1994 թվականի սեպտեմբերին նորաստեղծ ու Արցախը Մայր Հայրենիքին կապող Քաշաթաղի շրջանում բացվեց առաջին դպրոցը՝ շրջկենտրոն Բերձորում՝ 25 աշակերտով և նվիրյալ ուսուցիչներով: Արդեն 23 տարվա պատմություն ունեցող կրթօջախում այժմ սովորում են 200 աշակերտ, աշխատում մոտ 30 ուսուցիչ: 2008 թվականին հիմք դրվեց դպրոցի և Թեքեյան մշակութային միության «ԹՄՄ» բարեկամությանը, և 2009-ից կրթօջախը անվանակոչվեց ի պատիվ ճանաչված բանաստեղծ, հասարակական գործիչ Վահան Թեքեյանի:
2017-ի մարտ ամսին Մոնրեալի ԹՄՄ-ն դիմեց Ամերիկայի և Կանադայի ԹՄՄ Հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ Գայանե Մուրադյանին՝ Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1 միջնակարգում վերանորոգումներ իրականացնելու հարցով: Բանակցությունների արդյունքում դպրոցի տնօրենությունը նպատակահարմար գտավ նորոգումն սկսել հայոց լեզվի և գրականության դասասենյակից: Բարերար Արտո Մանուկյանին ներկայացվեցին դասարանի լուսանկարները, նորոգման նախահաշիվը: Շուտով սկսվեցին աշխատանքները, որին մասնակից եղավ դպրոցի ողջ անձնակազմը: Նորոգման աշխատանքներն արդեն ավարտված են, և դասարանի մուտքին փակցված է վահանակ՝ «ՀԱՅՕՑ ԼԵԶՈՒԻ ԵՒ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԴԱՍԱՐԱՆԸ ՆՈՐՈԳՈՒԱԾ Է ՄՈՆԹՐԷԱԼԻ ԹԷՔԷԵԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՍԱՐՕ-ԱՐՄԷՆ ՄԱՆՈՒԿԵԱՆ ՖՈՆՏԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹԵԱՄԲ»:
Վերափոխված դասարանը ծնում է ակնկալիք, որ հնարավոր է՝ դպրոցը հիմնովին կնորոգվի, քանզի Հայոց քաջորդիների արյան գնով ազատագրված ու սրբացած հողում ապրող աշակերտն արժանի է կրթվելու բարեկարգ դպրոցում:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ