Լրահոս
Օրվա լրահոսը

«Բեմանկարչությունը գործող անձ է»

Հունիս 28,2017 15:00

Ցյուրիխում ուսանած բեմանկարիչ Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյանի մոտեցումները

Բեմանկարչությունը ներառում է դեկորների, զգեստների, բուտաֆորական իրերի ձեւավորում, դիմահարդարում եւ լուսավորում: Ընդամենը մի քանի անուն կարող ենք նշել, որոնք հանդես են գալիս եւ որպես բեմանկարիչներ, եւ որպես զգեստների ձեւավորողներ. Կարինե Օնանյանը՝ տիկինիկային թատրոնում, Լիլիթ Ստեփանյանը՝ մնջախաղի, Պատանի հանդիսատեսի եւ կոմեդիայի թատրոններում, Անուշ Ստեփանյանը՝ մնջախաղի թատրոնում:

Վերջին շրջանում տարբեր թատրոններում բեմանկարիչ եւ զգեստների ձեւավորող հանդիպում ենք Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյանին (լուսանկարում): Նրա մասնակցությամբ Համազգայինում Ֆրանկա Ռամեի «Սովորական օր» (ռեժիսոր՝ Սերժ Մելիք-Հովհաննիսյան), Սաշա Գիթրիի «Արի երազենք» (ռեժիսոր՝ Ժիրայր Փափազյան), Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում Ռիչարդ Կալինոսկիի «Հրեշը լուսնի վրա» (ռեժիսոր՝ Գրիգոր Խաչատրյան) բեմադրությունների պրեմիերաներից հետո մասնագետների կողմից ռեժիսորական ու դերասանական աշխատանքին զուգահեռ՝ նշվել է բեմանկարչի ու զգեստների ձեւավորողի անունը:

Դրվագ «Հովնան» ներկայացումից:

Վերջերս կայացած «Արմմոնո» փառատոնի շրջանակներում Նարինե Գրիգորյանի սցենարով ու խաղով «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» բեմադրության մեջ իսկապես հիանալի էին Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյանի հեղինակած դեկտորներն ու զգեստները: Արվեստագետը բարձրարվեստ ներկայացավ նաեւ օրերս Ազգային օպերային թատրոնում ֆրանսաբնակ ռեժիսոր Ժիրայր Փափազյանի՝ ժամանակակից եւ առաջին անգամ բնագրով ներկայացրած Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերա-բուֆֆայում:
«Առավոտի» հետ զրույցում տեղեկացանք, որ Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյանը ուսանել է Ցյուրիխի արվեստների ակադեմիայում, իսկ դիպլոմային աշխատանքը՝ ըստ Աստվածաշնչի ներկայացրած «Հովնան» բեմադրությունը (ռեժիսոր՝ Նարինե Գրիգորյան), պաշտպանել է Երեւանի տիկնիկային թատրոնում, ներկայացումն էլ ընդունել է Ցյուրիխի ակադեմիայից ժամանած համապատասխան հանձնաժողովը:

«Պոնտիուս Պիլատ» ներկայացումից:

«Ցյուրիխի ակադեմիայում ընդունված է, որ օտարազգի ուսանողները դիպլոմային աշխատանքները ներկայացնեն իրենց երկրներում: Իրենք՝ պրոֆեսորներն են հետաքրքրված նման աշխատաոճով: Շրջանավարտին այդ նպատակով տրվում է որոշակի գումար: Նշեմ նաեւ, որ գնահատող հանձնաժողովի անդամներն էլ սեփական միջոցներով են մեկնում այլ երկիր: Նրանց հետաքրքրում է ոչ միայն շրջանավարտի աշխատանքը, այլեւ տվյալ երկրի մշակույթն ընդհանրապես»,- հայտնեց Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյանը:
Հետաքրքրությանը, թե Եվրոպայում է՞լ բեմանկարիչները հաճախ հանդես են գալիս նաեւ զգեստների ձեւավորողներ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Արեւմուտքում դա ընդունված է, թեեւ նրանք էլ հաճախ արտահայտվում են, որ այդպես ճիշտ չէ: Ի դեպ, Ցյուրիխի ակադեմիան նոր-նոր է սկսել հագուստի ձեւավորողի մասնագիտությունը ներմուծել ուսումնական ծրագիր»:

Շվեյցարական Բյուլ քաղաքի թատրոնի Շեքսպիրի «Կամակորի սանձահարումը» ներկայացումից:

Զրույցի ընթացքում արվեստագետը հայտնեց, թե երկու ամիս առաջ հրավիրվել էր աշխատելու Շվեյցարիայի Խուար քաղաքի դրամատիկական թատրոնում՝ ըստ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» վեպի «Պոնտիուս Պիլատ» բեմադրության վրա (ռեժիսոր՝ Կատարինա Քրոմմե): Ավարտելուց մեկուկես ամիս հետո վերադարձել է Երեւան: «Երբեւէ մտքովս անգամ չի անցել ապրել ու ստեղծագործել Եվրոպայում, քանի որ տարիներ առաջ, երբ դեռ ուսանում էի Շվեյցարիայում, երբեմն-երբեմն գալիս էի Երեւան ու տեսնում էի, որ բեմանկարչության ոլորտում նորարարական ոչ մի քայլ չի արվում, իսկ նորարարությունը այն չէ, որ դերասանին հագցնես ջինս, կանգնեցնես բեմում… Պետք է ներկայացման մեջ ներմուծել ժամանակակից միջոցներ, թե չէ սովոր ենք, որ բեմանկարչությունը ընդամենը պետք է ֆոն լինի, մինչդեռ բեմանկարչությունը գործող անձ է»,- ասաց Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյանը:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

27.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930