Եվ այսպես, ըստ Comtrade.un.org-ի՝ 2,016-ին Ռուսաստանը ներմուծել է
ընդհանուր առմամբ 32.7 հազար տոննա ծիրան՝ 18.3 մլն դոլար արժեքով։ Ծիրան ներկրվել է մոտ 2 տասնյակ երկրներից։
Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին ներկրվել էր 43.2 հազար տոննա՝ 36.3 մլն դոլար արժեքով։ Իսկ 2013 թվականին Ռուսաստանը ներկրել էր ավելի քան 68 հազար տոննա ծիրան՝ 70 մլն դոլար մաքսային արժեքով։ Նվազել է թե՛ Ռուսաստանի կողմից ներկրվող ծիրանի բնեղեն ծավալը, թե՛ գինը։ Փաստորեն, ծիրանի ռուսաստանյան շուկան այնքան մեծ չէ, որքան կարող է թվալ շատերին, և գնալով փոքրանում է։
Ըստ նույն Comtrade.un.org կայքի տվյալների՝ 2016 թվականին Ռուսաստանը Հայաստանից ներկրել է 3.14 հազար տոննա ծիրան։ Դա ընդհանուր ներկրման 10%-ից էլ քիչ է։
Ռուսաստանի ծիրանի թիվ 1 մատակարարը 2016 թվականին եղել է Ուզբեկստանը։ Այս երկրից ՌԴ է մատակարարվել 16.7 հազար տոննա (ընդհանուր ներկրման կեսից ավելին)։
Ուզբեկստանին հաջորդում է Մոլդովան (4.8 հազար տոննա), հետո գալիս է Ղազախստանը՝ 4.2 հազար տոննա։ Հայաստանն այս ցուցանիշով չորրորդ տեղում է։ Եթե հիմք ենք վերցնում ոչ թե ծիրանի քաշը, այլ արժեքը, ապա մեկ հորիզոնականով առաջ ենք՝ երրորդ տեղում, քանի որ ղազախական ծիրանի մաքսային արժեքը շատ ցածր է։
Ինչո՞ւ է հայկական ծիրանն իր ծավալներով զիջում ուզբեկականին։ Դժվար է ասել։ Սակայն դատելով առևտրի պաշտոնական տվյալներից՝ պատճառը գինը չէ։ Ըստ Comtrade.un.org-ի տվյալների՝ Ռուսաստանի կողմից ներկրված ուզբեկական ծիրանի 1 կգ-ի մաքսային արժեքը 2016-ին կազմել է 63 սենթ։ Հայաստանից ներկրված ծիրանի 1 կգ-ի արժեքը եղել է 56 սենթ, մոլդովականինը՝ 57 սենթ։ Ընդհանուր առմամբ, 2016 թվականի ընթացքում Ռուսաստանի կողմից ներկրված ծիրանի 1 կգ-ի միջին արժեքը կազմել է 56 սենթ:
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում