Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անապատի տխուր մեղեդին. պետուին հայերը Նուրհան Պալեանի լուսանկարներում» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը

Հունիս 26,2017 18:15

Հունիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարության և ՀԲԸՄ հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀԲԸՄ Հալեպի Մ.Սարյանի անվան ակադեմիայի տնօրեն Հրազդան Թոքմաջյանի կողմից կազմած «Անապատի տխուր մեղեդին. պետուին հայերը Նուրհան Պալեանի լուսանկարներում» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը:

Սիրիահայ հայտնի լուսանկարիչ Նուրհան Պալյանը 1936-1958թթ. ապրել է Սիրիայի Դեր-Զոր քաղաքում, որտեղ էլ լուսանկարել է Ցեղասպանությունից փրկված և անապատի բեդվինների միջավայրում ապրած հայերին: Նուրհան Պալյանի լուսանկարների վրա հիմնված պատկերագիրքը ներկայացնում է հայ ժողովրդի ապրած չարչարանքների, օտարացման և ազգային ինքնության կորստի, համազգային մեծ տառապանքի վերաբերյալ փաստեր, աղբյուրագիտական նշանակություն ունեցող հուշագրություններ: ԴերԶորին նվիրված նկարաշարն ամբողջությամբ ներկայացվում է առաջին անգամ, որը հավաքագրել և հրատարակության է պատրաստել Հրազդան Թոքմաջյանը:

Նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը ներկաներին փոխանցեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը, որում մասնավորապես նշված էր. «Անապատի տխուր մեղեդին»… նկարաշարի վերնագիրը լուրջ ուղերձ է: Այն Հայոց ցեղասպանության հանրահռչակման յուրատեսակ ձեռնարկ է՝ համայն աշխարհին ապացուցելու, որ ջարդերից զատ հայության զգալի հատված նաև օտարացվել է, կտրվել իր բնարմատից: Վստահ եմ, որ օտար ընթերցողը, թերթելով պատկերագիրքը, կհասկանա, կըմբռնի թուրքական իշխանությունների կողմից մեզ պատճառված ահռելի արհավիրքն` իր բոլոր դրսևորումներով, արհավիրք, որի մասին մինչ օրս շարունակում են նորանոր նյութեր լույս աշխարհ գալ»:

Շնորհակալություն հայտնելով պատկերագրքի շնորհանդեսը կազմակերպելու համար՝ Հրազդան Թոքմաջյանը նշեց. «Նուրհան Պալյանի լուսանկարները վկայում են արաբ ժողովրդի հյուրընկալությունն ու հոգատարությունը հայ ժողովրդի նկատմամբ, որի շնորհիվ հայերի մի ստվար զանգված, ճիշտ է ուծացավ, սակայն պահպանեց իր գոյությունը»:

Հրազդան Թոքմաջյանը ներկայացրեց լուսանկարչի կյանքն ու գործունեությունն՝ ընդգծելով. «Գնահատելի է ոչ միայն Նուրհանի գեղեցիկ, ինքնատիպ դրվագներ որսալու ձգտումը: Լուսանկարիչը և՛ եռանդուն վավերագրող է, և՛ կենցաղային պարզ իրավիճակներում գեղեցիկ ու տիպական պահերը զգուշորեն որսացող»:

Թոքմաջյանը հավելեց՝ լուսանկարները ներկայացված են որպես մեկ ամբողջություն և դրանք հրատարակելիս ինքն առաջնորդվել է այն համոզմունքով, որ նրանք հավասարապես հետաքրքրելու են թե՛ արաբներին, թե՛ հայերին, և թե՛ ընդհանրապես լուսանկարչական արվեստի սիրահարներին:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930