Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում այս թատերաշրջանում վերջին անգամ ներկայացվեց Ուիլյամ Շեքսպիրի «Լիր արքա» ողբերգությունը։ Շեքսպիրի այս գործն արդեն 7-րդ անգամ է ներկայացվում հանդիսատեսին ու ամեն անգամ մեծ իրարանցում է ստեղծում Գյումրիում։ Տոմսարկղերում տոմսերը շատ արագ սպառվում են, մարդիկ մայրաքաղաքից ու այլ տեղանքներից ավտոբուսներով, մեքենաներով գալիս են Գյումրի ՝ ներկայացումը դիտելու։
Շատերը ծանոթ են մեջ գցում առանց տոմսերի ներս մտնելու համար, որոշ մարդիկ են համաձայնում են թեկուզև հատակին նստած դիտել ողբերգությունը։ Նշենք, որ ներկայացումը տևում է մոտ 4 ժամ՝ երկու գործողությամբ է ու այդ ընթացքում դահլիճում քար լռություն է։
Շեքսպիրը բեմ է վերադարձրել երկար տարիներ թատրոնից հեռացած երկու պրոֆեսիոնալների․ Լիր արքային մարմնավորում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը, իսկ Գլոստերին՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը։ Ամեն մի ներկայացումից հետո հանդիսատեսը դերասաններին երկար ժամանակ թույլ չի տալիս հեռանալ բեմից, ձեռքերը ցավում են, կարմրում երկարատև ծափահարություններից, բայց միևնույնն է իրենց գնահատականը հնչեցնում են։
Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս ներկայացումն ունի իր ֆենոմենը։ «Ես գիտեմ հանդիսատես, երբ մենք հինգ անգամ խաղացել ենք ներկայացումը, հինգ անգամ էլ նույն տեղերի տոմսերը գնել է, սա այդ ներկայացման ֆենոմենն է, սա Շեքսպիր է, Արթուր Սահակյան է, Ռաֆայել Գրիգորյան է․․․ Այս ներկայացումն անբացատրելի է ինձ համար՝ ինչպե՞ս է լինում, որ մի հանդիսատես կարող է հինգ անգամ դիտել Շեքսպիր, չէ՞ որ դժվար է, երկար է, բարդ է։ Գյումրեցի հանդիսատեսը մեկ անգամ ևս ապացուցում է, որ ինքը բարձրաճաշակ հանդիսատես է, ապացուցեց, որ 3 ամիս շարունակ կարող է գալ, ամսական երկու անգամ գալ ու նայել նույն ներկայացումը, գտնել թերություններ, խոսել էդ մասին, ասել էս դերասանական կազմը լավն է, մյուս դերասանական կազմը թույլ էր», -ասում է Տիգրան Վիրաբյանը։
Ըստ թատրոնի տնօրենի, Գյումրու թատրոնը «Լիր արքայի» դեպքում ունի իր առջև դրված խնդիր․ եթե ուզում ես դիտել «Լիր արքան», կարևոր չէ՝ որ քաղաքում ես բնակվում, պիտի գաս Գյումրու թատրոն։ «Այս ներկայացումը մենք խաղալու ենք մեր տան մեջ, մեզ շատ են հարցնում՝ ե՞րբ է ներկայացումը գալիս Երևան, ներկայացումը չի գնում Երևան, եկեք, նայեք Գյումրիում։ Եվ շատ երևանցիներ եկան, նայեցին Գյումրիում։ Երբ մենք Երևան ենք գնում, երևանյան թատրոններին չենք հարցնում՝ կներեք, ե՞րբ եք բերելու Գյումրի, մենք մեր ժամանակը տրամադրում ենք, գնում ենք Երևան, նայում ենք, նույնը այդ նույն սկզբունքով ուզում ենք, որ գան, նայեն Գյումրիում, և հարյուրավոր մայրաքաղաքից հյուրեր եկան և այս ներկայացումը նայեցին Գյումրիում»։
Տիգրան Վիրաբյանի ասելով, ի տարբերություն մայրաքաղաքի հանդիսատեսի, որն իր զգացողություններն արտահայտում է ներկայացումից հետո՝ շամպայնի սեղանի շուրջ, Գյումրիում եթե հանդիսատեսին դուր չի գալիս ներկայացումը, անմիջապես վեր է կենում ու դահլիճից հեռանում։ Սա, ըստ Տիգրան Վիրաբյանի, քաղաքավարության պակաս չէ, այլ հստակ վերաբերմունք է վատ արած աշխատանքի հանդեպ։ Թատրոնի տնօրենի ասելով, Շեքսպիր բեմադրվել է գյումրեցի հանդիսատեսի պահանջով, որոնք մարդիկ են ուղարկել գլխավոր ռեժիսոր մոտ, թե չհասկացա՞նք, Շեքսպիր ինչո՞ւ չեք բեմադրում, 20-30 տարի էլ չի բեմադրվում։
Aravot.am-ը «Լիր արքայի» ռեժիսոր Արթուր Սահակյանից ևս հետաքրքրվեց, թե ո՞րն է ներկայացման ֆենոմենը, որ 600-650 հոգանոց դահլիճում կանգնելու տեղ անգամ չի մնում։ Ռեժիսորը համեստորեն պատասխանեց․«Մեկ բառով պատասխանեմ՝ չգիտեմ, մենք աշխատել ենք պետք գալ քաղաքին, առաջին հերթին Գյումրիին ու շատ զգույշ վարվենք Շեքսպիրի հետ։Ի՞նչն է սպառվում, Շեքսպիրն էլ կարող է սպառվել, ոչ միայն կապիկությունները, մարդկանց այս ամեն ինչը հետաքրքրիր է թվում»։ Ըստ ռեժիսորի, սա այն գործն է, որը սխալների դեպքում կարող է արագ տապալվել, իսկ ցանկացողները, որ տապալվի, ավելի շատ են։ Ռեժիսորը փառք է տալիս Աստծուն, որ «Լիր արքան» գալիս են տարբեր տեղերից դիտելու, նույնիսկ հատակին նստած են դիտում, այն համարում է իր ամենաաղմկոտ գործերից մեկը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Բացի Լիր արքայի դերակատարից , շատ քիչ էլ խեղկատակներից, ոչ մի այլ հետաքրքիր դերակատար չկար: Լավ է ռեժիսորական աշխատանքը, բայց շատերը թույլ էին: Էդգարի համար առաջ ունեին լավ դերակատար, հիմա թույլ է, Էդմունդը թույլ էր, դուքսերի կերպարները խայտառակ թույլ էի, հիշեցնում էին տաքսու վարորդների, այլ ոչ դուքսերի, իսկ աղջիկները՝ անգամ շլեյֆը կրել չգիտեն: