ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ:
2017թ. հունիսի 27-ին Արագածոտնի մարզի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, երեք դիմակավորված անձինք մուտք են գործել Շամիրամ գյուղի իր բնակարան, պահանջել գումար, սակայն ցուցաբերված դիմադրության արդյունքում դիմել են փախուստի:
Հաշվի առնելով, որ հաղորդումն առերևույթ պարունակում է հանցագործության հատկանիշներ՝ հունիսի 27-ին ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
Նախնական քննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2017թ. հունիսի 27-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած երեք անձինք, դիմակավորված, պատուհանի ցանցը հանելու միջոցով, ապօրինի մուտք են գործել Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի բնակչին պատկանող բնակարան, հարձակվել տանը գտնվողների վրա, ծեծի ենթարկել և պահանջել գումար: Սակայն բնակարանատիրոջ ցուցաբերած դիմադրության արդյունքում դիմակավորված անձինք դիմել են փախուստի:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք վկաներ: Պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան բաժնին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե