Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեղադրանքներ հայկական կողմին՝ Պեդրո Ագրամունտի հեռացման հարցով

Հունիս 27,2017 14:05

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշխատանքների երկրորդ օրը՝ լիագումար նիստի ընթացքում, քննարկվում է Մարի Պասկեի զեկույցը, որն առանցքային դրույթ է առաջարկում՝ կանոնադրության մեջ կատարել փոփոխություն, որից հետո կգործի Պեդրո Ագրամունտին ԵԽԽՎ նախագահի պաշտոնից հեռացման մեխանիզմը։

Նշենք, որ Ագրամունտի՝ հրաժարական չներկայացնելու պատճառով ԵԽԽՎ պատվիրակներն առաջարկում են կանոնակարգում փոփոխություններ կատարել, որպեսզի վեհաժողովը հնարավորություն ունենա նաև հեռացնել նախագահին:

Մարի Պասկեի ելույթից հետո պատվիրակների մեծամասնությունը կողմ արտահայտվեց զեկույցին: Կողմ արտահայտվեցին նաև քաղաքական խմբերի ներկայացուցիչները:

Կարծիքներ հնչեցին նաև, որ պետք է ապահովել իմպիչմենտի համար մեծամասնություն, հակառակ դեպքում վեհաժողովը կհայտնվի վարկանիշի առումով ավելի վատ վիճակում, քան հիմա է:

Պատգամավորներից Ակսել Ֆիշերը հիշեցրեց, որ վեհաժողովն անվստահություն է հայտնում Պեդրո Ագրամունտին այն բանի համար, որ նա այցելել է Սիրիա՝ առանց ԵԽԽՎ-ին տեղյակ պահելու այդ մասին: Վեհաժողովում պնդումներ հնչեցին, որ նա դա արել է ռուսական կողմի ճնշման ներքո: Պարոն Ֆիշերն ասաց՝ սա լուրջ հիմք է, որպեսզի արդարացվեն կանոնադրական փոփոխությունները:

Ուկրաինացի պատվիրակ Վոլոդիմիր Արիևն էլ հայտնեց, թե իրենց նպատակն է վերջ դնել այս իրավական վակուումին, որի մեջ հայտնվել է վեհաժողովը և անմիջապես սկսել Պեդրո Ագրամունտին հեռացնելու գործընթացը:

Նիդեռլանդները ներկայացնող պատվիրակ Փիթեր Օմզիգն էլ քննադատեց այն հանգամանքը, որ տարիներ շարունակ ԵԽԽՎ-ում ոչ մի պատվիրակ, ոչ մի զեկուցող, ոչ մի նախագահ պատասխանատվության չի ենթարկվել իր սխալ քայլի համար:

ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը ստեղծված իրավիճակն անտանելի համարեց ու հայտարարեց, որ, ըստ էության, Պեդրո Ագրամունտը ԵԽԽՎ նախագահ չէ:

Ադրբեջանական պատվիրակության անդամ Սամադ Սեյիդովի ելույթը ըստ էության բացահայտ պաշտպանական ելույթ էր ուղղված Պեդրո Ագրամունտին: Նա հայտարարեց. «Պարոն Ռուքե, կարևորում եք կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելը: Սակայն հարց է առաջանում, ինչո՞ւ հաշվետվողականության և թափանցիկության հարցը չբարձրացվեց այն ժամանակ, երբ Դուք այցելեցիք օկուպացված, չճանաչված Լեռնային Ղարաբաղ, կամ ինչո՞ւ պատժելու մասին խոսք չկար այն ժամանակ, երբ ԵԽԽՎ պատվիրակներն այցելում էին Ղրիմ: Այնինչ հիմա բարձրացվում է ԵԽԽՎ մեկ անդամին պատասխանատվության ենթարկելու հարցը: Տեսնում եք, թե որքան ակտիվ են հայ պատգամավորները, սա նշանակում է, որ այս զեկույցը նրանք ուզում են ծառայեցնել իրենց անձնական շահերին:

ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանն էլ արձագանքեց՝ խնդիրն այն չէ, թե ով ուր այցելեց, այլ այն, որ ներկայիս ԵԽԽՎ-ն իր վարկանիշով, թափանցիկությամբ և ազնվականությամբ տարբերվում է այն կառույցից, որին տասնյակ տարիներ անց անդամակցել են: Տիկին Նաղդալյանը, արձագանքելով ադրբեջանցի գործընկերոջ այն դիտարկմանը, թե հայերը շատ ակտիվ են, ասաց, որ ակտիվության պատճառներից մեկն էլ այն է, որ ցանկանում են վերջ դնել Ադրբեջանի կողմից ներդրված վատ ավանդույթներին:

Պատվիրակներից Վալերիո Գիլետչին էլ հորդորեց չշտապել ու երկակի ստանդարտներ չկիրառել:

Պատվիրակներից Անն Բրասյորն էլ հեռակա խնդրեց Ագրամունտին, թե հեռացի՛ր Պեդրո Ագրամունտ, դեռ ժամանակ կա, դեռ կարող ես ինչ-որ բան շտկել:

Նշենք, որ քիչ անց զեկույցը կդրվի քվեարկության:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930