«Եթե «Երկիր Ծիրանի» կուսակցությունը առաջարկում է, որ նրանք վայր դնեն իրենց մանդատները, որ գան այն անդամները, որոնք պատրաստակամ են խոսելու, իսկ նրանք հրաժարվում են «Երկիր Ծիրանիի» անդամ լինելուց եւ պահպանում են մանդատները՝ հայտարարելով, որ պատրաստ են համագործակցել իշխանությունների հետ, ես այդտեղ էլ կարող եմ հիմնավոր կասկած ունենալ , որ մանդատների վայր չդնելը նույնպես համագործակցության արդյունք է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության փոխնախագահ Կարո Աղաջանյանը՝ անդրադառնալով իրենց կուսակցության արդեն նախկին անդամներ Հայկ Պետրոսյանի եւ Մնացական Պարակշիեւի՝ Երեւանի ավագանիում անկախ գործելու մասին հայտարարությանը:
Նա դժվարացավ պատասխանել հարցին՝ հնարավո՞ր է կուսակցությունից հեռացածները իշխանության կողմից ներդրված են եղել, ասաց՝ փաստեր չունի:
Պարոն Աղաջանյանի խոսքով, նրանք չեն կարող անկախ գործել ավագանու կազմում. «Օրենքի պահանջով կամ պետք է մտնեն ՀՀԿ խմբակցություն, կամ «Ելք», դրանից էլ պարզ կլինի, թե նրանք ինչ միտում են ունեցել»:
«Երկիր Ծիրանիի» փոխնախագահի խոսքով, իրենց կուսակցության նախկին անդամները խախտել են կուսակցության ներսում ձեռք բերված նախնական պայմանավորվածությունը:
«Մինչեւ Երեւանի ավագանու նիստը կուսակցությունում որոշել են՝ այդ օրվա օրակարգի վերաբերյալ յուրաքանչյուրը ինչ ելույթ է ունենալու կամ ինչ հարց է տալու, բայց նրանցից մեկը բացարձակ լռել է, իսկ մյուսը երկու հարց է հնչեցրել, որը չի վերաբերել օրակարգի տվյալ հարցին»,- պատմեց պարոն Աղաջանյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ