կարծում եմ՝ պաշտպանական եւ ռազմական գործակցության վերաբերյալ բազմազան եւ համապարփակ տեղեկատվություն ակնկալելն անտեղի կլինի, որովհետեւ ոլորտը կապված է անվտանգության հետ, հետեւաբար եթե տեղեկատվություն էլ լինի, ապա դա կլինի շատ սուղ կամ ընդհանրապես չի լինի, բայց այս ոլորտում Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները զարգանում են: Ինչ վերաբերում է տնտեսական հատվածին, ապա, բացի ձեր նշած ուղղություններից, հենց այս պահին ընթացքի մեջ է երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարությունը, եւ բացի այդ՝ Հայաստանն ակտիվորեն բանակցում է Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ գազային գործակցության ձեւաչափ ստեղծելու շուրջ: Հայաստանը բավական ակտիվորեն արդեն մուտք է գործում իրացման փուլ` Հայաստան-Իրան-Վրաստան գազային գործակցության հատվածում:

Մի կարեւոր հանգամանք էլ մենք չպետք է բաց թողնենք մեր ուշադրությունից` շատ հաճախ հիմնական ուշադրությունը սեւեռում ենք գլոբալ, խոշորածավալ ծրագրերի վրա, բայց թե՛ մարզերում, թե՛ Երեւանում իրականացվում են բազմաթիվ շատ ավելի փոքրածավալ, բայց մեր բնակչության վրա դրական իմաստով անմիջական ազդեցություն թողնող ծրագրեր. խոսքը վերաբերում է զբոսաշրջության, առողջապահության ոլորտներին, Հայաստանը եւ Իրանը համագործակցում են նաեւ առողջապահության բարձր տեխնոլոգիական հատվածում, որը վերաբերում է օնկոլոգիական հիվանդություններին, դեղագործությանը, բազմաթիվ այլ` պարենային արտադրության, գյուղատնտեսության ոլորտներում: Հայաստանն ու Իրանը վերջին շրջանում ունեն բավական սերտ գործակցություն մաքսային խնդիրների կարգավորման ուղղությամբ, հայ եւ իրանցի պաշտոնյաները նոր համաձայնագրեր են ստորագրել: Այնպես որ` գործընթացը գնում է, միգուցե ոչ այն ակտիվությամբ եւ ոչ այն ծավալներով, որոնք կցանկանայինք մենք` ՀՀ քաղաքացիներս, հաշվի առնելով Հայաստանի տնտեսական վիճակը, որն ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, բայց, այսուհանդերձ, գործընթաց կա, եւ այդ գործընթացը միանշանակ դրական ուղղվածության է:

– ԱՄՆ Սենատը հաստատեց Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու օրինագիծը։ Վաշինգտոնի կողմից Իրանի նկատմամբ այս նոր քաղաքականությունը ինչպե՞ս կանդրադառնա Հայաստան-Իրան հարաբերությունների, տարածաշրջանային քաղաքականության վրա, եւ պաշտոնական Երեւանն իրեն ինչպե՞ս պետք է դրսեւորի:

– Ամերիկյան կողմը եւ ընդհանրապես Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համատեքստում բոլոր կողմերը պետք է հստակորեն գիտակցեն, որ Հայաստան-Իրան կապերը մի քանի տարիների հարաբերություններ չեն: Մենք հազարամյա հարաբերությունների պատմություն ունեցող երկու ժողովուրդ եւ երկու պետություն ենք, հետեւաբար պետք է Հայաստանի պարագայում ակնկալվեն հատուկ մոտեցումներ: Այդ պատժամիջոցները չեն անդրադառնում կոնկրետ մեզ վրա, բայց եթե խոսենք լայն համատեքստում, ապա ակնհայտ է, որ Հայաստանը գտնվում է թշնամական շրջափակման մեջ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից: Ուստի մինչ Հայաստանին պահանջներ ներկայացնելը Իրանի հետ գործակցության համատեքստում` պետք է լուծվի այդ խնդիրը: Որեւէ պետություն թե՛ բարոյական, թե՛ քաղաքական հարթության մեջ իրավունք չունի պահանջելու սահմանափակել մեր գործակցությունն Իրանի հետ, քանի դեռ այդ պետությունը նախանձախնդիր չէ, որպեսզի վերացվի մեր երկրի շրջափակումը: Այս հարաբերությունները մեզ համար ոչ միայն տնտեսական-քաղաքական հարթություններում են, այլեւ ունեն կենսական նշանակություն մեր պետության եւ ժողովրդի անվտանգության ապահովման տեսանկյունից, հետեւաբար որեւէ մեկը չի կարող մեզ պարտադրել հրաժարվել մեր կենսական շահերից:

– Պարոն Ոսկանյան, ԱՄՆ նախագահի` Մերձավոր Արեւելք կատարած այցից հետո մի շարք երկրներ Կատարի հետ դիվանագիտական կապերը խզեցին: Իրանը, Թուրքիան աջակցում են Կատարին: Վերջերս աշխատանքային այցով Դոհա մեկնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հայտնի է, որ Կատարի ԱԳ նախարար Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման ալ-Թանիի հետ հանդիպմանն ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Փաստորեն, Հայաստանի, Իրանի ու Թուրքիայի շահերն այսօր որոշակիորեն համընկնո՞ւմ են այս հարցում, կարո՞ղ ենք այսպես ձեւակերպել:

– Ինչ-որ տեղ նման շահերի համընկնում կա: Հայաստանի ակտիվ քաղաքականությունը Պարսից ծոցի տարածաշրջանում եւ հատկապես Դոհա-Թեհրան-Երեւան հնարավոր տնտեսական, քաղաքական առանցքի ձեւավորումը միայն օգտակար կարող են լինել մեր երկրին: Մենք ոչ միայն կարող ենք օգտվել Կատարի ունեցած ֆինանսական հսկայական ավելցուկի ընձեռած հնարավորություններից` ակնկալելով ներդրումներ, զբոսաշրջային հոսքեր եւ այլն, այլեւ կարող ենք Կատարի հետ մեր հարաբերություններով որոշակիորեն հավասարակշռել նաեւ Թուրքիա-Կատար գործակցության մակարդակը:

Ինչ վերաբերում է Իրան-Թուրքիա հարաբերություններին` Կատարի շուրջ վերջին շրջանում ստեղծված իրավիճակի խորապատկերին, ապա ակնհայտ է, որ երկու պետությունների շահերի համընկնումը իրավիճակային է, եւ, կարծես թե, Իրանը վարում է հետաքրքիր քաղաքականություն` փորձելով տարածաշրջանում իր համար թշնամական վարչակարգ ունեցող պետությանը` Սաուդյան Արաբիային, դեմ հանդիման դուրս բերել տարածաշրջանում իր հետ մրցակցող պետությանը՝ Թուրքիային: Իրանական շահերի տեսանկյունից նման քաղաքականությունը խելամիտ է:

Ինչ վերաբերում է մեր վարած քաղաքականությանը Պարսից ծոցի տարածաշրջանում, ապա մի կարեւոր հանգամանք կա, որը պետք է մշտապես շեշտել` արաբական որեւէ երկիր Հայաստանի առջեւ կողմնորոշման կամ ընտրություն կատարելու խնդիր չի դրել, հետեւաբար վախերը, անհանգստությունները՝ կապված այն բանի հետ, որ Կատարի հետ հարաբերությունների խորացմամբ մենք կարող ենք փչացնել մեր հարաբերությունները արաբական այլ բարեկամ երկրների հետ, այնքան էլ տեղին չեն: Հայաստանը պահպանում է սերտ հարաբերություններ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, որը մասնակցում է հակակատարյան գործողություններին, Հայաստանն ավանդաբար հիանալի հարաբերություններ ունի Եգիպտոսի եւ արաբական այլ երկրների հետ: Մենք, ըստ էության, ունենք այս տարածաշրջանում գործելու բավական սահմանափակ հնարավորություններ, եւ որեւէ նվազագույն` մեզ համար շահ պարունակող գործակցությունից հրաժարվելը մեծագույն շռայլություն կլիներ մեզ համար, իսկ Կատարի հետ հարաբերությունների խորացումը միմիայն շահավետ է թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հարթությունում:

Հայաստանը ավանդաբար եղել է խաչմերուկ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Հենց նման կարգավիճակում ենք մենք մշտապես զգացել մեզ՝ ինչպես «ձուկը ջրում»: Հետեւաբար մի կողմից՝ Եվրոպայի, իսկ մյուս կողմից՝ Մերձավոր Արեւելքի հետ մեր գործակցության խորացումը մեզ համար խիստ բնական եւ ավանդական դերակատարության վերականգնմանն ուղղված չափազանց կարեւոր եւ խելամիտ քաղաքականություն է: Ի վերջո, մենք պետք է սկսենք թոթափել փակուղում գտնվողի, ըստ իս, վնասակար եւ անարդյունավետ մտայնությունը եւ ապրենք բանուկ կապող օղակ՝ մայրուղի դառնալու տեսլականով, որը բնորոշ է եղել մեր երկրին թե՛ բնական աշխարհագրական դիրքի, թե՛ մեր ժողովրդի բազմադարյա ջանքերի շնորհիվ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Լուսանկարը`
ԼԻԼԻԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ

«Առավոտ», 27.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930