Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ պատգամավորները Կարեն կարապետյանի կառավարությունը հեռացող որակեցին: Այսօր լրագրողների հետ զրույցում Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը հարցին՝ դուք ի՞նչ զգացողություն ունեք, հեռացո՞ղ եք՝ պատասխանեց. «Հեռացողի նմա՞ն եմ: Ես այնտեղ եմ, որտեղ կցանկանա իմ թիմը, մեր թիմը: Եթե նպատակահարմար կգտնեն, որ ես ստեղ պիտի լինեմ, ուրեմն կլինեմ, ոչ՝ ոչ»:
Հարցին՝ դուք Սերժ Սարգսյանի՞, թե՞ Կարեն Կարապետյանի թիմից եք՝ Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Դա նույն թիմն է»:
Այն, որ Կարեն Կարապետյանի օրոք դարձավ ՊԵԿ նախագահ՝ Վարդան Հարությունյանի դիտարկմամբ՝ այդ պահին են նպատակահարմար գտել պաշտոն տալ, այդ պահին են տվել. «Եթե նպատակահարմար չեն գտնի, ես էդտեղ չեմ լինի, երեխե՛ք: Ո՞վ ա ասում, որ էդ պաշտոնը հավերժ է: Կամ ո՞վ է ասում, որ ես կառչած եմ պաշտոնից, ընդհանրապես կառչած չեմ»:
Լրագրողների հետ զրույցի վերջում ՊԵԿ նախագահը, սրբելով ճակատի քրտինքը՝ ասաց. «Շատ եք ճնշում ինձ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ