Ինչպես հայտնի է, Շիրակի նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանին երեկ նշանակել են «Արփի լիճ ազգային պարկի» տնօրենի ժ/պ։ ՀՅԴ-ն Շիրակի մարզպետի պաշտոնում Հովսեփ Սիմոնյանին փոխեց արևմտյան կրթություն ստացած՝ամերիկյան համալսարանում ու Մեծ Բրիտանիայում ուսանած Արթուր Խաչատրյանով։ Ու քանի որ Հովսեփ Սիմոնյանին խոստացել էին անգործ չթողնել, նրան առաջարկվեց Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում գտնվող «Արփի լիճ ազգային պարկի» տնօրենի պաշտոնը, որն, ի դեպ, բավական պատասխանատու է, քանի որ գործ ունենք Հայաստանի չքնաղ տեղանքներից մեկի բնությունը պահպանելու, գողությունները, մասնավորապես ձկնագողությունը կանխելու ու տուրիզմը զարգացնելու հետ։
«Արփի լիճ ազգային պարկի» տնօրեն Արա Պետրոսյանը, սակայն Aravot.am-ի հետ զրույցում պնդեց, որ իր համար անակնկալ է եղել իրեն պաշտոնազրկելն ու Հովսեփ Սիմոնյանին իր պաշտոնում նշանակելը։ Տվյալ դեպքում Արա Պետրոսյանին օրենքով սահմանված կարգով նախապես ծանուցագիր չի տրվել, բնապահպանության նախարարությունից չի նախազգուշացվել իր հետ կնքած պայմանագիրը դադարեցնելու մասին։ «Ինձ ամիս 22-ին են տեղեկացրել, որ 23-ից իմ աշխատանքային պայմանագիրը լուծարել են»,- ասաց մեր զրուցակիցը։ Մեր ճշտող հարցին՝այդ ընթացքում խոսակցություններ չէի՞ք լսել, որ Շիրակի նախկին մարզպետին պիտի նշանակեն ձեր պաշտոնում, Արա Պետրոսյանն ասաց․ «Ոչ, ես այսօր եմ իմացել, ներկա պահին էլ ընդունման-հանձման գործընթացի մեջ եմ»։
Արա Պետրոսյանն ասաց, որ բողոքարկելու է բնապահպանության ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի՝ իրեն ազատելու որոշումը, քանի որ իր պաշտոնավարման մոտ 3,5 տարիների ընթացքում ոչ մի թերացում չի նկատվել իր գործունեության մեջ, ոչ մի նկատողություն՝ ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր չի ստացել, կարգապահական ո՛չ մի տույժի չի ենթարկվել, ընդհակառակը և՛ ռուս սահմանապահներից, և՛ տարբեր դպրոցներից, կազմակերպություններից շնորհակալագրեր է ստացել աշխատանքի ճիշտ կազմակերպման համար։
Մեր դիտարկմանը, որ Շիրակի դատախազություն քրեական գործ կա հարուցված, ձեզ մեղադրանք է առաջադրվել պաշտոնավարման ընթացքում գումարներ յուրացնելու կասկածանքով, Արա Պետրոսյանն ասաց․«Կա անմեղության կանխավարկած, դա քննարկելն առայժմ ժամանակավրեպ է, մեղադրանքը կընդունեմ այն ժամանակ,երբ դատարանը որոշի»։
Մեր դիտարկմանը, թե ձեր խոսքերից այնպիսի տպավորություն ստացանք, որ ՀՅԴ-ն խլեց ձեզանից պաշտոնը, այդպե՞ս է, Արա Պետրոսյանն ասաց․«Որակումները թողնում եմ ձեզ»։
Նշենք, որ Արա Պետրոսյանն անկուսակցական է,ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ամենամոտ ընկերներից է։
Ի դեպ, նշենք, որ այս պաշտոնը ՀՅԴ-ն տևական ժամանակ խոստացել էր իր մեկ այլ կուսակցի՝ «Արփի լիճ ազգային պարկի» փոխտնօրենի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Ալեքյանին։ Aravot.am-ը Գևորգ Ալեքյանին հարցրեց՝ ճի՞շտ է արդյոք, որ իրեն էին խոստացել այդ պաշտոնը, բայց նշանակեցին Հովսեփ Սիմոնյանին, Գևորգ Ալեքյանը հրաժարվեց մեկնաբանել, միայն ասաց․ «Կուսակցությունը որոշել է Հովսեփ Սիմոնյանին նշանակել, կուսակցության որոշումն է, բոլորս էլ ենթարկվում ենք կուսակցության որոշմանը, ես կաշխատեմ տեղակալի պաշտոնում, որևէ խնդիր չունեմ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ