1100 հայտերից ընտրված 47 ֆիլմ կպայքարի 3 մրցութային ծրագրերում, որոնցից 12-ը Միջազգային խաղարկային մրցույթում, 16-ը` միջազգային վավերագրական մրցույթում, իսկ 19-ը` «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթում:
Փառատոնի ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում 12 ֆիլմ է ներկայացված, որոնց աշխարհագրությունը Հնդկաստանից մինչեւ Կանադա է: Պարոն Ստամբոլցյանի ձեւակերպմամբ, մեծ ուշադրություն են դարձնում տարածաշրջանի երկրների կինոյին` Վրաստան, Թուրքիա, Իրան, Ուկրաինա, Ռուսաստան… «Ռուսական ֆիլմերի առումով մի քիչ խնդիրներ եղան, բայց «Կինոտավրի» հաղթած ֆիլմը` Բորիս Խլեբնիկովի «Առիթմիան», հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու»,-հավելեց «Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրենը:
Նա առանձնացրեց Տարաս Տկաչենկոյի «Տատրակի բույնը» ֆիլմը (Ուկրաինա), որն անցյալ տարի լավագույն ուկրաինական ֆիլմ է ճանաչվել, նաեւ Յուլիուս Շեւչիկի «Մասարիկը» (Չեխիա): «Վերջին ֆիլմը իրենց ազգային «Օսկարի» 20 անվանակարգերից 14-ում մրցանակ է շահել»,-նկատեց պարոն Ստամբոլցյանը:
Նա ասաց, որ այս տարվա ֆիլմերում էլ երկու թեմա է` կանայք եւ մարդը` քաղաքականության մեջ:
Ըստ Միքայել Ստամբոլցյանի, ինչպես «Մասարիկում», այնպես էլ Գիորգի Օվաշվիլիի «Խիբուլա» (Վրաստան/Գերմանիա/Ֆրանսիա) ֆիլմում նույն թեման է արծարծվում: Խիբուլան վրացական գյուղ է, որտեղ սպանվել կամ ինքնասպան է եղել Վրաստանի նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիան, ու մինչեւ հիմա այդ պատմությունը մշուշոտ է, նույնն էլ Թոմաշ Մասարիկի մահվան պարագայում է:
Միջազգային վավերագրական մրցույթի համակարգող, կինոռեժիսոր Արա Խանջյանը խոսեց 16 վավերագրական ֆիլմերից, որոնցից 2-ը Հայաստանից են` Արա Մնացականյանի «Դատավարությունը», որը պատմում է Սողոմոն Թեհլերյանի մասին եւ Թամարա Ստեփանյանի «Ձյուն կար» ֆիլմը (Ֆրանսիա/Հայաստան/Լիբանան)` Մարսելում հաստատվող հայերի մասին: Նա նշեց կա նաեւ հայկական թեմայով թուրքական մի ֆիլմ` Սերդար Օնալի «Դերդո մայրիկը եւ ընկուզենին», որը պատմում է Թուրքիայում ապրող եւ ինքնությունը պահպանել փորձող կնոջ մասին:
«Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթի համակարգող,կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանն ասաց, որ բավականին հետաքրքիր ծրագիր է կազմվել: Նա հավելեց, որ այդ մրցույթում կհանդիպենք այնպիսի ֆիլմերի, որոնց մասին մամուլը շատ է գրելու ու դրանք մրցանակներ են ստացել տարբեր փառատոներում, ինչպես Գիորգի Սիխարուլիձեի «Կարմիր խնձորները», որի պրոդյուսերն է Օֆելյա Հարությունյանը:
«Հայկական համայնապատկերի նպատակն է աշխարհում ապրող ու ստեղծագործող հայերին մեկ մրցույթում ընդգրկել: Ի դեպ, ազգային մրցույթում ներկայացված ֆիլմերը կարող են մասնակցել նաեւ միջազգային մրցույթին»,-հավելեց Րաֆֆի Մովսիսյանը:
Մանրամասները` տեսանյութերում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ