Կառավարությունը ոչ մի ջանք չգործադրելով էլ կարող է ապահովել ՀՆԱ-ի 5 տոկոս աճը: Այսօր «Մեդիա կենտրոնում» կառավարության 5-ամյա ծրագրի մասին այսպիսի կարծիք հայտնեց տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանը: Ըստ նրա, ծրագիրը բոլորովին էլ հավակնոտ չէ, ինչպես որ նշում են մասնագետները:
Հայկ Գեւորգյանի խոսքով, քանի որ տնտեսությունը փոքր է, զարգացած չէ, զարգացող երկրների համար 1,5-2 տոկոս աճը չի համարվում աճ. «Դա ինքն իրեն, իներցիայով ստացվում է: Խոսքը եւս 2-3 տոկոս աճ ապահովելն է: Հավակնոտության նույնիսկ ակնարկ չկա, որովհետեւ հինգ տոկոս ապահովելու համար, ըստ էության, ոչինչ պետք չէ անել: 2012 թվականին 7,2 տոկոս էր աճը, դա այն դեպքում, երբ կառավարությունը բացարձակ ոչ մի բարեփոխում չէր արել, ուղղակի կտրուկ աճել էին մասնավոր տրանսֆերտները եւ պղնձի միջազգային գինը»:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, որը նույնպես ասուլիսի մասնակից էր, կառավարության ներկայացրած թվերը հաշվարկել է եւ պարզել, որ 2022 թվականին ունենալու ենք 14 միլիարդ դոլարին հասնող ՀՆԱ: Ըստ նրա, կա շեղում ՀՀ կառավարության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի ցուցանիշներում, որոնք նշյալ թվականին մեր ՀՆԱ-ն կանխատեսում են 12,5 միլիարդ դոլար. «Սա նշանակում է, որ միջազգային կառույցներին չեն հավատում եւ այլ ցուցանիշ են փորձում ստանալ»:
Եթե այս թվերն իրականություն դառնան, Վիլեն Խաչատրյանը հաշվարկել եւ պարզել է, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կլինի 4,5 հազար դոլար:
«Բայց ես սրան հակված եմ մոտենալ պեսիմիստորեն, որովհետեւ ապահովել այս ցուցանիշը լինելու է բավականին բարդ»:
Aravot.am-ի հարցին, թե 12 տոկոս աղքատությունը կրճատելու, 25 տոկոսով աշխատավարձերը բարձրացնելու ծրագրի խոստումները որքանով են իրատեսական 5 տոկոս ՀՆԱ-ի պայմաններում, Հայկ Գեւորգյանն ասաց, որ աղքատությունը նվազեցնելու համար էլ քաղաքական կամք է պետք եւ այն կնվազի, եթե մենաշնորհները վերացնեն: Ըստ նրա, միջազգային շուկայում պարենային ապրանքների գները էականորեն նվազել են, ինչն անդրադառնում է աղքատության կրճատման վրա, սակայն Հայաստանում դրանք կամ չեն էժանանում կամ չնչին են իջնում, ինչը պայմանավորված է մենաշնորհներով: Որպես օրինակ Հայկ Գեւորգյանը նշեց շաքարավազի գինը, որը Հայաստանում այդպես էլ չէժանացավ` չնայած որ միջազգային շուկայում այն շատ ավելի էժան է վաճառվում:
Մարամասները` տեսանյութում
Ըստ Վիլեն Խաչատրյանի, կառավարության ծրագրում չի խոսվում, որքան գումար է հարկավոր աղքատությունը նվազեցնելու համար:
Վիլեն Խաչատրյանը կարծում է, որ ծրագրում արձանագրված տարեկան 300 հազարով զբոսաշրջիկների աճը նույնպես իրատեսական չի, քանի որ դրանց մեծ մասը մեր հայրենակիցներն են. «Պետք է կարողանան զուտ օտարերկրացի զբոսաշրջիկների հաշվով աճ ապահովել, ինչը բավականին բարդ է»:
Հայկ Գեւորգյանի խոսքով, Հայաստանի զբոսաշրջության զարգացմանը ամենաշատը նպաստում է արտագաղթը. «Տարեկան 40 հազար մարդ է արտագաղթում, տարեկան այդքան գալիս են հարազատներին այցելության»:
Անդրադառնալով Դուինգ բիզնեսում` Հայաստանի արձանագրած ցուցանիշներին, Հայկ Գեւորգյանն ասաց, որ այդտեղ բարելաված դիրքերը Հայաստանի տնտեսությանը ոչինչ չեն տալիս:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ