«Հայկական ռազմական ավիացիայի կազմավորման տարեդարձը մեր զինվորական տոնացույցում ևս առանձնահատուկ ու պատվավոր տեղ է զբաղեցնում: Սեփական զինուժ և ռազմական ավանդույթներ ունեցող աշխարհի բոլոր ժողովուրդների համար ռազմական ավիացիան հպարտության և ոգևորության աղբյուր է: Նաև սեփական երկրի պաշտպանվածության, բանակի մարտունակության և հզորության խորհրդանիշ»,- այսօր ՀՀ ԶՈւ ռազմական ավիացիայի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով, այսօր մի յուրատեսակ տոն է, որը առիթ է հետադարձ հայացք ձգելու, վերագնահատելու պատերազմի դժվարին օրերին ստեղծված հայկական ավիացիայի անցած ճանապարհը, արժեւորելու ունեցած ձեռքբերումները և սահմանելու նոր նշաձող առավել նշանակալի ձեռքբերումների հասնելու համար. «Հայկական ռազմական ավիացիայի մասին խոսելիս անհնար է չհիշել երջանկահիշատակ նվիրյալներ Քաջիկ Մնացականյանին, Բորիս Բաբայանին, Բորիս Խաչատուրովին, այսօր մեր շարքերում գտնվող գեներալ- լեյտենանտ Ստեփան Գալստյանին, ԳՇ ավիացիայի վարչության պետ, գեներալ-մայոր Մուրադյանին, թոշակի անցած, բայց իրենց խորհրդով ու աջակցությամբ մեր կողքին մնացող մեր վետերաններին, ինչպես օրինակ՝ գնդապետ Վյաչեսլավ Հակոբովին և նրանց ծառայակից ընկերներին, ովքեր ջանք չեն խնայում զորատեսակի պատիվը բարձր պահելու համար: Սա ձեր մեծ ու ազնիվ աշխատանքի արդյունքն է: Շնորհակալ ենք ձեզ»,- նշեց նախարար Սարգսյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մանրամասներն ավելի ուշ տեսանյութում