«Հնարավոր չէ իրականացնել հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականություն, եթե պետությունը հույսը դրել է արտաքին աղբյուրներից եկող միջոցների վրա»,- խորհրդարանում ընթացող 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ կարծիք հայտնեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Նման կախվածության պարագայում, ըստ նրա, դրամավարկային եւ հարկաբյուջետային լծակը չի կարող լավ աշխատել. «Տնտեսական աճի վերաբերյալ վախվորած ցուցանիշների հրապարակումը թույլ է տալիս կարծել, որ Հայաստանը դեռեւս պետք է մնա արտաքին պարտքի հույսին»:
Իր դիտարկումներից զատ պատգամավորը նաեւ հարց տվեց ՀՀ ֆինանսների նախարարին. «Ե՞րբ ենք արտաքին պարտքը սպասարկելուց անցնելու արտաքին պարտքի կառավարմանը»:
Վարդան Արամյանը չհամաձայնեց պատգամավորի դիտարկումների հետ: Նախարարն ասում է` Հայաստանն ունի պարտքի կառավարում. «Թող մեծամտություն չհնչի, բայց ԱՊՀ երկրներում մենք ենք տեխնիկական ապահովություն տալիս պարտքի կառավարման մոդելի մասով»:
«Եթե այսքան շնորքով եք, կուտակային կենսաթոշակայինի փողը ինչի՞ եք տալիս ուրիշին, որ կառավարի, էն էլ հայտնի չի`կտա՞ն, թե` չեն տա»,- հակադարձեց Վարդան Բոստանջյանը:
Մանրամասները`տեսանյութում
Վարդան Արամյանը փարատեց պատգամավորի մտահոգությունները գումարները հետ տալու վտանգներ չկան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ