ԵՏՄ-ի 170 մլն-անոց շուկան հայերի համար ինչքանո՞վ իրացվեց, գոնե մի օգուտ տվե՞ց: Այսօր լրագրողներն այս հարցն ուղղեցին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին:
Նա պատասխանեց. «Եթե դուք մեր արտահանման թվերը նայեք, ապա տվեց»:
Պարոն Գաբրիելյանն ասաց, որ մենք մինչ այդ եւս ՌԴ-ի հետ առեւտուր անում էինք, ունեինք Ազատ առեւտրի համաձայնագիր, հիմա Մաքսային միության մեջ ենք, որի հետեւանքով մաքսային ձեւակերպումներ եւ բազմաթիվ այլ գործառույթներ թեթեւացել են, մաքսատուրքը նվազել է. «Եթե դուք Համաշխարհային բանկին այդքան մեծ հաճույքով ցիտում եք, ցիտեք նաեւ այն, որ ՀԲ-ն ասում է՝ գործարարությամբ զբաղվելու համաթվով մենք ունեցել ենք առեւտրային պայմանների բարելավում, որը վերաբերում է հենց այդ մաքսային պայմանների բարելավմանը: Երկուսն էլ պետք է ասել»:
Վաչե Գաբրիելյանը Վարդան Արամյանի խոսքերը վկայակոչեց, որ շուրջ 700 ապրանքատեսակների վերաբերյալ անմիջապես տարիֆների բարձրացում չեն արել, արել են աստիճանաբար, որ դա չազդի տնտեսական սպառման վրա, որ սպառողներն ու տնտեսվարողները կարողանան կամաց-կամաց անցնել նոր տարիֆներին:
Վարդան Արամյանը նշել էր, որ չնայած մեր արտաքին պարտքը, որը մոտենում է 6 մլրդ-ի, մենք ցածր պարտք ունեցող երկրների շեմին ենք գտնվում: Հարցին՝ քանի՞ միլիարդ պարտք դեռ պետք է վերցնենք ու կուտակենք, որ Հայաստանի իշխանություններին դա սկսի անհանգստացնել՝ Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «ՀՀ իշխանությունները մտահոգ են, որ պարտքը կառավարվի արդյունավետ կերպով: Այդ իսկ առումով պարտքի ռազմավարության մեջ ամրագրված են դրույթներ: Հարկաբյուջետային կանոններ կան, որոնք ավելին են, քան պարտքի կանոնները, կներկայացվեն»:
Լրագրողները Վաչե Գաբրիելյանին փոխանցեցին Համաշխարհային բակի մյուս քննադատությունների մասին, որ գործարար միջավայրի խոչընդոտներ կան, հովանավորչություն կա եւ այլն: Վաչե Գաբրիելյանը արձագանքեց. «ՀԲ-ն ասում է, որ Հայաստանում որեւէ լավ բան չկա՞, ճի՞շտ եմ հասկանում ձեզ: Կոնկրետ խնդիր ասեք»:
Դիտարկմանը, որ ՀԲ-ն մենաշնորհների մասին ասաց, գործարարության զարգացման համար անբարենպաստ միջավայրի՝ պարոն Գաբրիելյանը պատասխանեց. «Եթե դուք նայեք այն, ինչ ասաց Համաշխարհային բանկը եւ այն, ինչ ասաց կառավարությունը, երբ ներկայացրեց իրավիճակի ախտորոշումը, ձեր կարծիքով, ՀԲ-ի գնահատականներն ավելի սուր էին, քան կառավարության տված ախտորոշո՞ւմը: Չեմ կարծում: Նույն բիզնեսի վերաբերյալ տրված գնահատականները կառավարության կողմից բավականաչափ սուր էին: Կառավարության ծրագիրը հստակ ունի հենց այդ տրամաբանությունը՝ նկարագրում է խոչընդոտը, որ կա եւ ասում է, թե ինչ ենք անելու: Նույն գործարար միջավայրը բազմաթիվ գործոններից է բաղկացած, նրանց մեջ մտնում են թե՛ դատական պրոցեսները, թե՛ այն խնդիրները, որ կար հարկային, մաքսային վարչարարության մեջ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ