Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է ռազմական գործակցություն սկսել Հնդկաստանի հետ եւ սերտացնել հարաբերությունները հակասաուդական ուժերի հետ. քաղաքագետ

Հունիս 27,2017 22:30

Երկու երկրներ կան, որոնք չեն ճանաչում Հայաստանի անկախությունը` Սաուդյան Արաբիան ու Պակիստանը: Նրանք դա բացատրում են ԼՂ խնդրով, Ադրբեջանին այս հարցում անվերապահ աջակցում են: Բայց արդյոք Ադրբեջանին հաճոյանալու քաղաքականությո՞ւն է այս երկու երկրների դիրքորոշման հիմքում, թե՞ այլ պատճառներ էլ կան, եւ Հայաստանը քայլեր ունի՞, «Առավոտ»-ը հարցրեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանին:

«Սաուդցիներն իրենց ազդեցության գոտի են ուզում տեսնել նաեւ Հայաստանը, իհարկե՝ առանց հայերի: Եվ քանի որ դիվանագիտությունը նրանց համար միայն իրենցից ուժեղներին սիրաշահելով խաբելու գործիք է՝ ապա Հայաստանի հետ բացահայտ թշնամությունն անգամ չեն էլ թաքցնում: Պետք չէ մոռանալ, որ յոթերորդ դարում այսօրվա սաուդցիների նույնքան բարբարոս նախնիներն էին, որ ասպատակեցին եւ գրավեցին Հայաստանը՝ ոչնչացնելով եւ թալանելով այն ամենը՝ ինչ հարմար գտան: Այսօրվա սաուդցիներն ավելի հավակնոտ են, ավելի կրոնամոլ, ավելի վտանգավոր եւ ավելի հաջողակ: Ավելի մեծ է նաեւ նրանց ախորժակն ու շոշափուկները: Հայաստանը արաբական-վահաբական նոր խալիֆայության երազի ճանապարհին ուղղակի մի կետ է քարտեզի վրա, որն սաուդցիների կարծիքով անգամ ուշադրության արժանի չէ: Պակիստանն, իր հերթին, Ադրբեջանի հետ սերտ համագործակցություն է զարգացնում: Դրա նախաձեռնողն Ադրբեջանն է, որ անշուշտ, զինտեխնիկայից բացի՝ նաեւ նպատակ ունի առաջիկա պատերազմի ժամանակ ներմուծել պակիստանյան ֆանատիկոսների՝ հայերի դեմ պատերազմելու համար», նշեց քաղաքագետը:

«Ոչինչ չանելը Հայաստանի մոդուս օպերանդի է: Եվ սաուդցիների դեմ ոչինչ անել Հայաստանում, իհարկե, չեն կարող: Փոխարենը կարող են սերտացնել հարաբերությունները հակասաուդական ուժերի հետ, իսկ դրանք քիչ չեն: Պակիստանի հարցում ամեն բան առավել պարզ է: Անհրաժեշտ է ռազմական գործակցություն սկսել Հնդկաստանի հետ եւ քաղաքականապես բոլոր միջազգային ատյաններում անվերապահորեն աջակցել Հնդկաստանին: Անհրաժեշտ է նաեւ որոշակի կապեր հաստատել Աֆղանստանի կառավարության հետ, որ լուրջ հակասություններ ունի Պակիստանի հետ: Այդ երկու ուղղություններն էլ Հայաստանի կողմից որբ են մնացել: Դրանք մասշտաբային քաղաքական երեւակայություն եւ լուրջ աշխատանք են պահանջում, որն ուղղակի չկա Երեւանում», հավելեց մեր զրուցակիցը:

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ` կարդացեք հունիսի 28-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Լուսանկարը` Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930