Մայրաքաղաքի Ֆիրդուսի թաղամասում`Երեւանի 33-րդ թաղամասում, այս տարվա երկրորդ կեսին արդեն շինարարությունը կմեկնարկի: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Քաղաքաշինական պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: Տարածքի բնակիչներին, սակայն, այդ տարածքում բնակարաններ չեն տրամադրվելու: «Ոչ, դա կլինի շատ հեռու: Իրենց հետ քննարկվել է, իրենք ընտրում են բնակարաններ քաղաքի տարբեր հատվածներում կամ ֆինանսական միջոցներ, էդ պրոցեսը գնում է: Պաշտոնապես գիտեմ, որ մնացել է մոտ 20 ընտանիք: Առհասարակ ճիշտ է, եթե մարդը ապրում է կենտրոնում, ցանկալի չէ, որ այդ լանդշաֆտը փոխվի, բայց…»,- ասաց Նարեկ Սարգսյանը:
Լրագրողների դիտարկումներից, որ թաղամասի բնակիչները նույն վայրում են բնակարան ուզում, նաեւ առաջարկվող փոխհատուցումները համարժեք չեն, Նարեկ Սարգսյանը նեղսրտեց. «Դուք պահանջում եք, ասում եք՝ ներդրում, ներդրում, ներդրողը գալիս է, դուք ներդրողին այսպես եք անում»: Հարցը`ներդրումները սեփական բնակչության հաշվի՞ն պետք է ապահովվեն, անպատասխան մնաց: Անարձագանք մնացին նաեւ հարց-դիտարկումները`ինչպե՞ս կվարվեին պաշտոնյաները, եթե զրկվեին իրենց բնակարաններից:
Հիշեցնենք, թաղամասն արդեն մոտ տասը տարի է՝ իրացման գոտի է: Թաղամասի բնակիչների մի մասը դեռ անօթեւան են: Տարիների պայքարից հետո, վերջապես հայտարարվեց, որ տարածքի բնակիչների բնակարանային հարցին լուծում է տրվելու: Ներդրողները տարբեր են, նրանց անունները Նարեկ Սարգսյանը չի հրապարակում: «Իմ ղեկավարությամբ, նախկինում, ամբողջ տարածքի վերաբերյալ Քաղաքաշինության նախարարությունը մշակել էր կառուցապատման նախագիծը: Քանի որ տարածքը գտնվում է տուպիկային վիճակում, այդ նախագծով մենք առաջարկում ենք երեք փողոցներ կառուցել՝ Խանջյանից, Տիգրան Մեծից, Բուզանդից եւ մեկ մեծ հրապարակ: Ծրագիրը այդպես է հաստատված. տարբեր մարդիկ, ովքեր հետաքրքրված են կառուցապատում անելու, նրանք գալիս են, բանակցում են արժեքների վերաբերյալ: Այդ տարածքի զգալի հատվածի հետ կապված մենք արդեն ունենք ներդրողներ: Իրացման ավարտից հետո գործընթացը կսկսվի»:
Հարցին`տարածքից նախկինում վտարված, այսօր դեռ այնտեղ ապրող բնակիչների խնդիրն ինչպե՞ս է լուծվելու, այսպիսի պատասխան հնչեց. «Դուք ինձ էլի բնակիչներից եք հարց տալիս: Չեն մնա անտուն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ