Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Վահան Զատիկյանի որդու սպանության երկրորդ «պատվիրատուն»՝ Նարեկ Խաչատրյանը, քիչ առաջ դատարանի որոշմամբ, մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 15 տարի ազատազրկման:
15 տարի ազատազրկման դատավճիռը հրապարակվեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանի կողմից:
Նարեկ Խաչատրյանի պաշտպան՝ փաստաբան Վարդուհի Էլբակյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ անպայման բողոքարկելու են դատարանի վճիռը. «Շոկի մեջ ենք, կարծում եմ՝ անպայման կբողոքարկենք: Տասնչորս հատոր քրեական գործը եւ երկու տարվա դատաքննության արդյունքները դատարանը կարողանում երկու ժամում վերլուծել խորհրդակցական սենյակում եւ դատական ակտ կայացնել: Այդ ամենը խոսում է այն մասին, որ նախապես որոշված էր, այսինքն՝ ինչ ուզում էիր ասեիր, միեւնույնն է՝ դատավորը վճիռը գրել, պատրաստել էր: Դատարանը պետք է լիներ օբյեկտիվ ու ապացույցները գնահատեր, ոչ թե մտածեր՝ նախկինում եղել է այդ դատավճիռները այդ ոճով էլ գնար»:
Նրա խոսքով, դատաքննության ընթացքում իր պաշտպանյալի մեղքը չի հիմնավորվել. «Իհարկե, չհիմնավորվեց, եթե մի հոգի մի ապացույց բերվեց, ներկայացվեց, որ Նարեկ Խաչատրյանն այդ ամենի հետ կապ ունի, համենայնդեպս, մենք այդպես էլ նման տվյալ ձեռք չբերեցինք: Նախաքննության ընթացքում էլ առանց ապացույցի, առանց առերեսման, առանց ցուցմունքների, լրիվ աղճատված ապացույցներով, դատավարական կարգի էական խախտումներով գործը քննեցին, ուղարկեցին: Էլ ինչո՞ւ էինք երկու տարի պետության միջոցները վատնում դատարանում, թող ամենասկզբից էլ ասեր՝ մեկ է դատելու եմ, տալու եմ տասնհինգ տարի: Ձեր կարծիքով, ես մտածում եմ՝ դատարանը ապացույց հետազոտե՞ց կամ մտածում եմ՝ դատարանը գոնե լսե՞ց մեր ասածը, համոզված եմ՝ ոչ էլ լսեց, երեւի մտածում էր՝ շուտ ավարտեն, էս ինչ երկար են խոսում, չե՞ն հասկանում, որ դատավճիռ եմ տալու՝ էն էլ տասնհինգ տարի»:
Հիշեցնենք, որ Սեդրակ Զատիկյանը սպանվել է 2006թ. հունիսի 22-ին Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից: Զատիկյանի սպանությունը կատարելու և օժանդակելու համար դեռևս 2007-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով Ա. Առուշանյանը, Ա.Հովհաննիսյանը և Լ. Ղևոնդյանը դատապարտվել էին ազատազրկման, իսկ սպանության պատվիրատուների նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող` ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբի) եղբորորդին՝ Ստեփան Հակոբյանը, հայտնաբերվեց 2011 թվականի դեկտեմբերին: 2013-ի դեկտեմբերի 9-ին Մալաթիայի դատարանը Հակոբյանին մեղավոր ճանաչեց և դատապարտեց 15 տարվա ազատազրկման:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ