«Այդ հարցն ուսումնասիրել ենք, թանկացումը հիմնականում պայմանավորված էր հարկային օրենսդրության փոփոխություններով»,- խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը`պատասխանելով ծխախոտի թանկացմանը վերաբերվող հարցին: Այս թեմային վերաբերվող այլ հարցեր անպատասխան մնացին:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`կատարվո՞ւմ է վարչապետի հանձնարարականը, ով ինչ ցանկանում կարողանո՞ւմ է ներկրել: Արտակ Շաբոյանը հավաստիացրեց, որ գերիշխող դիրք ունեցող շուկաներ մուտքի խոչընդոտներ չկան:
Հարցին, օրինակ քանի՞ մարդ է բանան կամ շաքարավազ ներկրում այսօր Հայաստան, Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ անգիր չի հիշում. «Բայց բազմաթիվ ներկրողներ կան եւ շաքարավազ, եւ բանան»:
Հարցին`եթե շուկան մրցակցային է, ինչո՞ւ գնանկում չկա, հնչեց այսպիսի պատասխան. «Ցանկացած ապրանքի գնագոյացումը կատարվում է ելնելով այդ ապրանքի ինքնարժեքից եւ շահութաբերության աստիճանից: Այսինքն, եթե մրցակիցները շատացան, դա չի նշանակում, որ անպայման դա ապահովելու է գների նվազում: Մեզ համար կարեւոր է, որպեսզի մուտքի խոչընդոտներ չլինեն շուկաներ»:
Արտակ Շաբոյանը հավաստիացրեց, որ հատկապես շաքարավազի ներկրումն իրենց ուշադրության կենտրոնում է, շուկան անընդհատ ուսումնասիրում են, ներկրողներն էլ տարբեր են, մեկ մարդու հետ կապ չունեն. «Բնականաբար, դրանք փոքր խմբաքանակներ են, անգիր չեմ կարող ասել, բայց ԵՏՄ-ից, հիմնականում Ռուսաստանից բավական շատ ներկրողներ կան: Դրանք փոքր ընկերություններ են, անհատ ձեռներեցներ»:
Արտակ Շաբոյանը պատասխաններ չտվեց այն հարցերին, որոնք վերաբերվում էին նախկինում այդ շուկա մուտք գործելու խոչընդոտներին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Այս պաշտոնյան իր մտքերով արդեն բարոյապես մաշվել է: Բենզինի գնի վերլուծության մտքի “գոհարների” կողքին ստեղծում է նոր “գոհարներ”, որոնք նպաստում են …արտագաղթին