ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը տեղեկություններ չունի իր՝ հնարավոր պաշտոնանկության մասին:
Այսօր ԶՈՒ ավիացիայի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառումից հետո պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են մամուլում շրջանառվող լուրերը իր պաշտոնանկության մասին՝ գեներալը զարմացավ ու ժպտալով ասաց՝ տեղյակ չեմ:
Մեկ այլ լրագրողի հարցին, թե վերջերս ՌԴ-ն Ադրբեջանին կրկին մեծածավալ սպառազինություն մատակարարեց՝ քրիզանթեմ համակարգեր, ի՞նչ կասեք այդ մասին, պարոն Հակոբյանը պատասխանեց՝ գլխավոր շտաբը չի զբաղվում այդ հարցերով, քաղաքական իշխանություններն են զբաղվում:
Անդրադառնալով սահմանի իրավիճակին, գեներալն ասաց՝ ամենօրյա լարվածություն չկա, առաջապահ ստորաբաժանումները վերահսկում են իրավիճակը առաջնագծում:
Aravot.am-ի մեկ այլ հարցին՝ հիմքեր տեսնո՞ւմ է այն վերլուծություններում, որ Արցախի գլխին պատերազմի ամպեր են կուտակվում, պարոն Հակոբյանը պատասխանեց. «Զինված ուժերն ունի իր վերլուծությունը, որ հայկական ԶՈՒ-ն լիարժեք կարող է կանխել պատերազմը ու հարկ եղած դեպքում կազմակերպել պաշտպանություն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ