Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական մտածելակերպն օգնում է սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացմանը. Աստղիկ Մինասյան

Հունիս 27,2017 22:50

Հանրային ռադիոյի «Սպառողի ժամը» հաղորդման շրջանակներում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը խոսել է հասարակության մեջ սոցիալական աշխատողի դերի, նրա  հիմնական գործառույթների, ինչպես նաև այդ մասնագետների նկատմամբ ձևավորված հասարակական ընկալումների մասին:

Ըստ տիկին Մինասյանի՝ սոցիալական աշխատողը մասնագետ է, ով կանգնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի կամ ընտանիքի կողքին, նրա հետ համատեղ վեր հանում առկա խնդիրները, ունեցած ռեսուրսները և առաջարկում է լուծումներ: Սոցիալական աշխատողը աջակցության կարիք ունեցող քաղաքացու հետ քննարկում և գտնում է այն լուծումները, որոնք հնարավորություն կտան այդ անձին կամ ընտանիքին ինքնուրույն, իր իրավունքների շրջանակներում, ոտքի կանգնել:

«Այսօր աշխարհում ամենամեծ խնդիրը սոցիալական մեկուսացվածությունն է: Մենք էլ մեր շրջապատում կարող ենք տեսնել, որ, իսկապես, կան հասարակությունից, մինչև անգամ՝ ընտանիքի ներսում մեկուսացած անձինք: Սոցիալական աշխատանքի հիմնական նպատակներից է նման մարդկանց վերադարձնել հասարակություն, դարձնել լիարժեք քաղաքացի, լիիրավ մարդ»,- նկատել է Աստղիկ Մինասյանը:

Մասնագետի կարծիքով՝ հայկական մտածելակերպը բավականաչափ օգնում է սոցիալական աշխատողին մուտք գործել դժվարին իրավիճակում հայտնված ընտանիք: Այս պարագայում սոցիալական աշխատողը, ինչպես օրինակ՝ բժիշկը, պահպանում է անձնական գաղտնիքները և գործում է սահմանված խիստ էթիկետի շրջանակներում:

«Հանրապետության 6 տարբեր բուհերում կա «սոցիալական աշխատանք» մասնագիտությունը: Դա նշանակում է, որ պրոֆեսիոնալ աշխատանքի անհրաժեշտության պահանջ հասարակության կողմից ներկայացվում է, հետևաբար սոցիալական աջակցության մասին օրենքը, սահմանում է պարտադիր նորմ, որ սոցիալական աշխատողը պետք է ունենա մասնագիտացում: Հաշվի առնելով այն իրողությունը, որ դեռևս չունենք մասնագիտություն ձեռք բերած այդքան աշխատողներ՝ պրակտիկ աշխատողների համար անցումային դրույթներով նախատեսվել են հատուկ դասընթացներ, որոնք արդեն իսկ իրականացվում են»,- ասել է զրուցակիցը:

Աստղիկ Մինասյանի խոսքով՝  կարիքավոր անձինք, ընտանիքներն իրենք են հիմնականում գտնում սոցիալական աշխատողներին կամ դիմում են համապատասխան համալիր սոցիալական ծառայությունների մատուցման կենտրոններ և ստանում աջակցություն, սակայն լինում են նաև դեպքեր, որ սոցիալական աշխատողն ինքն է բացահայտում կարիքի մեջ գտնվող մարդկանց և առաջարկում իր օգնությունն ու աջակցությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930