Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշիկ Ալավերդյան. «Մինչեւ օլիմպիական խաղեր բոլոր առաջնությունները դիտարկում եմ որպես փորձամրցում»

Հունիս 26,2017 23:30

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը մեզ հետ զրույցում ամփոփել է Տոկիոյում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունը:

Նրա խոսքերով, թեեւ 20 տարեկանների աշխարհի առաջնություններում մեր ծանրորդներն առանձին-առանձին մեդալներ նվաճում են, բայց վատն այն է, որ չի ստացվում ամբողջ թիմով լավագույն ձեւով մասնակցել: Մասնագետի կարծիքով այս անգամ ավելի հաջող ստացվեց, եթե նկատի առնենք, որ արդեն տեւական ժամանակ ֆեդերացիան նախագահ չունի եւ իրենք ստիպված հարմարվում են պետական աջակցությանը: Փաշիկ Ալավերդյանը շնորհակալություն է հայտնում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որ այս դժվարին պայմաններում ցանկացած հարցում կանգնած է ծանրամարտի կողքին, մարզիկներին օգնում է լավագույն պայմաններում բուժվել վնասվածքներից եւ վերականգնվել:

Անդրադառնալով Տոկիոյում մեր ծանրորդների մրցելույթներին՝ Փաշիկ Ալավերդյանը եւս մեկ անգամ նշեց, որ ինքը իր սաներից երբեք մինչեւ վերջ գոհ չի լինում, այլապես նրանց հետ չի աշխատի:

«Դավիթ Հովհաննիսյանն ու Հակոբ Մկրտչյանը 85 կգ քաշային կարգում, եթե մեկական հաջող մոտեցում էլ կատարեին, մրցանակակիր կդառնային: Տղաներն աշխատեցին, բայց ստացվեց: Ինքնավստահության պակասը խանգարեց: Ավելի շատ սպասելիքներ ունեի 105 կգ քաշային Սամվել Գասպարյանից: Նա տաղանդավոր տղա է, Յուրի Վարդանյանի քրոջ թոռը: Սամվելը փորձում է նմանվել Յուրի Վարդանյանին, բայց չի կարող, որովհետեւ նրա մարմնի կառուցվածքը այլ է:Նա շատ բան պիտի փոխի, եթե ցանկանում է հաջողություններ ունենալ:

– Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց այս տարիքային խմբի աշխարհի չեմպիոնի կոչումը, որից հետո փորձեց հրում վարժությունում 246 կգ-ով երիտասարդների աշխարհի ռեկորդ սահմանել: Նա այդպիսի կիլոգրամների երբեք չէր մոտեցել: Եվ ոչինչ, որ այս անգամ չստացվեց: Դրա փոխարեն մենք եւ ինքը համոզվեցինք, որ դա նրա ուժերի սահմաններում է: Սիմոնը ռեկորդի կգնա Եվրոպայի երիտասարդական առաջնությունում», – ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Հարցին, թե ի՞նչ ծրագրեր ունեն ծանրորդները, նա պատասխանեց. «Հուլիսի 3-ից կամ 4-ից մեծահասակներն ու երիտասարդները համատեղ հավաք կսկսեն Օլիմպավանում: Երիտասարդները պետք է պատրաստվեն Եվրոպայի, մեծահասակները՝ աշխարհի առաջնությանը: ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջնությանը մեծահասակները մասնակցելու են ոչ մեծ կազմով:

Դեռ անցած տարվանից երիտասարդները մարզվում են ավագ ընկերների հետ: Դա շատ օգտակար է նրանց համար: Վկա՝ աշխարհի երիտասարդական առաջնությունը: Բայց մինչեւ օլիմպիական խաղերը ես բոլոր առաջնություններն ու մեկնարկները դիտարկում եմ որպես փորձամրցում ինչպես ծանրորդների, այնպես էլ մարզիչների համար: Նվաճված մեդալները կատարած աշխատանքի գնահատականն են: Բայց ինձ, որպես ազգային հավաքականի գլխավոր մարզչի, ավելի շատ հետաքրքրում է թիմի անդամների կայուն մրցելույթները, դրական առաջընթացը: Հատկապես՝ երիտասարդների, որոնք մեր վաղվա օրն են»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930