«Ջերմուկը՞, անպայման»,- Aravot.am-ի հարցին` Ջերմուկ քաղաքն ի վերջո կդառնա՞ զբոսաշրջային կենտրոն, այսպես արձագանքեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ 2008 թվականի սեպտեմբերի 18-ի 1064-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը (վարչապետ Տիգրան Սարգսյան) Ջերմուկ քաղաքը հայտարարել է զբոսաշրջային կենտրոն: Մինչեւ 2012 թվականը, Ջերմուկը պետք է դառնար «միջազգային չափանիշներին համապատասխանող, տարվա չորս եղանակի զբոսաշրջային կենտրոն, առողջարանային եւ ձմեռային զբոսաշրջային կենտրոն, շախմատի միջազգային մրցաշարերի կազմակերպման կենտրոն, համահայկական, ինչպես նաեւ միջազգային մանկապատանեկան եւ երիտասարդական ճամբարատեղի, մշակութային զբոսաշրջության կենտրոն, ունենա տարեկան 100 հազար զբոսաշրջային այցելություն եւ դրանից տարեկան 100 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի եկամուտ…»:
Դրան հաջորդած ժամանակահատվածում, իրար հաջորդած կառավարությունները եւս Ջերմուկի զարգացման ծրագրեր են ընդունել: Ջերմուկին վերաբերվող վերջին փաստաթուղթը հավանության է արժանացել վերջերս, մեկ ամիս առաջ, Կարեն Կարապետյանի մոտ կայացած զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության, տարածքային համաչափ զարգացման և զբոսաշրջային ռեսուրսների արդյունավետ օգտագործման վերաբերյալ աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Նարեկ Սարգսյանն ասաց, որ այս տարի Ջերմուկում շատ լուրջ աշխատանքներ են նախատեսվում, ֆինանսական աղբյուրները կան: Հակադարձմանը`ամեն տարի էլ նախատեսվում են եւ մնում թղթի վրա, Նարեկ Սարգսյանը պատասխանեց. «Միայն 10 միլիոն դոլար Ջերմուկի բարեկարգման համար է նախատեսվում: Կա նաեւ մասնավորների ծրագիր, որոնց ընդհանուր գումարը կկազմի մոտ 20 միլիոն դոլար»: Այս ծրագրերը նախատեսված են ընթացիկ եւ գալիք տարվա համար: Ներդրողի անուն, պարոն Սարգսյանը հրաժարվեց հրապարակել: Ասաց`կվարկաբեկեք:
Նա վստահեցրեց`երեք տարուց Ջերմուկը կլինի զբոսաշրջային քաղաք կամ մոտ կլինի այդ կարգավիճակին:
«Կենսագրությանս մութ կողմերը ձեզ խոստովանեմ. ես ծնունդով Ջերմուկից եմ»,- անկեղծացավ Նարեկ Սարգսյանը`նկատի ունենալով, որ ինքն էլ շահագրգիռ է Ջերմուկի զարգացման համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ