Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սիրիահայերը տեղափոխվում են իրենց նախնիների հայրենիք. The Economist

Հունիս 27,2017 21:45

Երբ Սիրիայում 2011թ. պատերազմը բռնկվեց, այդ երկրում ապրող քրիստոնյա հայերից որոշ ունևոր ընտանիքներ տեղափոխվեցին Երևան, որտեղ բնակարաններ վարձեցին Հյուսիսային պողոտայի շքեղ շենքերում: Թվում էր, նրանցից ոմանք հետո պիտի ասեին, որ արձակուրդի են մեկնել: Կառավարությունը նրանց տեղ հատկացրեց դպրոցներում, որտեղ սիրիացի ուսուցիչները, ովքեր տեղափոխվել էին որպես փախստականներ, շարունակեցին դասավանդել երեխաներին սիրիական ծրագրով: Որոշ ժամանակ անցավ՝ հասկանալու համար, որ նրանք այլևս երբեք տուն չեն վերադառնալու, գրում է The Economist հեղինակավոր թերթը:

Սիրիայի՝ 6 տարի շարունակվող պատերազմը ստիպել է ավելի քան 5 մլն քաղաքացիների ապաստան գտնել այլ երկրներում: 2015-2016թթ. հարյուր հազարավորներ տեղափոխվեցին Բալկաններ՝ անվտանգություն փնտրելով Եվրոպայում: Բայց հազիվ թե սիրիահայերից մեկն այս ճանապարհն ընտրեր: Փոխարենը, շատերը գնացին Հայաստան: Արտագաղթի հակված բնակչությամբ Հայաստանն ուրախ է ողջունել սիրիահայերին, որոնց մեծ մասը ներկայացնում է միջին դասը, ունի բարձրագույն կրթությամբ կամ զբաղվում է գործարարությամբ:

Թերթը հիշեցնում է, որ նախքան պատերազմը Սիրիայում ապրում էր շուրջ 90 հազար էթնիկ հայ, նրանց երկու երրորդը՝ Հալեպում: Շատերը Օսմանյան ջարդերից հետո իրենց հայրենիքից փախուստի դիմածների ժառանգներ են: Նրանցից շատերի համար քաղաքական պատերազմը վերջ դրեց մեկդարյա պատմությանը: 61-ամյա գործարար Հրայր Ագուլյանը իր կյանքի ամբողջ խնայողությունները պատերազմից մեկ տարի առաջ ներդրել էր Հալեպում կահույքի արտադրության մեջ: Այժմ նա տեղափոխվել է Հայաստան: «Այն շարունակվել է 100 տարի, այժմ այն ավարտվել է,- ասում է պարոն Ագուլյանը:- Մերձավոր Արևելքում քրիստոնյաների համար ապագա չկա»:

Սիրիայում այժմ մնացել է առավելագույնը 30 հազար սիրիահայ: Շատերը տեղափոխվել են Լիբանան, Կանադա, Թուրքիա, Պարսից ծոցի երկրներ և այլուր: Մյուսները՝ շուրջ 30 հազարը, տեղափոխվել են հայրենիք (ոմանք այնտեղից էլ գնացել են այլ երկրներ): Սկզբում եկել են հարուստները, ում համար տեղափոխվելն ավելի հեշտ էր: Մյուսները փորձեցին սպասել Սիրիայում պատերազմի ավարտին և փախան միայն այն ժամանակ, երբ միջոցները սպառվեցին: Նրանք Հայաստան եկան ոչնչով:

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը ծնվել է Հալեպում, ասում է, որ փախստականներից շատերը փոքրիկ բիզնեսներ են հիմնել Հայաստանում: Սիրիայում հայ փոքրամասնության անդամները որակավորում ունեցող մասնագետներ են կամ արհեստավորներ. նրանց թվում շատ են ոսկերիչները, բժիշկները ինժեներները և արդյունաբերողները: Տեղի հայերին ուրախացնում է նորեկների բացած ռեստորանները, որոնք իրենց համեմունքներով խոհանոցը բերել են մի երկիր, որտեղ ուտելիքը (ու գրեթե ամեն ինչ) կրում է Ռուսաստանի ազդեցությունը, գրում է թերթը:

Փախստականների մեծ մասն ապաստան է գտել Երևանում, բացառությամբ մոտ 30 ընտանիքների, որոնք բնակություն են հաստատել Լեռնային Ղարաբաղում: Որոշ երիտասարդներ, որոնք կռվել էին սիրիական բանակում, այժմ կամավոր են գրվել շփման գծում, բայց նրանցից շատերը Հայաստանի քաղաքացիության համար չեն դիմել և ազատված են բանակային ծառայությունից:

Վազգեն Յակուբյանը, որը ժամանակին շինարարական ընկերություն էր ղեկավարում Դամասկոսում, այժմ գլխավորում է Հայկական բարեգործական ընդհանուր միության հայկական մասնաճյուղը: Նա ասում է, որ փախստականները դեռ գալիս են Սիրիայից, թեև ոչ մեծ թվով: Որոշ ընտանիքներ հետ են գնացել, հատկապես նրանք, ովքեր այնտեղ ունեցվածքի էին տիրապետում (գոնե միայն, որպեսզի փորձեն այն վաճառել): Որոշ սիրիահայեր կարծում են, որ իրենք պարտավոր են վերադառնալ. իրենց սփյուռքը հայկական քաղաքակրթության կարևոր ճյուղ է և պետք է պահպանվի:

Չնայած դրան՝ պարոն Օսկանյանը կարծում է, որ Սիրիա վերադարձածները այնտեղի համայնքի համար մեծ ապագա չեն տեսնում: Սիրիահայերն ամուր պաշտպանում էին Բաշար ալ-Ասադի վարչակարգին, որն էլ նրանց պաշտպանում էր մուսուլման ծայրահեղականներից: Բայց այդ կառավարությունը վերահսկում է Սիրիայի տարածքի միայն մի մասը, և ցանկացած խաղաղության պայմանագրի դեպքում Ասադի ճակատագիրն անորոշ է: Մինչդեռ Հայաստանի Սփյուռքի նախարարության պաշտոնյաները, որոնք պատրաստ չէին սիրիահայերի հոսքին, ռիսկի չեն դիմում: Նրանք գործողությունների ծրագիր են մշակում արտակարգ իրավիճակների համար, եթե հանկարծ նոր հակամարտություն բռնկվի Լիբանանում, եզրափակում է թերթը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930