Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միգուցե մեզ էլ օգտակար կլինի Alliance Francaise-ի պես մի բան

Հունիս 28,2017 14:00

Եթե մեր կառավարությունը սփյուռքի, մշակութի նախարարությունների ու Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ միասին աշխատեն այս գաղափարի վրա, մենք պատրաստի միջոց ունենք տուրիստական բում, տնտեսական աճ ապահովելու եւ մեր մշակույթն արտասահմանում տարածելու համար: Պատկերացրեք Alliance Armռnienne կամ Armenian Alliance եւ դրա բոլոր օգուտներն ու բարիքները: Տարիներ առաջ մեր փոքրիկ քաղաքում, որի բնակչությունը հազիվ 40 հազարի է հասնում, մի անգամ ինձ հրավիրեցին մասնակցելու մի կազմակերպության հավաքույթի, որ կոչվում էր French Alliance: Բավական ժողովուրդ է հավաքվում ամիսը մեկ անգամ, որոնց մեծ մասը ֆրանսիացիներ չեն: Նրանք հետաքրքրվում են ֆրանսիական մշակույթով, խոհանոցով, լեզվով եւ Ֆրանսիա այցելությամբ: Ես, որ նոր էի վերադարձել Կանզաս քաղաքից ու այնտեղ տեսել էի Alliance Franջaise, հարցրեցի, թե արդյոք սխա՞լ կա, թե՞ պարզապես անունը թարգմանված է անգլերենով, որպես French Alliance: Ինձ ասացին, որ ոչ: Եթե մենք Alliance Franջaise համաշխարհային կազմակերպության անդամ լինենք, ապա անդամավճար պիտի վճարենք այդ կազմակերպությանը, բայց այսպես, նպատակը նույնն է, ու անվճար: Այստեղ ինչն է հետաքրքիր: Թե ֆրանսիացիներն ինչքան են կարողացել օտարներին հետաքրքրել իրենց մշակույթով, լեզվով ու երկրով, որ նույնիսկ գրեթե անճանաչ մի քաղաքում մարդիկ իրարից առաջ են ընկնում այդ մշակույթի ու անվան համար հավաքել եւ ուղիներ մտածել, թե ինչպես կարող են նույն նպատակին հասնել առանց անդամավճար վճարելու:

Alliance Armռnienne
կամ Armenian Alliance

Հիմա պատկերացրեք, եթե այսպիսի մի բան լիներ մեր հայոց համար: Պատկերացրեք, եթե Սփյուռքի բոլոր համայնքներում լինեին կառույցներ, որոնք հայ մշակույթը, Հայաստանի մասին հետաքրքրությունը, մեր լեզուն ու խոհանոցը հասցնեին օտարներին: Ինչքան կավելանար զբոսաշրջությունը դեպի Հայաստան, ինչքան դա կօգներ մեր տնտեսությանը եւ ինչքան մարդիկ կհետաքրքրվեին հայ մշակույթով ու լեզվով: Սկզբունքորեն սա անելը բավական հեշտ է, որովհետեւ մենք ունենք արդեն համապատասխան կազմակերպություններ Սյուռքում:

Հայ մշակութային միություն

Սփյուռքի գրեթե բոլոր համայնքներում կա մի գործուն կազմակերպություն, որ կոչվում է Հայ մշակութային միություն: Շատ ու շատ համայնքներում այսպիսի անունով կազմակերպություն կա, որոնք գործում են հիմնականում մեկը մյուսից անկախ: Տվյալ հայ համայնքի Հայ մշակութային միության հիմնական նպատակը հայ մշակույթն այդ համայնքի մեջ պահպանելն է: Հիմա պատկերացրեք, եթե բոլոր այս տեղական Հայ մշակութային միությունները մի քիչ թեքեին իրենց ուղղվածությունն ու նպատակ դնեին հետաքրքրել իրենց քաղաքներում բնակվող օտարներին Հայաստանով, մեր լեզվով ու հայ մշակույթով: Օրինակ, ասենք՝ հավաքվում են ամիսը մեկ անգամ երեկույթի: Առկա է հայկական խոհանոցը, պատկերներ ու ցուցադրումներ մեր մշակույթից եւ զրույցներ Հայաստանի մասին: Երբեմն կարող է լինել նաեւ մի հետաքրքիր գրքի ներկայացում: Եվ ամեն մի հայ անդամ իր հետ բերում է իր օտար ընկերներից մեկին: Արդյունքում՝ ամեն քաղաքում հավաքվում են 50-100 կամ ավելի մարդիկ, ովքեր կանոնավոր կեպով սկսում են հետաքրքրվել ու զբաղվել Հայաստանով: Սկսելը հեշտ է: Պարզապես պետք է Հայաստանում ստեղծել մի մայր կազմակերպություն, որը կհամագործակցի Սփյուռքի բոլոր Հայ մշակութային միությունների հետ ու կաջակցի նրանց գաղափարներով ու ծրագրերով:

Armenian Alliance-ի
օգուտները

Ես չգիտեմ, թե աշխարհի քանի հազար քաղաքներում հայ համայնքներ կան ու Հայ մշակութային միություններ, բայց եթե այս միությունները նպատակ դնեն զբաղվել ոչ միայն հայապահպանությամբ (որը միշտ չէ, որ հաջողվում է), այլ նաեւ հայ մշակույթն օտարներին հասցնելու գործով եւ նրանց մեզանով հետաքրքրելով, ապա տեսեք, թե ինչ ուղղակի եւ օժանդակ օգուտներ կարող ենք ունենալ: Նախ ասեմ, որ սա կօգնի, որ տեղական այս Հայ մշակութային միություններն ավելի արդյունավետ լինեն իրենց բուն նպատակի մեջ: Այսօր շատ դժվար է ԱՄՆ-ում ծնված ու մեծացած հայ երեխաներին հայ պահելը: Օտար մշակույթը գրավում է իրենց: Բայց եթե իրենք տեսնեն, որ հենց իրենց քաղաքի օտարներն են հետաքրքրվում ու զբաղվում Հայաստանով, հայոց լեզվով ու հայ մշակույթով, ապա իրենք էլ թասիբի ընկնելով՝ կսկսեն ավելի ջերմեռանդությամբ պահել ու տարածել այդ մշակույթը: Այսինքն՝ մի կերպ պահպանող վիճակից անցնում են տարածողի վիճակի: Բացի այս, օտարները սկսելու են սպառել մեր ապրանքները, սկսելու են օգտագործել մեր խոհանոցը: Հայաստանն ու հայոց լեզուն, մեր երգերն ու մեր մշակույթը լինելու է իրենց մտքերում ու հիշողության մեջ: Ու մի օր իրենք կգան Հայաստան, ետ կվերադառնան ու կպատմեն իրենց օտար ու հայ ընկերներին: Ու այսպես շրջանը կլայնանա իր մուլտիպլիկատիվ էֆեկտով:

 

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ»

27.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930