Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՄՆ փրկօղա՞կ, թե՞ ներդրումային ձեռնոց Հայաստանի իշխանություններին. հայ-ամերիկյան էներգետիկ կրքեր-1

Հունիս 27,2017 16:19

Ստյոպա Սաֆարյան

ՄԱՀՀԻ հիմնադիր, հետազոտական ծրագրերի ղեկավար

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

2017թ. մայիսի 17-ին վերականգնվող էներգետիկայի զարգացման համաժողովի ժամանակ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունն այդ բնագավառում ամերիկյան ընկերությունների հետաքրքրությունների ու 8 մլրդ ԱՄՆ դոլար ներդնելու հնարավորության մասին հուժկու երկրաշարժի էֆեկտ թողեց, որի հետցնցումները մինչ այժմ շարունակվում են:

Մայիսին արված հայտարարությանն իշխանության մակարդակով ցուցաբերված լռությունը, որն այդ ժամանակ ուղեկցվեց փորձագիտական ծավալվող մեկնաբանություններով, իսկ այժմ արդեն նաև՝ կառավարություն-ԱՄՆ դեսպան հեռակա երկխոսությամբ, խոսում է հայ-ամերիկյան հարաբերություններում ծագած որոշ խնդիրների մասին:

Ծավալվող բանավեճն օրեցօր վեր է հանում խնդրի բավական անսպասելի ու նուրբ շերտեր: Իսկ դեսպանի հայտարարությունը ՀՀ կառավարության և ողջ իշխանությունների համար դարձել է կատարյալ մարտահրավեր՝ նախագահից մինչև վարչապետին ու կառավարությանը նետված ամերիկյան ձեռնոց, այն դեպքում երբ 2015թ. դա փրկօղակ էր Հայաստանի ու նրա իշխանությունների համար:

Թե ինչու ԱՄՆ դեսպանը հանկարծ մայիսին որոշեց մինչ այդ առավելապես բարձրաստիճան պաշտոնյաների սենյակներում ընթացած անաղմուկ ու տևական քննարկումներից փակագծեր բացել, ինչո՞ւ հրապարակայնացրեց Հայաստանի իշխանությունների՝ ամերիկյան կողմին արած առաջարկն ու ակնարկեց ինչ-ինչ նախկին պայմանավորվածություններ, թերևս չափազանց կարևոր է ամերիկյան ձեռնոցի պատճառներն ու այսբերգի չերևացող մասը տեսնելու համար:

Իրականում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը նաև թեսթ է Հայաստանի իշխանությունների համար, թե որքանով են նրանք շահագրգռված մնում Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ու դրա ցանկացած նորաբաց հնարավորություն օգտագործելու հարցում, հատկապես, երբ նրանք առավել լավ գիտեն ու ամեն օր համոզվում են, թե միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով ինչ հեռանկարներ են սպասվում Հայաստանի տնտեսությանը ԵԱՏՄ-ում: Իսկ այդ կառույցին անդամակցելիս Հայաստանի իշխանությունը ջանք չէր խնայում ուժի այլ համաշխարհային կենտրոններին համոզելու, թե իրենք տնտեսական ու անվտանգության քաղաքականությունների դիվերսիֆիկացման ջատագովն են:

Վերջապես, այն ի հայտ է բերում նաև Արևմուտք-Ռուսաստան դիմակայության մի նոր շերտ՝ թեժ պայքար ու մրցակցություն Հայաստանի համար ու Հայաստանում և Հարավային Կովկասում էներգետիկայի բնագավառում: Արդ, մեծագույն հարց է, թե ինչպես կկարողանան Հայաստանի իշխանությունները կա՛մ դրանք հաշտեցնել հայաստանյան հարթակում, կա՛մ խուսանավել հակասությունների միջև, կա՛մ էլ սպասարկել կողմերից մեկի աշխարհատնտեսական շահերը՝ Հայաստանի ազգային շահերն ամբողջովին, մասնակի բավարարելու կամ ընդհուպ զոհաբերելու գնով:

 ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «…ՀԱՅ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԽՐԱԽՈՒՍՎՈՒՄ Է»

Ներկայիս զարգացումների ակունքները հասնում են մինչև 2015թ. գարուն, իսկ հիմքն Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրն է (TIFA): Այն մայիսի 7-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ Վաշինգտոնում ստորագրեցին[1] Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Դեն Մուլանին։ Դրանով կողմերը «հավաստում են իրենց մտադրությունը՝ ստեղծելու բարենպաստ պայմաններ ներդրումների և երկու երկրների միջև ապրանքաշրջանառության, առևտրի խրախուսման համար», «ձևավորում են Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդ, որի հանդիպումներն անց են կացվելու առնվազն տարին մեկ անգամ», և որը «կոչված է բացահայտելու երկկողմ ներդրումների և առևտրի նոր ոլորտներ և աշխատանքներ տանելու դրանց զարգացման ու այդ ճանապարհին հնարավոր խոչընդոտների վերացման ուղղությամբ»։

Հատկանշական է, որ Համաձայնագիրը կնքվեց մի տարում, երբ հունվարի 1-ից Հայաստանն այլևս Եվրասիական տնտեսական միության անդամ էր, որի պատճառով ԵՄ-Հայաստան հարաբերությունները ոչ միայն տնտեսական, այլ նաև մյուս հարթությունների վրա հայտնվեցին մեծ անորոշության մեջ՝ այդ կառույցում Հայաստանի ստանձնած նոր պարտավորությունների պատճառով: Սակայն, ի տարբերություն ԵՄ-ի, ԱՄՆ-ը չխուսափեց հենց նույն՝ տնտեսական դաշտում պայքարել Հայաստանի հետ իր հարաբերությունների ընդլայնման համար՝ չխորշելով ո՛չ տնտեսական հարթության վրա Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման հեռանկարից, ո՛չ էլ նոր պարտավորություններով պայմանավորված անորոշություններից:

Վաշինգտոնի ու Երևանի միջև կնքված պայմանագիրը դրա վառ ապացույցն էր, որտեղ ամերիկյան շահագրգռություններից զատ առկա էր նաև հայկական կողմի շահագրգռությունը, հատկապես, երբ ԵԱՏՄ տնտեսական հեռանկարների վերաբերյալ ոչ տեղացի, ոչ էլ արտերկրյա փորձագիտական գնահատականները լավատեսության հիմք չէին տալիս Ռուսաստանի դեմ խստացվող տնտեսական պատժամիջոցների ու միջազգային շուկայում էներգակիրների գների անկման խորապատկերին:

Դրանից զատ հայկական կողմը, թերևս, նաև գիտակցում էր երկրի ու իրենց՝ Ռուսաստանից մեծացող կախվածության բոլոր հետևանքները քաղաքական, տնտեսական ու անվտանգության առումներով, ուստի ամերիկյան կողմի առաջարկը հայկական կողմի համար փրկօղակ էր դառնում հավասարակշռելու երկրի արտաքին քաղաքականության 2013թ. սեպտեմբերի 3-ի պարտադրված խոտորումն ու պահելու Հայաստանի համար ռազմավարական նշանակության հարաբերություններն այլ ուժային կենտրոնների հետ նույնպես:

2015թ. մայիսի 7-ին Վաշինգտոնի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ խոսելով[2] Հայաստանում ամերիկյան կապիտալով 400-ից ավելի ընկերությունների մասին, վկայակոչելով Հայաստանի պատմության ընթացքում ամենախոշոր ամերիկյան ներդրումը՝ «Կոնտուր Գլոբալ» ընկերությանն իր 250 մլն ԱՄՆ դոլարի հասնող ներդրումային կապիտալով, Սերժ Սարգսյանն ասել էր. «Եվ պատահական չէ, որ քիչ առաջ մենք ստորագրեցինք Հայաստանի և ԱՄՆ-ի միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը (TIFA), որն արձանագրում է Հայաստանի տնտեսության, ինչպես նաև հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ոլորտում մեր հաջողությունները և փոխգործակցության նոր դռներ է բացում: Սա նշանակում է, որ երկու երկրների գործարարների միջև համագործակցությունը պետականորեն խրախուսվում է»:

Այնուհետև նա ամերիկահայերին և ամերիկացի գործարարներին հորդորել էր «ակտիվորեն ներգրավվել Հայաստանի Հանրապետության պետականաշինության գործում», «բարեգործությունից անցնել փոխադարձ շահութաբեր գործընկերությանը», «հատկապես, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը նոր հնարավորություններ է բացում այսպիսի գործունեության համար: Մենք ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի հետ ունենք «Արտոնությունների ընդհանրացված համակարգից» (GSP) օգտվելու հնարավորություն, իսկ Եվրամիության հետ օգտվում ենք «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգից» (GSP+), սա նշանակում է, որ հայ գործարարների համար նոր շուկաներ են բացվել»:

Թեպետ այդ ժամանակաշրջանում նույնաբովանդակ ելույթներ Սերժ Սարգսյանն այլ երկրներում էլ ունեցավ, սակայն արժե արձանագրել, որ ամերիկյան գործարարների առջև նա բարձրագույն մակարդակով երաշխավորություն է տվել «պետականորեն խրախուսելու» ամերիկյան ներդրումներն ու հայ-ամերիկյան համագործակցությունը, կոչ արել ոչ թե զգուշանալ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության փաստից, այլ ճիշտ հակառակը՝ օգտվել նորաբաց հնարավորություններից՝ (GSP) և (GSP+) արտոնությունների համակարգով ու հայկական բիզնեսի միջոցով ներթափանցելով նոր շուկաներ:

Եթե անգամ ամերիկացի գործարարները չմտածեին էլ այդ “նորաբաց” ընդարձակ շուկայի մասին, հատկապես, երբ Ուկրաինայի խնդրով Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները հանվելու կամ մեղմանալու նշաններ ցույց չէին տալիս, սակայն հաստատապես կցանկանային հավաստիանալ գոնե Հայաստանում խաղի կանոնների կանխատեսելիության, հստակության ու հավասարության հարցում:

Ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, կողմերն ակնհայտորեն քննարկել էին դա, և, ակնհայտորեն, Երևանն ու Վաշինգտոնը բարձր մակարդակով պայմանավորվածություններ էին ձեռք բերել, որոնց բովանդակությունը քիչ անց պարզ դարձավ ԱՄՆ դեսպանի՝ Հայաստանում ծավալած հրապարակային գործունեության ընթացքում:

 ԿՈՌՈՒՊՑԻԱ-ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԹԵՄԱՅՈՎ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՔՐԻԿ ՍԿԱՆԴԱԼ

2015թ. սեպտեմբերի 16-ին հյուրընկալվելով «Ազատություն» ռադիոկայանին՝ ԱՄՆ դեսպանը բավական բաց տեքստերով խոսեց թե՛ ամերիկյան հնարավոր ներդրումների, թե՛ նաև Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ու նրանց միջև առկա կապի մասին[3]: Հատկանշական է, որ հարցազրույցն անմիջապես հաջորդում էր 2015թ. ամռանը «Ո՛չ թալանին» կարգախոսով բռնկված «Էլեկտրիկ Երևան» քաղաքացիական շարժմանը, որը կոռուպցիայի ու թալանի աննախադեպ մասշտաբներ ջրի երես հանեց[4] 2005թ. ռուսական Inter RAO UES սեփականությունը դարձած Հայաստանի Էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերությունում: Եվ դա բավական ակնառու դիդակտիկ նյութ էր բոլորի, այդ թվում՝ դեսպանի համար՝ միմյանց փոխկապակցելու կոռուպցիան, բիզնեսն ու օտարերկրյա ներդրումները:

Նա մասնավորապես հայտարարեց, թե «կոռուպցիան խոչընդոտում է Հայաստանի ժողովրդի հետ մեր ունեցած ընդհանուր շահերի կենսագործումը, խանգարում է մեր ընդհանուր նպատակների իրականացմանը, խանգարում է մեր հարաբերություններին, <…> Կոռուպցիան խոչընդոտում է տնտեսական աճը, վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը և անգամ, կարծում եմ՝ այն երկրի ազգային անվտանգությունը, որտեղ կոռուպցիա կա, քանի որ արտաքին ուժերը կարող են վերահսկել ձեր երկրի զարգացումը: <…> Եվ հարցն այն է, թե արդյոք պետությունն ունի կոռուպցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ գործիքները և կամքը, և արդյո՞ք կա այն քաղաքացիական հասարակությունը, որը պատրաստ է համագործակցել իշխանությունների հետ և օգնել այդ պայքարում: Եվ այստեղ մեր նպատակն է օգնել Հայաստանի իշխանություններին՝ ունենալու պահանջվող գործիքները, օգնել քաղաքացիական հասարակությանը, հայ ժողովրդին՝ ոտքի կանգնելու և ուշադրության կենտրոնում պահելու կոռուպցիայի խնդիրը, օգնել պայքարելու դրա դեմ»:

Քաղաքացիական հասարակության մասին ակնարկում դեսպան Միլսն անուղղակի կոչ էր անում նրա ներկայացուցիչներին ոչ թե թևաթափ լինել «Էլեկտրիկ Երևան» զանգվածային շարժման ձախողումից, այլ համագործակցել իշխանությունների հետ էներգետիկ ոլորտում սկանդալի առարկա դարձած կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, հատկապես, երբ Սերժ Սարգսյանն իր ելույթում նման առաջարկ էր արել երիտասարդ քաղաքացիական ակտիվիստներին՝ նախ զրուցելու, իսկ դրա մերժումը ստանալուց հետո՝ նաև ներգրավվելու Հայաստանի Էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերության աուդիտում: Հիշեցնենք՝ Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ 2015թ. հունիսի 27-ի խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց[5]. «Երեկ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ մենք խոսել ենք այն մասին, որ ճիշտ կլիներ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտի անցկացման հնարավորությունը նրանց ամբողջ գործունեության ընթացքի համար՝ փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Այո, խնդիրները, որ կարող են լինել դուստր ձեռնարկությունում, մեր պետական մարմինների աշխատանքով առավելագույնս դուրս են սակագնի հաշվարկից, այնուամենայնիվ, այդ ընկերության հնարավոր խնդիրները մեզ հետաքրքրում են, քանի որ մենք, որպես պետություն, շահութահարկի մասով հետաքրքրված ենք ընկերության շահույթի մեծությամբ: Այս առումով աշխատանքը կարևոր է ոչ միայն ռուսական կողմի համար, այլև Հայաստանի համար»:

Վերադառնալով ԱՄՆ դեսպան Ռ.Միլսի ծավալուն հարցազրույցին, դրանում բավական խոսուն էր հատկապես այն հատվածը, որտեղ նրան հարց է ուղղվում, թե ինչ կլինի, եթե Հայաստանի Հակակոռուպցիոն խորհուրդը տապալվի. «Ես չեմ ուզում ենթադրել, որ նրանք կտապալվեն, քանի որ չեմ կարծում, որ այդպիսի բան կլինի: Սակայն, կարծում եմ, որ եթե մենք չկարողանանք լուծել կոռուպցիայի խնդիրը, որը լուրջ խնդիր է այս երկրում և մեծ դեր ունի Հայաստանի ամենօրյա կյանքում, դա մեծապես կազդի մեր հարաբերությունների վրա շատ կոնկրետ ոլորտներում, օրինակ՝ ներդրումների: Ես մեծ ջանքեր եմ գործադրում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրային հարաբերությունները, ներդրումները խրախուսելու ուղղությամբ: Ես կարծում եմ, որ հիմա ժամանակն է կենտրոնանալու դրա վրա: Սակայն ամերիկյան ներդրումներ հրապուրելու համար ներդրողները պետք է իմանան, որ մուտք են գործում մի միջավայր, որտեղ բոլորին նույն կերպ են վերաբերվում, որտեղ անարդար մրցակցություն չկա, պետական ծառայությունները հավասարապես հասանելի են բոլորին: Եվ եթե հակակոռուպցիոն խորհուրդը չլուծի այս խնդիրները, կարծում եմ՝ դա կվնասի այստեղ ներդրումներ կատարելու հնարավորությունները: <…> երբ ամերիկյան ընկերությունը վստահ է, որ ստեղծված են արդար մրցակցության պայմաններ, որ իր նկատմամբ վերաբերմունքը կլինի նույնը, ինչ մյուսների, այդ ներդրումները կլինեն: Ահա թե ինչու ես կուզենայի, որ հակակոռուպցիոն խորհուրդը հաջողության հասներ»:

Ի դեպ, այդ հարցազրույցում ԱՄՆ դեսպանը հաստատում է, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են Հայաստանում տեսնել ոչ միայն ամերիկահայերի, այլ ընդհանրապես ամերիկյան գործարարների ներդրումային ծրագրերը, որոնք «բերում են գործունեության, մենեջմենթի միջազգային փորձը, նրանք նվիրված են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներին, և դա այստեղ գնահատում են», իսկ ինքն էլ հավատում է իշխանությունների այդ անկեղծությանը:

Այդուհանդերձ, դեսպանը վերստին հիշեցրեց. «Հայկական կենսակերպում և հայաստանյան կառավարման համակարգում թափանցիկության, հաշվետվողականության սկզբունքների ապահովումը ներդրված է մեր բոլոր ծրագրերում, դա մեր ցանկացած նախաձեռնության բաղկացուցիչն է: <…> Մենք աշխատելու ենք այս խորհրդի (Հակակոռուպցիոն-հեղ.) հետ, սակայն, ինչպես արդեն ասացի, մենք ակնկալում ենք գործողություններ, միայն խոսքերը բավարար չեն: Մենք մշտապես գնահատելու ենք խորհրդի հետ մեր համագործակցությունը, և եթե ժամանակի ընթացքում չտեսնենք կոռուպցիայի դեմ պայքարի այն նվիրվածությունը և այն գործողությունները, որոնց մասին խոսում են վարչապետն ու խորհրդի մյուս անդամները, մենք կվերանայենք մեր հարաբերությունները խորհրդի հետ»:

Ակնհայտորեն, 5-րդ գումարման խորհրդարանում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը քաջատեղյակ չէր հայ-ամերիկյան առևտրատնտեսական համագործակցության հետ կապված Հայաստանի ու ԱՄՆ-ի իշխանությունների բարձր մակարդակի պայմանավորվածություններից, երբ նա դեսպան Միլսի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի հետ կապված անթույլատրելի հայտարարություններ արեց[6]. «Պարզապես իմ ցանկությունն այն կլինի, որ դիվանագիտական կորպուսի աշխատողները, առավել ևս մեծ տերությունների դեսպանները, զբաղվեն դիվանագիտական ու քաղաքագիտական գործունեությամբ և նման գնահատականներ չտան։ Ես դա մասնավոր կարծիք եմ համարում… Ընդհանրապես ցանկացած հայտարարությունից՝ լինի դեսպանի, թե շարքային քաղաքացու, պետք է հետևություն անել, բայց դրան շատ լուրջ վերաբերվել և պաշտոնական պատասխան տալ չեմ կարծում, թե պետք է»։

Հայկական ԶԼՄ-ներն անանուն աղբյուրի վրա հղումով հայտնեցին, որ ՀՀԿ խմբակցության ղեկավարի կոշտ գնահատականները զայրացրել են[7] ոչ միայն ԱՄՆ դեսպանատանը, այլ նաև Սերժ Սարգսյանին: Ով՝ ով, բայց Սերժ Սարգսյանը լավ էր հասկանում, թե ինչ է դրված նժարին, և ինչպիսի հետևանքներ դա կարող է ունենալ իր և երկրի համար, մանավանդ, որ կողմերը պարտավորություններ ստանձնել էին բարձրագույն մակարդակով: Ուստի ոչ պատահականորեն Սերժ Սարգսյանը հաջորդող օրերին ՀՀԿ խմբակցության քարտուղարի շուրթերով շտկեց իրավիճակն ու հասկացնել տվեց ԱՄՆ դեսպանին[8], թե խմբակցության ղեկավարը երկրի նախագահի վերաբերմունքը չի արտահայտել…

Նկատելիորեն՝ 2015թ. հայ-ամերիկյան դիվանագիտական սկանդալն այդքանով ավարտված համարվեց, քանզի դրանից քիչ անց՝ 2015թ. նոյեմբերի 10-ին, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ոչ միայն կրկնեց «Ազատություն» ռադիոկայանում իր հայտարարությունները, ուղիղ հղում կատարեց դրանց վրա, այլև հայ-ամերիկյան երկկողմ պայմանավորվածություններն ու ամերիկյան քաղաքականության գերակայությունները մանրամասն ու միմյանց հետ փոխկախվախության մեջ նկարագրեց մի հարթակում, որտեղ երկու կողմերի իշխանությունների իրավասու ներկայացուցիչներն էին ներկա:

Դատելով այդ մի ելույթին հաջորդած պաշտոնական լռությունից՝ հայկական կողմը համաձայն էր պայմաններին ….

 

ԱՄՆ ԴԵՍՊԱՆ ՌԻՉԱՐԴ ՄԻԼՍ. «…ՀԱՅԱՍՏԱՆՆ Է, ՈՐ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

2015թ. նոյեմբերի 10-ին Հայ-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատի առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հանդես եկավ ծրագրային ելույթով[9], որտեղ ներկայացրեց այն չորս գերակայությունները, որոնք պաշտոնական Վաշինգտոնն է առաջադրել՝ 1) երկու երկրների միջև գործարար ու առևտրային հարաբերությունների խորացում՝ ԱՄՆ ուղղակի ներդրումներն ավելացնելու հեռանկարով, 2) Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը, 3) ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության ամրապնդումը, 4) ոչ միայն Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների ու ընդհանուր նպատակների, այլև ամբողջ աշխարհում ԱՄՆ արտաքին քաղաքականության տարբեր հարցերի հստակեցում ու ավելի ակտիվ պարզաբանում:

Որքան էլ, ինչպես դեսպանը ներկայացրեց, ամերիկյան քաղաքականության նշված չորս գերակայությունները փոխկապված ու փոխլրացնող են, ու բոլորն էլ ուղղակի, թե անուղղակի վերաբերում են հայ-ամերիկյան առևտրա-տնտեսական կապերին ընդհանրապես և էներգետիկ ոլորտում համագործակցությանը՝ մասնավորապես, այդուհանդերձ, խնդրո առարկային առավել առնչվողներն առաջին երկուսն են, որոնց ուղղությամբ այդ և վերջին շրջանի զարգացումներին կանդրադառնանք առավել հանգամանորեն:

1.Երկու երկրների միջև գործարար ու առևտրային հարաբերությունների խորացումը. Այս գերակայության մասին խոսելիս ԱՄՆ դեսպանը մասնավորապես ընդգծել էր. «Առևտրաարդյունաբերական հարաբերությունների ու մի շարք ոլորտներում ներդրումների մասով նշանակալի հնարավորություններ կան, որոնց հետ կապված երկու կառավարությունները հաճախ ձեռնարկում են դժվարին քայլեր՝ համապատասխանեցնելով առևտրային կանոնակարգերը, իրավական ռեժիմներն ու մաքսային օրենսդրությունը»:

Առևտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդը ստեղծվել էր որպես հենց այդպիսի հարցեր քննարկելու հարթակ, որի անդրանիկ նիստը տեղի ունեցավ 2015թ. նոյեմբերի 17-ին: Դեսպանն ավետեց, որ ԱՄՆ Առևտրաարդյունաբերական ներկայացուցչի գրասենյակի ու այլ գերատեսչությունների մասնակցությամբ և մասնավոր հատվածի՝ ամերիկյան բիզնեսը ներկայացնող կազմակերպությունների հետ խորհրդակցությամբ այդ նիստում պատրաստվում են «քննարկել առևտրին առնչվող առանցքային կարևորության հարցեր, որոնք վերաբերում են մաքսային ոլորտին, մտավոր սեփականության իրավունքին, առևտրի ոչ-սակագնային խոչընդոտներին, պետական գնումներին», հանդես գալով «այն հարցերի պաշտպանության դիրքերից, որոնք կարևոր են բիզնեսի, այստեղ ներկա գտնվողների և ձեր նման անձանց համար»:

ԱՄՆ դեսպանը խոսեց նաև օրեր անց՝ 2015թ. նոյեմբերի 19-ին տեղի ունենալիք մեկ այլ կարևոր քննարկման՝ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի ամենամյա հանդիպման[10] մասին, որի նպատակն է «երկու երկրների կառավարությունների գործակցությունը տնտեսական քաղաքականության ու երկխոսության այն կարևոր հարցերի շուրջ, որոնք առաջիկա տարիներին կարող են ազդել Հայաստանի տնտեսական աճի ու առևտրի վրա»: Դեսպանի բարձրաձայնմամբ՝ այդ տարի քննարկվող հարցերի շարքում ներառվել էին մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարը, Հայաստանի ապագա էներգետիկ ռազմավարությունը, ջրային ռեսուրսների կառավարումը, քաղավիացիան ու բաց երկնքի քաղաքականությունը, միասնական հարկային օրենսգիրքը և արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը:

Գործարար հարաբերություններին զարկ տալու ճանապարհով Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կոմերցիոն հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու նպատակով մեկ այլ միջոցառում՝ մեկօրյա գործարար համաժողով, ԱՄՆ դեսպանատունը և ԱՄՆ Կոմերցիոն ծառայության Մոսկվայի գրասենյակն Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայության հետ համատեղ կազմակերպել էին[11] 2015թ. սեպտեմբերի 22-ին: Ֆրենչայզինգի ընձեռած գործարար հնարավորություններին նվիրված այդ համաժողովին մասնակցել էին 50-ից ավել ընկերությունների ներկայացուցիչներ ու ձեռներեցներ, այդ թվում՝ ամերիկյան երկու կորպորացիաներից:

Իսկ կոնկրետ էներգետիկ ոլորտի հետ կապված՝ 2015թ. հոկտեմբերի 6-8-ն ԱՄՆ պետդեպարտամենտի Գլոբալ գործընկերության գրասենյակի նախաձեռնությամբ եռօրյա ճանաչողական այցով Հայաստան էին ժամանել[12] մաքուր էներգիայի զարգացման ոլորտի գիտնականների և քաղաքականության փորձագետների՝ տասնմեկ անձից բաղկացած պատվիրակություն, ով հանդիպումներ ունեցավ Հայաստանի վերականգնվող էներգիայի և էներգետիկ արդյունավետության ոլորտների անհատների և կազմակերպությունների հետ: Համաձայն տարածված հաղորդագրության՝ նրանք Հայաստան էին ժամանել «ավելի լավ ընկալելու Հայաստանի կանաչ էներգիայի ոլորտի հաջողությունները, մարտահրավերներն ու կարիքները <…> և ուսումնասիրելու վերականգնվող էներգիայի ոլորտում երկրի առկա խոչընդոտները»:

Դեսպան Միլսն իբրև ամերիկյան կողմի կայուն հետաքրքրությունների ապացույց ու գործնական դրսևորում, իր ելույթում վկայակոչեց այդ երկու միջոցառումները: Իր հերթին նույնպես անդրադառնալով ու հպարտություն հայտնելով Որոտանի հիդրոկասկադի ձեռքբերման 250 միլիոն ԱՄՆ դոլարի գործարքի կապակցությամբ[13], որի արդյունքում ԱՄՆ էներգետիկ ոլորտի առավել նորարարական ընկերություններից մեկը՝ Կոնտուր Գլոբալը, իր փորձով ու կառավարման տեխնիկայով մուտք գործեց Հայաստանի էներգետիկ ոլորտ, դեսպանը հատուկ շեշտեց. «Կոնտուր Գլոբալն այս ներդրումը կատարեց, ստացավ Հայաստանի կառավարության աջակցությունը, քանի որ կոմերցիոն առումով կային լավ հիմնավորումներ»:

Դեսպանի այս կարճ գնահատականից ու Հայաստանի իշխանությունների հասցեին դրվատանքի խոսքից անդին մեկ այլ բան կա, որը նրանք արել էին. 2014թ. ընթացքում Որոտանի հիդրոկասկադի վաճառքի պայմանագրի օրինականության հարցը պարբերաբար բարձրացվում էր ՀՀ Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր խմբակցության կողմից, որը պնդում էր, թե Գլոբալ կոնտուրի հետ ՀՀ կառավարության պայմանագիրը կքնվել է առանց Ազգային ժողովի համաձայնության[14]: Դժվար է միանշանակ ասել, թե հենց այդ շրջանում պայմանագրի չեղարկման հարցում որքանով էր շահագրգռված Ռուսաստանի հանդեպ լոյալ ընդդիմադիր քառյակի՝ Բարգավաճ Հայաստան, Հայ Ազգային Կոնգրես, ՀՅԴ և Ժառանգություն կուսակցությունների հանրահավաքային ճնշմամբ վարչապետ դարձած Հովիկ Աբրահամյանը, հատկապես, երբ պայմանագրի օրինականության հարցը բարձրացնող Հայ Ազգային Կոնգրեսը չէր հապաղել հայտարարելու, թե կառավարության փոփոխությունը քառյակի հաղթանակն է: Սակայն ինչպիսին էլ լիներ այդ շրջանում Հովիկ Աբրահամյանի ու քառյակի անդամների ստվերային համագործակցությունը, ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանը թույլ չտվեց գործարքի խափանում, և Հովիկ Աբրահամյանն այն ստորագրեց[15] 2015թ. հունիսի սկզբներին[16], իսկ գործարքին հավանությունը 2013թ. նոյեմբերի 27-ին տվել էր Տիգրան Սարգսյանի կառավարությունը:

Սրանով դեսպանը, թերևս, ակնարկեց, որ 2014-2015թթ. Սերժ Սարգսյանը և նրա կառավարությունները Տիգրան Սարգսյանի, ապա Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կատարել են տրված խոստումը և պետականորեն խրախուսել են ամերիկյան ներդրումը, և եթե Հայաստանի իշխանությունները փափագում են նորանոր ու ավելի խոշոր, նույնպիսի կոմերցիոն լավ հիմնավորումներով ներդրումային ծրագրեր, ապա պետք է ավելին անեն:

Դեսպանի հայտարարության այդ հատվածը, թերևս, արժանի է ոչ միայն ամբողջական մեջբերման, այլ նկարագրում է, թե ինչ են ակնկալում պաշտոնական Երևանից Վաշինգտոնն ու ամերիկյան գործարարները նոր ներդրումային ծրագրեր իրականացնելու համար. «Թույլ տվեք շեշտել մի բան, որ բոլոր ներկաները քաջ գիտակցում են. ԱՄՆ դեսպանատունը չի կարող պարտադրել ամերիկյան ձեռնարկություններին ներդրում կատարել Հայաստանում: Հայաստանն է, որ պետք է գրավիչ լինի ներդրողների համար, ինչպես եղավ Կոնտուր գլոբալի դեպքում: Ընդհանուր առմամբ, ընկերությունները ներդրում են կատարում այնտեղ, որտեղ կա կանխատեսելիություն ու թափանցիկություն բոլոր հարցերում՝ հարկային ու մաքսային ընթացակարգերից մինչև դատական վարույթներ»:

Ըստ այդմ՝ դեսպան Միլսը եզրափակեց. «ԱՄՆ դեսպանության ուշադրության կենտրոնում այն միջոցներն են, որոնք կօգնեն ձևավորել այնպիսի գործարար միջավայր, որտեղ կարող են արդարացի մրցակցել բոլոր ընկերությունները, լինի հայկական, ամերիկյան, ռուսական, թե այլ ընկերություն՝ այսպիսով մեծացնելով ներդրողների վստահությունը»:

 

ԱՄՆ ԴԵՍՊԱՆ ՌԻՉԱՐԴ ՄԻԼՍ. «…ԱՌԱՆՑՔԱՅԻՆ Է, ԹԵ ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ»

Ահավասիկ, հայաստանյան գործարար ու ներդրումային միջավայրի «կանխատեսելիության կարևորության ու բիզնեսի համար խաղի հավասար պայմանների ապահովման անհրաժեշտության համատեքստում ու դրա հետ կապի մեջ էլ ԱՄՆ դեսպանը շարադրեց ԱՄՆ արտաքին քաղաքականության երկրորդ գերակայությունը՝ պայքարը կոռուպցիայի դեմ»:

2. Պայքար կոռուպցիայի դեմ. «Կոռուպցիան, սակայն, սոսկ տնտեսության վրա չէ, որ բացասաբար է անդրադառնում: Կոռուպցիան խաթարում է ժողովրդավարությունն ու իրավունքի գերակայությունը: Այն անկայունություն ու անվստահություն է ծնում հաստատություններում և կարող է վտանգել երկրի ազգային անվտանգությունը»,-հայտարարեց դեսպանը՝ նկատելով, որ Հայաստանը դրա համար թանկ է հատուցում:«Այս մասին ես լսում եմ հնարավոր ամերիկյան ներդրողներից և շարքային քաղաքացիներից, երբ ես շրջագայում եմ երկրով: Երբ բիզնեսի ոլորտում մրցակցությունն արդարացի չէ և չի հիմնվում օբյեկտիվ կոմերցիոն չափանիշների վրա, երբ կան հզոր շահեր, որոնք անհամաչափ տնտեսական և քաղաքական հետևանքների են հանգեցնում, ապա դա սահմանափակում է տնտեսական աճը: Այդ պարագայում տուժում է ողջ տնտեսությունը, տուժում է ողջ երկիրը: Օտարերկրյա բիզնեսը քվեարկում է իր ներդրումների միջոցով. եթե նրանք նկատում են, որ կոռուպցիան կեղեքում է երկիրը, ապա նրանք կամ ընդհանրապես հրաժարվում են ներդրում կատարելուց, կամ կարող են հետ վերցնել իրենց ներդրումները: Հայաստանի քաղաքացիների շրջանում կոռուպցիայի բեռը կրում են առավել խոցելիները, փոքր բիզնեսի սեփականատերերը, ովքեր ջանում են գործ սկսել և պահպանել այն»:

Դեսպանի ակնարկը հստակ էր. հզոր շահերի ազդեցության պատճառով երկրում աղճատված է արդար մրցակցությունը, որը չի հիմնվում օբյեկտիվ կոմերցիոն չափանիշների վրա: Ահա թե ինչու էր ամերիկյան կողմը պատրաստվում 7 օր անց՝ 2015թ. նոյեմբերի 17-ին, տեղի ունենալիք Առևտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ նիստում ԱՄՆ Առևտրաարդյունաբերական ներկայացուցչի գրասենյակի ու այլ գերատեսչությունների մասնակցությամբ և մասնավոր հատվածի՝ ամերիկյան բիզնեսը ներկայացնող կազմակերպությունների հետ «քննարկել առևտրին առնչվող առանցքային կարևորության հարցեր, որոնք վերաբերում են մաքսային ոլորտին, մտավոր սեփականության իրավունքին, առևտրի ոչ-սակագնային խոչընդոտներին, պետական գնումներին», որոնք կոռուպցիայի ախտով վարակված են:

Դեսպանը նաև նախազգուշացրեց, որ «ԱՄՆ կառավարության ուշադրությունը և ռեսուրսները կոռուպցիայի դեմ պայքարին նպատակաուղղելու մասին որոշումը մեկուսի չի ընդունվել: Խթանը գալիս է ԱՄՆ կառավարության ամենաբարձր մակարդակից: 2015թ. Ազգային անվտանգության ռազմավարության մեջ նախագահ Օբաման նշեց, թե ինչու է Ամերիկան բոլոր մակարդակներում ու բոլոր ոլորտներում գործակցում կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների ու հաստատությունների հետ ամբողջ աշխարհում», ասել է թե՝ ԱՄՆ-Հայաստան բոլոր տեսակի, այդ թվում՝ գործարար և առևտրային հարաբերությունների խորությունը պայմանավորված է նաև կոռուպցիայի դեմ պայքարի արձանագրած արդյունքներով: Դա թերևս պարզաբանում էր կոռուպցիայի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանում իր հնչեցրած հայտարարությունները, որոնք իշխանության որոշ շրջանակներում բուռն հակազդեցություն առաջացրեցին, և դեսպան Միլսն ակնարկում էր, որ իր գնահատակններն անհատ դիվանագետի պնդումներ չեն, այլ գալիս են ավելի վերևից, ում հետ պայմանավորվածություններ են ձեռք բերել ՀՀ իշխանությունները:

Ըստ այդմ, ԱՄՆ դեսպանը հավելեց. «Իհարկե, կոռուպցիոն դրսևորումներ ամեն տեղ էլ լինում են, այդ թվում և ԱՄՆ-ում: Առանցքայինը ցանկացած երկրի համար այն է, թե կա արդյոք կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք, ունեն արդյոք լրատվամիջոցներն ու քաղաքացիական հասարակությունը կոռուպցիայի դեմ արտահայտվելու հնարավորություն, և կան արդյոք հուսալի դատական գործընթացներ՝ քննելու ու դատական կարգով հետապնդում իրականացնելու բացահայտված գործերով»:

ԱՄՆ-ի անունից պատրաստակամություն հայտնելով կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում դրամաշնորհներով աջակցելու թե՛ հասարակական կազմակերպություններին, թե՛ կառավարական մարմիններին, այդ թվում՝ Հակակոռուպցիոն խորհրդին, դեսպանը պայման առաջադրեց. «Խորհրդին ցուցաբերվող մեր ֆինանսական աջակցությունն ուղղված է որոշակի գործողությունների, ինչպիսիք են՝ հակակոռուպցիոն ռազմավարության մշակման շարունակվող աշխատանքները և գործողությունների պլանի կազմումը: Ուզում եմ շեշտել, որ մեր աջակցությունը Խորհրդին իրականացվում է այն պայմանով, որ վերջինս չափելի ձեռքբերումներ պետք է գրանցի: Եթե այդպիսի արդյունքներ չգրանցվեն, ապա մեր աջակցությունը կդադարեցվի, ամեն ինչ շատ պարզ է ու հստակ: Մենք նաև խրախուսում ենք ՀԿ-ների մասնակցությունը Հակակոռուպցիոն խորհրդի աշխատանքներին, քանզի մենք դա դիտարկում ենք որպես կառավարության հետ ուղղակիորեն կառուցողական երկխոսության մեջ մտնելու հնարավորություն քաղաքացիական հասարակության համար»:

Ի դեպ, երրորդ գերակայության՝ Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության ամրապնդման մասին խոսելիս դեսպանը դիվանագիտական լեզվով հանդիմանություն ուղղեց թե՛ կառավարության, թե՛ քաղաքացիական հասարակության՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործում ոչ կառուցողականության ու համագործակցության մեջ շահագրգռված չլինելու առումով. «Թեպետ կան կառավարության ու քաղաքացիական հասարակության արդյունավետ համագործակցության օրինակներ, սակայն անելիք ևս շատ կա: Ես ուզում եմ խրախուսել կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առավել լիարժեք ու կառուցողական մասնակցությունը: Շատ հաճախ Հայաստանի կառավարությունը թերանում է կապ հաստատել քաղաքացիական հասարակության հետ ընդհանուր հետաքրքրության հարցերի շուրջ խորհրդակցելու կամ նրանց փորձառությունից օգտվելու նպատակով: Իսկ առիթ լինելու դեպքում էլ երբեմն քաղաքացիական հասարակությունն է հանդես բերում թերահավատություն ու վարանում է աշխատել կառավարության հետ: Քաղաքացիական հասարակության անդամները պետք է առաջնորդող դեր ստանձնեն՝ ցանկալի բարեփոխումները երկրում կառուցողականորեն առաջ մղելու հարցում: Բողոքի ակցիաները կարող են աշխուժացնել հասարակությանն ու փոփոխությունների մթնոլորտ ձևավորել, սակայն իրատեսական նպատակներ սահմանելը, կառավարության հետ աշխատելը և շահապաշտպան մոտեցումներ ձևավորելը հավասարապես կարևոր են ու պահանջում են համբերություն և նվիրված աշխատանք»:

Թերևս դեսպանի հնչեցրած ակնարկը վերաբերում էր «Էլեկտրիկ Երևան»-ին, երբ մի կողմից քաղաքացիական հասարակությունը մերժեց ներգրավվել կոռուպցիոն սկանդալի բացահայտման գործում, մյուս կողմից էլ երկրի նախագահն ու կառավարությունն իրենց վարքագծով ապացուցեցին, որ քաղաքացիական հասարակությանը նրանց արած առաջարկն ավելի շատ ձևականություն էր, քանզի իրենք էլ մինչև վերջ խորամուխ չեղան «Հայաստանի էլեկտական ցանցերում» բազմամյա կոռուպցիայի բացահայտման հարցում և ընդամենն առիթն օգտագործեցին ընկերության սեփականտիրոջը փոխելու համար: Միգուցե հենց այստեղ էին թաքնված «Էլեկտրիկ Երևան» շարժումը մարեցնելու, պառակտելու պատճառները, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների վախերը՝ ավելին հեռուն գնալ ռուսական ընկերության՝ 2005թ.-ից հետո Հայաստանում ծավալած գործունեության կոռուպցիոն մանրամասները բացահայտելու գործում:

2015թ. սեպտեմբերի 16-ին տրված հարցազրույցում նկարագրված պատճառահետևանքային կապերում, թերևս, աչքի է զարնում այն, որ դեսպան Միլսը կոռուպցիան արտաքին ուժերի համար համարում է Հայաստանի «զարգացումը վերահսկելու» և «տնտեսական աճը խոչընդոտելու, սահմանափակելու» միջոց, և այդ պնդումը սերտորեն կապ ունի նրա՝ նոյեմբերի 10-ի «բիզնեսի ոլորտում մրցակցությունն արդարացի չլինելու», «օբյեկտիվ կոմերցիոն չափանիշների վրա չհենվելու» մասին հայտարարությունների հետ: Եթե այդ ամենը դիտարկենք 2015թ. ամռանը Հայաստանի Էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերությունում բացահայտված կոռուպցիոն մերկացումների համատեքստում, որի մասին անգամ ցնցող վկայություններ էին տալիս ՀՀ իշխանությունները, ապա պարզ է դառնում, թե ինչին և ում էր ուղղված ԱՄՆ դեսպանի ակնարկը:

Ի դեպ, նոյեմբերի 10-ի ելույթում խոսելով լայն տարածաշրջանում ու մասնավորապես Ռուսաստանի և Իրանի հետ կապված ամերիկյան դիրքորոշումների մասին՝ Միլսն առաջինի կապակցությամբ մասնավորապես ասաց. «Այն, ինչ մենք ուզում ենք, ուզել ենք և ուզելու ենք, ամուր ժողովրդավարական Ռուսաստանն է, որը երկրի ներսում ու սահմաններից դուրս հարգում է իրավունքի գերակայությունը և իր հարևանների ինքնիշխանությունը. <…> Համագործակցությունը (ԱՄՆ-Ռուսաստան), սակայն, չի կարող շարունակվել, եթե Ռուսաստանն անարգում է միջազգային համակարգի նորմերը, երբ պատառներ է պոկում հարևան երկրի տարածքից ու սպառնում է նրանց տնտեսական ու քաղաքական հպատակեցմամբ»:

Ահա և դեսպանի դիվանագիտական ձևակերպումների տակ թաքնված ակնարկը՝ երկրների տնտեսական ու քաղաքական հպատակեցումը, որն արվում է արտաքին ուժերի կողմից կոռուպցիան օգտագործելով՝ վտանգներ ու խոչընդոտներ ստեղծելով երկրի՝ տվյալ դեպքում Հայաստանի ազգային անվտանգության և տնտեսական աճի համար:

Արդ, 2015թ. Վաշինգտոնի ցանկությունն է բարձրաձայնել հենց այն, թե «արդյոք ՀՀ իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամք կցուցաբերեն», «արդյոք Հակակոռուպցիոն խորհուրդն ու ռազմավարությունը չափելի ձեռքբերումներ կգրանցեն», և արդյոք «կձևավորեն այնպիսի գործարար միջավայր, որտեղ կարող են արդարացի մրցակցել բոլոր ընկերությունները, լինի հայկական, ամերիկյան, ռուսական, թե այլ ընկերություն՝ այսպիսով մեծացնելով ներդրողների վստահությունը»: Եթե ոչ, ապա ԱՄՆ-ն իր աջակցությունը կդադարեցնի: Եթե այո, ապա Հայաստանը կստանա ավելին:

Ի դեպ, ևս մեկ անուղղակի պայման թե ցանկություն կարելի է նկատել հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ դեսպանի հետևյալ մտքում. «Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև կա անվստահություն, ու հաճախ Հայաստանում ինձ հարցնում են, թե ինչպես է դա անդրադառնում հայ-ռուսական հարաբերությունների մասով մեր մոտեցումների վրա: Թույլ տվեք ասել, որ մենք հասկանում ենք, որ աշխարհագրական դիրքից ելնելով և պատմականորեն Հայաստանում ռուսական ներկայությունը նշանակալի է, և որ դուք ամուր պատմական կապեր ունեք: Ես կարծում եմ և հավատացած եմ, որ շատ հայեր նույնպես կարծում են, որ հայ-ռուսական հարաբերությունները և Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը չպետք է բացառեն ու չեն բացառում Հայաստանի ամուր ու փոխշահավետ հարաբերություններն ԱՄՆ-ի, Եվրամիության և այլ հնարավոր գործընկերների, ինչպես նաև այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՆԱՏՕ-ն և Եվրախորհուրդը: Այս հարաբերությունները մեկը մյուսին չեն բացառում: Մեկի հաղթանակը դեռևս պատրություն չէ մյուսի համար»:

Ասել է թե Վաշինգտոնը ոչ միայն հասկանում է Երևանի ռազմա-քաղաքական ընտրությունը՝ հօգուտ Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի, սակայն և համարում է, որ դրանք չպետք է խանգարեն ու չեն խանգարի Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-ՆԱՏՕ ու Հայաստան-ԵԽ հարաբերությունների զարգացմանը: Սա դժվար է համարել ամերիկյան դիվանագետի կամ անգամ պաշտոնական Վաշինգտոնի միակողմանի բարի ցանկությունը կամ ցանկալի երևակայությունը: Հայաստանի արտաքին քաղաքականության բազմավեկտորության, համաշխարհային մի ուժային կենտրոնի հետ հարաբերությունները մյուսի հաշվին չկառուցելու մասին պաշտոնական Երևանի բազմաթիվ հայտարարությունները, իսկ միգուցե նաև 2015թ. մայիսի 7-ին Վաշինգտոնում Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը ստորագրելիս Սերժ Սարգսյանի տված հավելյալ հավաստիացումները, թերևս, արժե համարել երկու կողմերի միջև մի վերջին պայման: Ճիշտ է՝ այս դեպքում արդեն արտաքին քաղաքական կամ աշխարհաքաղաքական պայման: Եվ ինչպես ԱՄՆ դեսպանն էր ձևակերպել՝ Հայաստանի եվրասիականացումն իրենք չեն ընկալում որպես Ռուսաստանի հաղթանակ և ԱՄՆ-ի պարտություն:

Թերևս 2015թ. ընթացքում տեղի ունեցած այս անցուդարձի ծավալուն վերլուծությունը վեր է հանում այն պայմանավորվածությունները, որոնք կողմերը սահմանել էին ապագայի համար, ու կողմերից մեկի կողմից դրանց խախտումն առաջացնելու էր նորանոր փոթորիկներ երկկողմ հարաբերություններում:

Իսկ ամերիկյան ներդրումների, հայ-ամերիկյան առևտրատնտեսային գործակցության բնագավառում զարգացումները՝ մասնավորապես էներգետիկայի ոլորտում որոշակի տեղատվություններով ու մակընթացություններով, տակավին նոր էին թափ հավաքում…

Շարունակելի

 

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

[1] Ստորագրվեց Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը, ՀՀ ԱԳՆ կայք, 07.05.2015, https://mfa.am/hy/press-releases/item/2015/05/07/min_us_framagr/, Միացյալ Նահանգներն ու Հայաստանը ստորագրում են Առևտրի ու ներդրումների շրջանակային համաձայնագիր, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կայք, 07.05.2015, https://am.usembassy.gov/hy/united-states-armenia-sign-trade-investment-framework-agreement-hy/

[2] Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Վաշինգտոնի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ՀՀ Նախագահի կայք, 07.05.2015, https://www.president.am/hy/statements-and-messages/item/2015/05/07/President-Serzh-Sargsyan-US-visit-Armenian-diaspora/ ՀՀ Նախագահի ողջույնի խոսքը Վաշինգտոնի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ՀՀ Նախագահի կայք, 07.05.2015, https://www.youtube.com/watch?v=fam9-WHkvx0

 

[3] Ռիչարդ Միլս. «Կոռուպցիան խանգարում է մեր ընդհանուր նպատակների իրականացմանը», Ազատություն ռ/կ, 16.09.2015, https://www.azatutyun.am/a/27252230.html, Ռիչարդ Միլս․ «Կոռուպցիան խանգարում է մեր ընդհանուր նպատակների իրականացմանը», Ազատություն ռ/կ, 16.09.2015, https://www.youtube.com/watch?v=T_OBbdeNNOY

[4] Օրինակ, Mismanagement and Corruption in Armenia’s Electricity Sector, Policy Forum Armenia, 25.06.2015 https://pfarmenia.wordpress.com/2016/06/25/mismanagement-and-corruption-in-armenias-electricity-sector/

Հայաստանի էներգետիկ ոլորտի չարաշահումները և կոռուպցիան, Policy Forum Armenia, 25.06.2015 https://hetq.am/arm/news/68827/hayastani-energetik-olorti-charashahumnery-ev-korupcian.html

[5] Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, ՀՀ Նախագահի կայք, 27.06.2015 https://www.president.am/hy/press-release/item/2015/06/27/President-Serzh-Sargsyan-meeting-with-economic-block/

[6] ԱՄՆ դեսպանի հայտարարությանը շատ լուրջ պետք չէ վերաբերվել. Վահրամ Բաղդասարյան, Առաջին լրատվական-1in.am, 22.09.2015 https://www.1in.am/1725618.html

[7] Խայտառակեց ռեսպուբլիկան, 25.09.2015, ՉԻ, https://www.chi.am/index.cfm?objectid=1F300BD0-644D-11E5-886B0EB7C0D21663

[8] Գագիկ Մելիքյանը Հայաստանում ԱՄՆ դեսպանի հարցազրույցը քաղաքական սկանդալի պատճառ չի համարում, Արմենպրես, 24.09.2015 https://armenpress.am/arm/news/819718/

Մելիքյանն ի տարբերություն Բաղդասարյանի՝ դրական արձանագրումներ է տեսել, Հայկական ժամանակ, 24.09.2015 https://www.times.am/?p=140646&l=am

[9] Դեսպան Ռիչարդ Միլսի ելույթը Հայ-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատի առաջ, Հետք, 10.11.2015 https://hetq.am/arm/news/63617/despan-richard-milsi-eluyty-hay-amerikyan-arevtraardyunaberakan-palati-araj.html

[10] Հայ-ամերիկյան տնտեսական և առևտրային կապերը բարձր մակարդակի պատվիրակությունների օրակարգում, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կայք, 16.11.2014, https://am.usembassy.gov/hy/high-level-delegations-discuss-u-s-armenia-economic-trade-ties-hy/

[11] Ֆրենչայզինգին նվիրված օր. ԱՄՆ դեսպանատունն աջակցում է ամերիկյան ձեռնարկությունների ու հայ ներդրողների միջև կապերի հաստատմանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կայք, 22.09.2015 https://am.usembassy.gov/hy/u-s-embassys-franchise-day-connects-american-businesses-armenian-investors-hy/

[12] ԱՄՆ դեսպանատունը հյուրընկալեց մաքուր էներգիայի ոլորտի զարգացման պատվիրակությանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կայք, 08.10.2015, https://am.usembassy.gov/hy/u-s-embassy-hosted-delegation-focused-clean-energy-sector-development-hy/

[13] ԱՄՆ դեսպանատունը շնորհավորում է Հայաստանին և ամերիկյան Կոնտուր Գլոբալ ընկերությանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կայք, 29.01.2014, https://am.usembassy.gov/hy/u-s-embassy-congratulates-armenia-u-s-company-contour-global-hy/

[14] Լևոն Զուրաբյան. Հրայր Թովմասյանը վարվում է այնպես, ինչպես կվարվեր սովորական մի ժուլիկ, 168 ժամ, 07.02.2014, https://168.am/2014/02/07/327386.html, Լևոն Զուրաբյանը Որոտանի վաճառքի մասին, Ա1+, 07.02.2014, https://www.a1plus.am/1297609.html, Լևոն Զուրաբյանը «Որոտան ՀԷԿ» ՓԲԸ-ի մասին, Իլուր, 07.02.2014, https://www.youtube.com/watch?v=KcFrOL9Dj4I, «Որոտանի» գործարքը ՀԱԿ-ը կվերանայի իշխանափոխությունից հետո, Առաջին լրատվական-1in.am, 09.06.2015, https://www.1in.am/1642788.html

[15] «Որոտան» ՀԷԿ-երի վաճառքի գործարքը կստորագրվի առաջիկա երկու օրերին, Առաջին լրատվական-1in.am, 02.06.2015, https://www.youtube.com/watch?v=Q55sRjEM4IA

[16] Որոտանի կասկադ ՀԷԿ-ը Contour Global-ին վաճառելու գործընթացն ավարտին է մոտենում, 22.04.2015, Արարատնյուզ, https://araratnews.am/vorotani-kaskad-hek-eh-contour-global-in-vatcharelu-gortcehnthaceh-avartin-e-motenum/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930