Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ստույգ որոշում ունեմ` անպայման վերադառնալու եմ Հայաստան»

Հունիս 28,2017 14:30

Եվրոպայում հաջողությունների հասած երիտասարդը
իբրեւ կառավարիչ ուզում է կայանալ հայրենիքում

Գեւորգ Բաղդասարյանը սովորում է Լիոն 3 համալսարանի Ձեռնարկությունների կառավարման ինստիտուտի (IAE) Մարկեթինգի եւ վաճառքի բաժնի մագիստրատուրայում: «Առավոտի» հետ զրույցում նա նշում է, որ կրթությունն առաջին հերթին ցանկության, հետո նոր հնարավորությունների հարց է: «Միեւնույն ժամանակ պետք է նշեմ, որ եթե չլիներ իմ ծնողների օժանդակությունը, դժվար թե կարողանայի իրականացնել իմ բոլոր ծրագրերը եւ ստանալ այն կրթությունը, որ ստանում եմ այսօր: Բայց շեշտում եմ, որ դա առաջին հերթին ցանկության հարց է, նույնիսկ եթե մարդն ունի անսահմանափակ ֆինանսական ռեսուրսներ, բայց չունի գիտելիք, ցանկություն, ներքին մոտիվացիա, երբեք չի կարողանա համապատասխանել արտասահմանյան բուհերի չափանիշներին: Եթե անգամ դառնա ուսանող, դժվար թե հաջողության պատմություն ունենա»,-համոզված է մեր զրուցակիցը: Գեւորգը գտնում է, որ հայ ուսանողների համար ավելի դժվար է արտերկրում սովորելը, քան, օրինակ, եվրոպացիների:

«Եվրոպայում իմ բնակվելը եւ ուսումը կազմակերպում եմ ծնողներիս միջոցներով, ընդ որում՝ պետք է հաշվի առնել իմ ծնողների հայաստանյան աշխատավարձը, որը համեմատելի չէ եվրոպացու աշխատավարձի հետ: Միեւնույն ժամանակ, համալսարանական կրթությունն ինքնին թանկ չէ: Համալսարանի վճարը մեծ չէ, դու այնտեղ չես վճարում կրթության համար: Օրինակ, եթե ես այնտեղ տարեկան վճարում եմ կատարում, այդ վճարի ուղիղ կեսն իմ ապահովագրությունն է, մնացած 50 տոկոսի մեջ մտնում է գրադարանի վարձը, սպորտով զբաղվելու վճարները եւ այլն: Այնպես որ, կրթական համակարգը կախված չէ ուսանողի վարձից, որոշ առումով կարող ենք ասել, որ կրթությունը Եվրոպայում անգամ հայաստանցիների համար բավականին մատչելի է` համեմատած ԱՄՆ-ի ու Անգլիայի հետ: Այնտեղ խոսք է գնում տարեկան 20 հազար ֆունտի կամ 40 հազար ԱՄՆ դոլարի մասին, մինչդեռ եվրոպական մի շարք երկրներում, Ֆրանսիայում, Գերմանիայում, պետությունն իր վրա է վերցնում այդ պարտականությունները: Սա հեշտացնում է մեր գործը»,-ներկայացնում է մեր զրուցակիցը:

Գեւորգ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք` Հայաստանի հետ կապված ծրագրեր ունի՞, թե՞ որոշել է չվերադառնալ հայրենիք: «Ստույգ որոշում ունեմ` անպայման վերադառնալու եմ, հենց հիմա էլ իմ մասնագիտական պրակտիկան որոշել եմ անցկացնել Հայաստանում, որպեսզի չկտրվեմ Հայաստանից: Իմ բոլոր նպատակները, ամբիցիաները, ծրագրերը կապված են Հայաստանի հետ: Ես սովորում եմ կառավարման դպրոցում եւ Հայաստանն ինձ համար առաջին հերթին մասնագիտական նպատակ է, ոչ թե խնդիր: Եթե ես լավ կառավարիչ եմ եւ լավ կրթություն եմ ստացել, ուրեմն ես պետք է կարողանամ Հայաստանում կայանալ եւ լուծել իմ երկրի խնդիրները»,-պատասխանեց նա:
Գեւորգից տեղեկացանք, որ նա այս տարվա գարնանը Գրենոբլում արժանացել է Օվերն Ռոն -Ալպեր երկրամասի «Երիտասարդ դեսպան» ծրագրի առաջին մրցանակին: Երիտասարդը մշակել է «Մոն Բլանի անկյուն» ծրագիրը, որի նպատակն է աշխուժացնել Ծաղկաձորի լեռնադահուկային կայանը: Նրա խոսքով, «Երիտասարդ դեսպան» ծրագիրն ուղղված է արտասահմանցի ուսանողներին, տարեկան 14000 ուսանող է գալիս արտերկրից Լիոնում սովորելու, եւ նպատակն է նեգրավել արտասահմանցի ուսանողներին, ընդ որում՝ ընտրում են 100 հոգի լավագույններին` տարբեր երկրներից:

Հավելենք, որ Գեւորգ Բաղդասարյանը ավարտել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանը:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

27.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    Այս հարգելի Գեւորգ Բաղդասարյանը հենց հայտնվի Հայաստանում մի գեներալ Սեյրան, կամ Մանվել, կամ դրանց նման մեկը ասելու է․
    – Այ տղա, էսի Հայաստանն ա, էսի եվրոպաները չի քու համար, քեզ ինչ ասում են էնի էլ արա:
    Ու ամեն ինչ վերջանալու է․․․

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930