Լրահոս
Օրվա լրահոսը

Վա՜յ թե… (հատվածներ վեպից)

Հունիս 26,2017 14:10

Սարմեն Ղահրամանյան

«Մարդու ժառանգականությունից ու դաստիարակությունից, իսկ ընդհանրա-պես, ներքին լուսավորությունից է կախված, թե ինչպես է ընկալում՝ կողքիններին, միջավայրն ու շրջապատը»:

Հեղինակ

«Հարկավոր չէ լսել, ինչպես է աճում խոտը, կարելի է խլանալ»:

Հաուպտման

«Ազգերը, ինչպես նաեւ անհատները, կարող են ապրել միայն երկու կերպ. կա՛մ գողանալով կամ արտադրելով»:

Սեն Սիմոն

«Ազգից չի կարելի քանդել նշանակարը, ինչպես թաշկինակից»:

Հյուգո

 

Ու հետո, ոտքն իջեցրեց, իրար կապակցված մի քանի պահունակով կարճափող-ինքնաձիգը «սազ բերեց» ուսին եւ արհամարհաբար տղային էր նայում։ Արհամարհաբար տղային էր նայում, ու տղան չդիմացավ, եւ՝ արհամարհաբար-ժպտալով ասաց, հարցնելու նման ասաց.

– Իշչա՞կ, շտո լի՛…

Ու տղան ինքն էլ չիմացավ… Ամեն ինչը, կարծես, թե լավ էր վեր-ջանում, սակայն այսպիսի առիթներ արդեն եղել են, ու «այսպիսի առիթների դեպքում» գիտեր, թե «բանն» ինչով է վերջանում, եւ մի պահ ինքն-իրեն պատկերացրեց, որ Շուշիի բերդից կամ Աղդամի կատաղած խառնամբոխի «ձեռքից» այլանդակված դիակն արդեն բերել են, ու մայրը գլխավերեւը մազերն է փետում։ «Կուլ չեմ տալու, կուլ տվեցի, հետո ես ինձ չեմ ներելու։ Եթե հիմա թուրքի վիրավորանքը կուլ տվեցի, հետո ինչի՞ մասին եմ գրելու»,- ինքն իրեն տղան մտածեց եւ հանկարծ աչքն ընկավ թուրքի գլխարկին. կարծես, թե այս բեղավորն Աֆղանստանում էր ծառայել եւ… ձիգ շորերն ու զինվորական շորերի տեսակը, կրծքին թրթռացող միակ-զինվորական շքանշանը, նավաստու լայնակի ու հետեւից կախ ժապավենով գլխարկը… «Օդակայանում հայուհիների աչքին խորոզացող «հերոսներից» է երեւում»,- անցավ տղայի մտքով, եւ թուրքին իր իսկ գլխարկը մատնացույց անելով ու ձեռքը դնելով նրա ինքնաձիգին՝ հանգիստ, վստահ, ալարկոտ-կողքի նայելով-անտարբեր ասաց.

– Տեսնո՞ւմ ես, իմ ձեռքերը դատարկ են։ Թե գլխիդ փափախ ունես, տուր այդպիսի մի ինքնաձիգ… եւ մենք հավասար պայմաններում իրար հետ կխոսենք։

Ու թուրքը զարմացել էր, եկած-տղային-թուրքին շրջապատած-մնացյալ թուրքերը զարմացել էին, տղայի հետեւում քարացած շարքը սպասում էր, եւ… հատագա ընթացքի «ահավոր բաներին» էր քարացած սպասում: Ու այդ հետագա ընթացքի «ահավոր բաներին» նաեւ տղան էր լարված-ենթագիտակցորեն սպասում, ու գիտեր, համոզվա՛ծ էր, որ, ուր որ է՝ թուրքի բռունցքը ծնոտին է իջնելու, իր ծնոտին է իջնելու թուրքի բռունցքը… եւ ինքը երդվել է՝ կուլ չի տալու, կուլ չի տալու վիրավորանքը… ու հիմա ուղեղի մթագնոտ մի մասում՝ Շուշիից կամ Աղդամի խառնամբոխի «ձեռքից» բերված իր այլանդակված դիակի վրա մայրն է հեռակա կարգով մազերը փետում…

– …Բա իշչակ չի՝ ի՞նչ է՝ ոտքով է խոսում…

Ու այնքան էլ բարձր չէր ասված, եւ նուրբ-կանացի ձայն էր, ու այդքան տղամարդկանց մեջ այդ կանացի-համարձակ ձայնը լսվեց… եւ կենարար օդի պես դեռեւս զրնգում էր տղայի քունքերում ու սառած-կանգնած շարքի ու թուրքերի քիմքերին… Եւ հետո, թուրքը տղայից կտրուկ շուռ եկավ ու դեպի այդ մատաղահաս կինը գնաց շեշտակի, ու հետո… այդ մատահահաս կնոջ ամուսինը մեջտեղ ընկավ եւ թուրքը փորձում էր նրան քաշքշել… բայց սառած-կանգնած շարքը կենդանության նշաններ ցուցաբերեց եւ բողոքի ալիքի նման թուրքին մեջն առավ ու դեպի ինքնաթիռ շարժվեց։ Ու Հայաստանից եկած հայ-օդաչուները ականատեսն էին եւ օդաչուներից մեկը վազեց-եկավ տղայի արկղներից մեկը վերցրեց՝ օգնում էր, ու շուտասելուկի պես վրա-վրա էր տալիս ականջի տակ անընդհատ… անունս՝ Յաշա է… իրենցը՝ ինքնաձիգ է, իմն է՝լ ատրճանակ է… հեչ չէ՝ ինքնաթիռը կքշեմ ու շենքի տակ կճխլտեմ էդ շան տղերքին… լավ կերցրիր՝ տանձդ կերան… միայն թե՝ շուտ-շուտ քայլիր, քանի չեն մտափոխվել։

Եւ արանքում տղան հետ դարձավ ու ռուսանման թուրքին գեղեցիկ ժպտալով՝ սեղանի վրա դրված 25-ոցները վերցրեց, ու գեղեցիկ ժպտալով՝ գրպանը դրեց։ Ու թուրքերը ատելությամբ նայում էին, բերանում թուքը չորացել էր, բայց տղան թռիչքահրապարակից մինչեւ թռիչքահրապարակը ուղեկցողներից փակող-անջատող-սահմանող ցանցապատնեշը գլուխը բարձր ու ցուցադրաբար-դիք բռնած, կողքի թքոտելով գնաց եւ ցանցապատնեշի վրայով գլուխը դիք բռնած՝ բա՜րձր, շատ բա՜րձր ձայն տվեց՝ Զորիկի՜ն, Անդրանիկի՜ն, Կնյազ-դայո՜ւն, Նվերի՜ն, Արմենի՜ն … ասեք՝ բարեհաջող անցաա՜… անցա՜՝ բարեհաջո՛ղ: Ու գոռա՜ց, ու գլուխը բարձր բռնած եւ՝ թուքը չորացել էր, բայց կողքանց թքոտելով նորից եկավ-ինքնաթիռ բարձրացավ: Բարձրացավ, եւ երիտասարդական թերթի լրագրողի վկայականի արանքից տոմսը հանել-ուղեկցորդուհուն էր տալիս, ու կողքին նստած բիձան նորից աշխուժացավ օդում փափուկ նստած խրատների մեջ.

– Բա էդ վկայականով դու ո՞նց ես համարձակվում էդ քայլին ես դիմում։ Մեկ էլ օրը մերոնք տվել-նրանցից երիտասարդական թերթի լրագրող-մի քածի են սպանել. իսկը եկել, ձեռքներն էիր ընկել։ Բայց թե դրանք էդ են, հա՛՝ դու մենակ քեզ ցույց տուր՝ մկան ծակին…

Խորհուրդ-խրատ տղան շատ է «տեսել» ու շատ է լսել…  Տարիքի հետ մարդը մեծանում եւ ապրած կյանքը մաքուր է ուզում ներկայացնել շրջապատին։ Մաքուր էլ չեղավ, մաքուր պիտի ներկայացնի, եւ շրջապատի համար դա իր մաքրամաքուր խրատ-խորհուրդներում պիտի անի։ Ու հիմա բիձան «բանակային» իր օրագրին էր անցել, եւ տղայի ականջի տակ նրա «բանակային թուրք ընկերը բանակից փախչելու-ազատվելու համար սապոնը կերել ու փրփրակալած բերանով ոտքերն էր տնկել»։ Եւ տղան ուզում էր հավատալ, բայց չէր կարողանում հավատալ այս բիձուն։ Շարքի մեջ սուսիկ-փուսիկ, ամլիկ գառան նման թուրքի կամայականություններին վիզ ծռած բիձուն, որ ինչքա՞ն պիտի ապրի՝ ինքն էլ չգիտի, բայցեւ իր զավակի տարիքի տղայի համար դժվարին այդ պահին, բեռան ամբողջ ծանրությունը թուլակազմ ու նուրբ այդ մատաղահաս կնոջ ուսերին գցեց։ Մատաղահաս այդ կնոջ թուլակազմ ուսերին գցեց բեռան ամբողջ ծանրությունը: Այդ կնոջ, որ հիմա էլ տղայից մի քանի աթոռ հետեւ նստած, ամուսնու ամոթից… աղջի՛, լավ, ցածր խոսիր… խրատն անտեսել ու կտրուկ-կտրուկ-բաձրաձայն ամոթանք էր տալիս՝ բա ամոթ չի՞… բա ամոթ չէ՞ր… բա այդքան հայ տղամարդկանց մեջ՝ ինչո՞ւ պիտի ես խոսեի… բա, մեր հայ տղային, որ Շուշի կամ Աղդամ տանեին…

Ու տղան «թեթեւ օդում նստած»-ծակ խորհուրդ-խրատի կարիքը երբեք չի ունեցել եւ՝ չունի, ու տղան նստելատեղում թաղվելու նման ընկղմվել, եւ հայուհու այդ ազնիվ քայլից լացել էր ուզում ծածուկ։ Եւ լացելն էր չէր օգնելու՝ բիձան «սապոնի» այդ պատմությունը տեղ հասնե-լուց հետո՝ ուրիշներին էլ է պատմելու, եւ արանքում նաեւ «թուրք-օմոնա-կաններով շրջապատված օդակայանն ինքը կտրել-եկել էր» կտրիճավարի, ու ապրելիք-մնացյալ տարիներում՝ իրեն խեղճացված-երեւակված պատկերները իր իսկ կամեցողությամբ խամրելու, եւ արդեն վայրէջքի նախապատրաստվող ինքնաթիռի «ոտքերի» տակ նշմարվող սառցակալած թռիչքադաշտի ձյան սառածությունն էր ընդունելու իսպառ։ Վայրէջքի նախապատրաստվող ինքնաթիռի «ոտքերի» տակ նշմարվող սառցակալած թռիչքադաշտի ձյան սառածությունն էր իսպառ ընդունելու ապրելիք-մնացյալ տարիներում նրա՝ կյանքից կառչած-դարն ապրած, մատաղահաս կնոջ «ուսին հենված» բիձու՝ իրեն խեղճացված-երեւակված պատկերները…

Եւ ինքնաթիռն արդեն վայրէջքի էր նախապատրաստվում ու ներքեւում օդանավակայանի սառցակալած-սառը-ձյունապատ թռիչքա-դաշտն է արդեն. այդ է, հարազատ երկրամասն այդքա՜ն մոտիկ, ու այդքա՜ն հեռու Մայր Հայրենիքից՝ բիձու «մի թեթեւ» հիշողության չափ։

Եւ ուղեւորները հանգիստ «ախ» քաշել ու աշխույժ-ոգեւորված հայացքներն ինքնաթիռի պոչի մասում իրար կիպ-դասավորված սեփական ուղեբեռներին են հառել ու այդպիսի պահերին՝ ինչպես միշտ, մտքներում ինքնակամ՝ հարեւանից մի ոտ առաջ ընկնելն ու բեռանը հասնելն է՝ ինչքան կարելի է, շուտ պիտի դուրս պրծնել արդեն խեղդուկ դարձած ինքնաթիռից։ Եւ ուսանող մի աղջիկ անընդհատ պատուհանից դուրս նայում ու անընդհատ արագացված, կտրուկ ու կոպիտ շարժումներով մազերն է սանրում՝ ձեռքի շարժման հետ ափ նետված ձկան նման բերանը բաց ու խուփ անելով։ Ու հետաքրքրասեր եւ կարծես հիվանդոտ-անգույն-թուլակազմ աղջիկ-մի երեխա այս աշխույժին չդիմացավ ու, երեւի, թե այդ միտքը տանջել էր իրեն ամբողջ ճանապարհին, եւ իրեն հարդարող-կարգի բերող մորը մի երկու անգամ հարց տվեց՝ մա՛, հիմա պապիկն ու տատիկը մնացին թուրքերի մե՞ջ։ Մայրը թափառող ու անորոշ հայացքով սանրին հավաքված-կծիկ դառած մազափունջը բռան մեջ սեղմեց եւ ինքնաթիռի պատուհանը բացելու փորձ արեց, բայց պատուհանը սառա՞ծ էր, թե համակարգի արտադրանքին վայել սահմանափակ-տեղը պինդ կանգնած էր, ի՞նչ էր, չիմացվեց, ու շրջապատից իբր թե թաքուն շարժումով բռան տարողությունը դիմացինի լքված նստելատեղին պարտակեց։ Հետո, անորոշ-թափառող հայացքով խորհրդավոր ժպտաց ու սեփական աղջնակի գլխի վրայով ձեռքը մեղավոր փաղաքշելու նման տարավ-բերեց, բայց մտքերն ուրիշ տեղ էին ու կարծես, թե մի երկու օրով ազատություն ստացած ջահել ամուսնուն սեփական տեղաշորում ուրիշի հետ բռնացնելու ու մի լավ շշպռելու հաճույքն էր հեռակա կարգով վայելում…

/շարունակելի/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930