Լրահոս
Օրվա լրահոսը

Զեքի Դեմիրքուբուզի դրաման` բարոյականության ու դավաճանության մասին

Հունիս 26,2017 23:11

Թուրք կինոռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Զեքի Դեմիրքուբուզի «Անթեղ»  ֆիլմը (Ember 2016)  «Ոսկե ծիրանի» խաղարկային մրցույթում է:

Զեքի Դեմիրքուբուզի ֆիլմերը ցուցադրվել են բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոնում, ի թիվս այլ մրցանակների, նա «Ոսկե նարինջ» է ստացել Անթալիայի կինոփառատոնում:

Ինչպես նրա մյուս ֆիլմերում, այնպես էլ «Անթեղում» արծարծվում  է մարդկային բարոյականության եւ էթիկայի դիլեման:

Ֆիլմի հերոսուհին` Էմինեն հիվանդ երեխա ունի, շտապ անհրաժեշտ է վիրահատություն, քանի որ սրտի արատը կարող է փոքրիկի մահվան պատճառ դառնալ: Էմինեի ամուսինը` Քեմալն ասես անհետ կորած լինի, որոշ տեղեկություններով Ռումինա է գնացել փող աշխատելու:  Քեմալը նախկին վետերան է, գործազուրկին բնորոշ հիվանդ  ինքնասիրությամբ եւ ասիացու խանդոտությամբ:

Քեմալի բոսը`Զիան, որը նաեւ գործընկերային հարաբերություններ է ունեցել Քեմալի հետ, վճարում է նրա երեխայի սրտի վիրահատության համար: Զիան անթեղված զգացմունքներ ունի Էմինեի հանդեպ, որոնք չի կարող հաղթահարել: Էմինեն դավաճանում է ամուսնուն, իսկ պատից նրանց է նայում ընտանեկան լուսանկարը: Սակայն դա անասնական կրքերի արդյունքում արված քայլ չէ, Էմինեն էլ անտարբեր չէ Զիայի նկատմամբ:

Որոշ ժամանակ անց անսպասելի տուն է վերադառնում Քեմալը: Նա այլեւս անհանգիստ է, դյուրագրգիռ, աշխատում է Զիայի «ձեռքի» տակ, բայց զգում է, որ նրա եւ իր կնոջ միջեւ ինչ-որ բան է եղել:  Ռեժիսորը շատ նուրբ հյուսում է Քեմալի  ընտանեկան դրաման, նաեւ Զիայինը: Վերջինս կնոջից բաժանվելու շեմին է: Պատճառն Էմինեն է: Էմինեն էլ չի ցանկանում ուրիշի ընտանիքի կործանման պատճառ դառնալ, նաեւ խնայում է ամուսնուն` խոստովանել ճշմարտությունը, քանի որ մտածում է` կնսեմացնի նրա արժանապատվությունը:

Ֆիլմն անսպասելի ավարտ ունի. պարզ չէ` ո՞ւմն է Էմինեի երեխան, հայտնի չէ իսկապե՞ս ավտովթարի է ենթարկվել Զիան, եւ վերջապես ինչո՞ւ է որոշել ընտանիք վերադառնալ Քեմալը, որը խանդից ու կասկածանքից դրդված կնոջը սպանելու մեծ ցանկություն ուներ ու երկար ժամանակ ապրում էր արտադրամասում:

Զեքի Դեմիրքուբուզը նաեւ գրող է: Նա յուրատեսակ մեկնաբանություն է տվել Ֆ. Դոստոևսկու «Գրառումներ ընդհատակից» գործին` ստեղծելով իր «Ներքուստ» (Yeraltı) ֆիլմը: Այստեղ էլ նա անդրադարձ է կատարել մարդկային բանականության մութ կողմերին: Ընդհանրապես նրա ֆիլմերը մտածելու տեղիք են տալիս: Դրանցում յուրատեսակ ուղերձ կա` այնպես ապրիր, որ հետո չզղջաս:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930