Լրահոս
Օրվա լրահոսը

Կինոդերասանի՝ «Պոնչոյի» գործով շտապօգնության բժիշկը միայն այտուց եւ կապտուկ էր տեսել

Հունիս 28,2017 15:30

Ճանաչված կինոդերասան Վահագն Սիմոնյանի՝ «Պոնչոյի» գործով երեկ Կենտրոն
եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց
նրա պաշտպանի՝ Լիաննա Բալյանի երեք միջնորդությունները:

Դատարան բերման ենթարկված բժիշկ Վարդան Գասպարյանը պաշտպանի շատ հարցերին պատասխանում էր՝ չեմ հիշում:

Զգալով, որ Զինված ուժերում ծառայությունը շարունակող վկան կաշկանդված է, նա հարցրեց բժշկին, թե արդյոք որեւէ մեկը նրան տեսե՞լ է, զանգե՞լ է, վկան պատասխանեց, չկա նման բան, այլ պարզապես երկու տարի է անցել:
Վկան դատավոր Գագիկ Պողոսյանի հարցին, թե արդյոք կցանկանա՞ փաստաբան ունենալ, ասաց, որ չի ցանկանում: Նա ասաց, թե ծանոթ չէ կողմերին, միայն գիտի արտիստին: Նա ասաց, որ 2015թ. օգոստոսի 24-ին «հասցեն տվել են» եւ նա գնացել է ոստիկանության Էրեբունու բաժին:

Ոստիկանության բաժնից նա Վահագն Սիմոնյանին տեղափոխել է 1-ին համալսարանական հիվանդանոց: «Կանգնած էր, չեմ հիշում: Ճանապարհին գանգատ չեմ նշել»: Բժիշկը պաշտպանի հարցին, թե նրա վրա արյան հետքեր կայի՞ն, կամ որ նստել էր աթոռին, հետք կա՞ր, պատասխանեց՝ չեմ հիշում: Հարցին՝ հիվանդն ասաց, թե իրեն ի՞նչ է պատահել, բժիշկն ասաց, որ իր համար այդ պահին առաջնահերթը հիվանդի վիճակն էր, եւ ոչ թե այն, թե ինչ է պատահել: Պաշտպանական կողմի համար անընթեռնելի էր «կանչի թերթիկի» բովանդակությունը: Բժիշկն առաջին պահերին նույնպես դժվարացավ դրա բովանդակությունը «վերծանելու» համար: Այնուհանդերձ, պարզվեց, որ կանչն ընդունվել է երեկոյան ժամը 20.40-ին, իսկ սպասարկվել 20.44-ին: Ըստ արձանագրվածի, հիվանդի ճակատն այտուցված էր, իսկ ձախ ոտքը կապտած, «մեծ քանակությամբ» ալկոհոլ օգտագործած: Հարցին, թե տաբատ կա՞ր Վահագնի հագին, ինչպե՞ս պարզեց ոտքի կապտուկը, վկան ասաց, որ նա սպորտային հագուստով էր, իսկ կապտուկը տեսել է՝ բացելով նրա ոտքը:

Կինոդերասանը շնորհակալություն հայտնեց բուժաշխատողին, որը կանչին արձագանքել է, սակայն ուզում էր իմանալ, թե դրանից հետո բժիշկը ոստիկանության բաժին գնացե՞լ է: Վկան պատասխանեց բացասական:

«Երբ տարաք հիվանդանոց, ի՞նչ արեցիք»,- հարցրեց պաշտպանը: Վկան ասաց, թե Վահագնը չցանկացավ մնալ այդտեղ, խնդրեց իրեն չհոսպիտալացնել:
Ապա հավելեց. «Եթե չեք մտել հիվանդանոց, ուրեմն լավ եք եղել»:
Դատախազի հարցին՝ հնարավո՞ր է վնասվածքներ լինեին, ինչն աչքի համար տեսանելի չլիներ, վկան պատասխանեց. «Քիչ հավանական է, բայց հնարավոր է»:
Բժիշկը բացառեց, թե արյունահոսություն կար, իսկ եթե վիրակապ լիներ, կամ վերքը մշակվեր պերեկիսով, ապա այդ մասին, ըստ նրա, կլինեին գրառումներ:
Հավանաբար վկայի թեական պատասխաններն էին պատճառը, որ պաշտպանը միջնորդեց, որպեսզի դատարան կանչվի նաեւ շտապ-օգնության բուժքույրը՝ Մալինա Մարգարյանը: Դատախազը գտավ, որ վկա բժիշկն անընթեռնելի ձեռագրով կանչի թերթիկը հրապարակել է, հետեւաբար, իմաստ չունի բուժքրոջն էլ կանչել դատարան: Մինչդեռ, ողջամիտ դիտորդի համար այդպես էլ պարզ չդարձավ, թե, ի վերջո, շտապօգնության մեքենայում ինչ է կատարվել, երբ Վահագն Սիմոնյանին ոստիկանության բաժնից տեղափոխում էին հիվանդանոց, արդյոք բուժքույրը դեղե՞ր է տվել, հանգստացուցիչներ, արդյոք Վահագնն անգիտակի՞ց էր, ինչպես պնդել էր նախորդ վկաներից մեկը:
Վահագնի կողքին այդ ժամանակ գտնված ականատեսը՝ փաստաբան Գեւորգ Մարտիրոսյանը, որը տեսել էր եւ դատարանում ցուցմունք էր տվել 2015թ. օգոստոսի 24-ին բակում Վահագնի եւ նրա աներոջ հարեւանի՝ Ռուբենի վեճը, հայտնել էր, որ իր կամքից անկախ՝ Վահագնը չսպանվեց: Ոստիկանները Վահագնին տարել էին բաժին, իսկ նա, ով քաղգործով Վահագնի փաստաբան ներկայացուցիչն է, եւ այդ պատճառով է դեպքի օրը եղել նրա հետ, ոստիկանության բաժնից դուրս գալիս տեսել է Վահագնին՝ սյան մոտ կանգնած: Կանչել են շտապօգնության բրիգադ եւ նրան տարել թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Երբ ինքը հասել է հիվանդանոց, բժիշկն ասել է, որ Վահագնի վնասվածքը ծանր է, նա ուղեղի ցնցում է ստացել եւ հրաժարվում է բուժօգնությունից: Ինքը նույնպես համոզել է, որպեսզի Վահագնը բուժօգնություն ստանա: Վերջինս, սակայն, ստորագրել է մի փաստաթղթի տակ, որով հրաժարվել է: Ըստ վկայի՝ ինքը փորձեր է արել Վահագնին համոզել վիրահատության, բուժօգնության հետ կապված, սակայն Վահագնը հրաժարվել է:
Պաշտպան Լիաննա Բալյանը միջնորդեց, որպեսզի դատարան գա եւ վկայություն տա տուժող Ռուբեն Գալստյանի դուստրը՝ Լիաննան, քանի որ նա միակն է, որը հայտնել էր, թե օգոստոսյան վիճաբանության ժամանակ ներկա է եղել նաեւ ընտանիքի մայրը: Նա դեռ չհասցրեց ցույց տալ իր ձեռքի տակ գտնվող լուսանկարները, երբ տուժողը տեղից բարկացած ոտքի կանգնեց, ասելով.

-Գնացեք ձեր կնիկներին նկարեք, սաղըդ դառել եք Շամշյան:

Դատարանը մերժեց նաեւ այս միջնորդությունը, պատճառաբանելով. «Լուսանկարների ձեռքբերման աղբյուրն անհայտ է»:

Նշենք, որ տուժողի դստերը դատարան հրավիրելու վերաբերյալ սա երկրոդ անգամ հնչեցված միջնորդությունն էր:

Մեղադրողի մի միջնորդությունը բավարարվեց. դա փաստաբան Գեւորգ Մարտիրոսյանի՝ բժշկին հնչեցրած ահազանգի ձայնագրությունն է, որի բովանդակության զննումից որոշ հարցեր կպարզվեն: Մասնավորապես՝ ինչ վիճակում է եղել Վահագնը, ինչ էր այդ ժամանակ ասում տուժողը:

Վերջինս, ի դեպ, համաձայն չէր վկա-փաստաբանի նախորդ նիստին տված ցուցմունքին, որով ականատես փաստաբանը հայտնել էր, թե իրեն առեւանգել են դեպքի վայրից, տղայի ձեռքին էլ «զենք» է եղել, եւ երեկ պահանջում էր սուտ մատնությանը գնահատական տալ:
Իսկ պաշտպանական կողմն էլ հակված է, որպեսզի դատարանում ասվածը դիտվի հաղորդում հանցագործության մասին, ինչը դատարանի մեկնաբանմամբ, կարող էր անել փաստաբան-ականատեսը կամ մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազը:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

27.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930