Նյութում հրապարակված է, թե իբր «Համաձայն Հայաստանում ԵՄ գրասենյակից ստացված պաշտոնական տեղեկատվության՝ 2016թ.-ի կեսերին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամներ «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ-ին (դիմորդ) և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (համադիմորդ) հակակոռուպցիոն կենտրոնին հատկացրել է 462 հազար 479 եվրո դրամաշնորհ»։
Հոդվածագիրը գրում է, որ ըստ ԵՄ-ի տրամադրած տեղեկատվության՝ ԻԵՄ-ին և ԹԻՀԿ-ին նախորդ տարվա կեսերին հատկացրել է 462 հազար 479 եվրո դրամաշնորհ։ Սուտ է։ 2016թ. կեսերին հիշյալ կազմակերպությունները դիմել են ծրագրով, իսկ դրամաշնորհային ծրագրի ընդհանուր գումարը կազմել է 462479 եվրո։ Այդ գումարը կազմված է ԵՄ-ի ֆինանսավորումից և այլ աղբյուրների՝ ԻԵՄ-ին և ԹԻՀԿ-ին հատկացրած համաֆինանսավորումից։ Ծրագրի պայմանագիրը ստորագրվել է 2016թ. դեկտեմբերի 19-ին, իսկ ԵՄ-ի կողմից ԻԵՄ-ին հատկացված գումարի չափը կազմել է 370.000 եվրո։
Ընդ որում, այս տեղեկատվությունը դեռևս փետրվարի 24-ին համատեղ ասուլիսի ժամանակ հաստատել են թե՛ Հայաստանում ԵՄ-ի դեսպան Պյոտր Սվիտալսկին (տե՛ս ԵՄ պաշտոնական հաղորդագրությունը), թե՛ ԻԵՄ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը (տե՛ս ասուլիսի ձայնագրությունը 24-րդ րոպեից)։
Նյութի հեղինակը հատուկ ուշադրություն է դարձնում ԻԵՄ-ի կողմից դիտորդների հետ աշխատանքային պայմանագրեր կնքելու-չկնքելու և հարկային պարտավորությունների կատարման հարցերի վրա։ Այնինչ, մինչ այդ հրապարակայնորեն պարզաբանվել էր (տե՛ս ԻԵՄ-ի նախագահ Լուսինե Հակոբյանի տված հարցազրույցները hraparak.am եւ tert.am կայքերին), որ կազմակերպությունն աշխատանքային հարաբերությունների մեջ չի եղել դիտորդների հետ, ոչ էլ նրանք ծառայություն են մատուցել կազմակերպությանը։ Այլ կերպ չի էլ կարող լինել, քանի որ դիտորդությունը կամավորության սկզբունքի վրա հիմնված առաքելություն է։ Դիտորդը ծառայություն է մատուցում հասարակությանը, ծառայում է հանրային շահին՝ որպես հանրային հսկիչ կամավորական հիմունքներով։ Իսկ կազմակերպությունը նախատեսել էր դիտորդության դիմաց տրամադրել օգնություն, որը հանդիսանում է ֆինանսական խրախուսանք՝ քաղաքացիական ակտիվությունը խթանելու նպատակով։ Հարկ ենք համարում արձանագրել, որ կազմակերպությունը կատարել և կատարում է օրենքով նախատեսված իր բոլոր հարկային և այլ պարտավորությունները։
Հեղինակի վկայակոչած Էմմա Կարապետյանը, որը ներգրավված է եղել՝ իբրև դիտորդ, մի շարք sms-ներ է ուղարկել ԻԵՄ-ի աշխատակիցներից մեկին (անհրաժեշտության դեպքում կարող ենք հրապարակել դրանք)՝ սպառնալով, որ, թե իրեն գումար չտանք, նա մեր մասին եռալեզու նյութեր կհրապարակի։ Էմմա Կարապետյանը մեկն է այն անբարեխիղճ դիտորդներից, ում սպառնալիքները, ինչպես երևում է իր իսկ տված տեղեկություններից, որևէ ազդեցություն չեն ունեցել նախատեսված ֆինանսական օգնության գործընթացի արագացման կամ դանդաղեցման վրա, և նա, ինչպես նաև մնացածը, ստացել են գումարներն այն ժամանակ, երբ հնարավոր է եղել այդ ստացումը կազմակերպել։
Ի դեպ, պատահական չէ, որ հոդվածում հղում է արվում դիտորդ Էմմա Կարապետյանին (լուսանկարում), որը, ինչպես հետագայում պարզեցինք, Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի Մելիք-Ադամյան 2 հասցեում գրանցված «Արարատ» հեռուստաընկերության հաղորդավարներից է։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում