Խոշոր ունեցվածքի տեր եք, ինչպե՞ս եք հասցրել այդքան հարստություն կուտակել: Այսօր լրագրողներն այս հարցն ուղղեցին Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին:
Նա պատասխանեց. «Մի մոռացեք, որ ես մինչեւ 2016-ի հոկտեմբերը աշխատել եմ բիզնեսում: եթե դուք գտնում եք, որ բիզնեսմենը պետք է…եթե անհաջողակ բիզնեսմեն լինեի՝ ոչինչ չէի ունենա: Եթե հաջողակ բիզնեսմենը պետք է չունենա որոշակի կարողություն, իմ համար ընդունելի չէ»:
Լրագրողների թվարկեցին Վարդան Հարությունյանի ունեցվածքը՝ 2 առանձնատուն, երեք բնակարան…Վարդան Հարությունյանն արձագանքեց. «Կարող ա եւ 6-ն ունենայի»:
Մենք հետաքրքրվեցինք՝ հիմա բիզնես չունեք՝ նա պատասխանեց. «Ես չունեմ»: Թե ինչ է արել իր բիզնեսները, նա պատասխանեց, որ կառավարման չի հանձնել. «Իմ ընտանիքի անդամներն են»:
Մեր հարցին՝ շահերի բախում չկա՞, երբ ՊԵԿ նախագահի ընտանիքի անդամները բիզնեսներ են վարում՝ նա պատասխանեց, որ հովանավորչություն չկա իր կողմից. «Երբեւիցե չեմ հովանավորում: Շահերի բախում չկա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ