Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դուբնայում երկնաքար են ուսումնասիրում` մարդկության ծագումը պարզելու համար

Հունիս 28,2017 16:00

Այն պահին, երբ Ղազախստանի, Բելառուսի եւ Հայաստանի լրագրողների խումբը գտնվում էր Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի լաբորատորիաներից մեկում, մի երիտասարդ գիտաշխատող ուսումնասիրում էր Շրի Լանկայում ընկած երկնաքարի բաղադրությունը: Միկրոօրգանիզմները, որոնք Անտոնը գտել էր ընկած երկնաքարում, հնարավոր է գոյություն ունենային նաեւ Երկրի վրա: Այս եւ մի շարք այլ ուսումնասիրությունների միջոցով, ինչպես ինստիտուտի գիտնականներն ասացին, փորձում են պարզել, թե մարդկությունը որտեղից է ծագել:

Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը գտնվում է Ռուսաստանում՝ Մոսկվայից 100-120 կմ հեռավորության վրա՝ Դուբնա քաղաքում: Այսօր այն համաշխարհային ճանաչում ունեցող գիտական կենտրոն է, որտեղ հիմնարար հետազոտությունները համադրվում են նորագույն տեխնոլոգիաների մշակման, ներդրման եւ համալսարանական կրթության հետ:

Լրագրողների այցը նշյալ ինստիտուտ հունիսի 19-21-ը «Ատոմէքսպո-2017» 9-րդ միջազգային համաժողովի շրջանակներում էր: Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը ստեղծվել է 1956 թվականին` 11 հիմնադիր երկրների կառավարությունների ներկայացուցիչների կողմից Մոսկվայում ստորագրված համաձայնագրի հիման վրա, որի նպատակն էր համախմբել իրենց գիտական եւ նյութական ներուժը՝ նյութի հիմնարար հատկությունները հետազոտելու համար:

Դուբնան քաղաքատիպ ավան է` 70 հազար բնակչությամբ, գիտաշխատողների ընտանիքները հիմնականում այստեղ են բնակվում: Հսկայական տարածք զբաղեցնող ինստիտուտի մուտքը խստացված ռեժիմով է, այստեղ ելքն ու մուտքը հսկում են ՌԴ-ի ազգային անվտանգության ուժերը` ավտոմատներով: Ներսում նկարահանումները մեծ մասամբ արգելված են: Ամեն մի լաբորատորիա մուտք գործելու համար նույնպես ԿԳԲ-ի աշխատակցի թույլտվությունն ու անցագիր է պետք: Այս ինստիտուտում իր աշխատասենյակն ունի ինստիտուտի Գ. Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, հայ մեծ գիտնական Յուրի Հովհաննիսյանը, որի անունով էլ` Oganesson (Og), անվանվեց Մենդելեեւի պարբերական աղյուսակի 118-րդ տարրը: Նոր գերծանր քիմիական տարրը հենց հայազգի գիտնականն էլ հայտնաբերել է:
Ինստիտուտի լաբորատորիաներից մեկում լրագրողներին մանրամասն ցուցադրեցին բոլոր այն ռեակտորները, որոնք նեյտրոնների (չեզոք լիցք ունեցող տարրական մասնիկ է, որը կազմում է ատոմի միջուկը) միջոցով ֆիզիկայում նորանոր բացահայտումներ էին անում: Ինստիտուտի տարածքում կային նաեւ շահագործումից դուրս եկած ռեակտորներ:
Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում հանդիպեցինք նաեւ ավագ գիտաշխատող Հրաչ Թորոսյանին: Մեզ հետ զրույցում պարոն Թորոսյանն ասաց, որ ներկայումս Հայաստանի հետ Դուբնայի ինստիտուտը երկու կարեւոր նախագիծ է իրականացնում, մեկը՝ Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտի, մյուսը` Գառնիի գեոֆիզիկայի դիտակայանի հետ:

Ֆիզիկայի ինստիտուտում մեծ արագացուցիչի ինժեկտորի վրա են աշխատանքներ կատարվում, Գառնիի դիտակայանի հետ էլ սեյսմակայունությանն առնչվող նախագիծ է իրականացվում` երկրակեղեւի տատանումները մեծ ճշտությամբ ֆիքսելու համար. «Դուբնայի կողմից լրացուցիչ գործիք պետք է դրվի, որը եղածների համեմատ ավելի զգայուն գործիք է, մեծ առավելություններ է տալու: Այդ աշխատանքները բարեհաջող ֆինանսավորվում են Դուբնայի կողմից»,- նշեց պարոն Թորոսյանը: Նրա խոսքով. «Բախտի բերմամբ Դուբնայում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչը Սամվել Հարությունյանն է` Գիտության պետական կոմիտեի ղեկավարը: Դա մեզ համար ձեռնտու տարբերակ է, որովհետեւ նրա միջոցով բոլոր խնդիրները՝ նախագծերի հետ կապված, շատ հեշտ տեղ են հասցվում»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
Մոսկվա-Երեւան

«Առավոտ»

27.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930