Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ բարդությունների են բախվում ՀՀ քաղաքացիները Եվրոպա մեկնելիս

Հունիս 26,2017 15:00

Նոյեմբերին ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ կնքվելիք շրջանակային համաձայնագրում Եվրամիության երկրների հետ առանց վիզայի ռեժիմի մասին կետ չկա

Երկու-երեք տարուց ՀՀ-ն եւս ԵՄ երկրների հետ առանց վիզայի ռեժիմի անցնելու հնարավորություն կունենա. ի՞նչ է անհրաժեշտ

Նոյեմբերին Բրյուսելում ստորագրվելիք ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը չի ներառելու առանձին կետ մուտքի արտոնագրի՝ վիզայի ազատականացման վերաբերյալ: Սակայն այդ համաձայնագիրը կարող է օրենսդրական լավ հիմք դառնալ, որպեսզի ՀՀ-ն ԵՄ-ի հետ սկսի վիզայի ազատականացման հարցով երկխոսություններ:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին օրեր առաջ այդ մասին հայտարարեց. «Վիզայի դյուրացման փորձառությունը շատ դրական է, բայց պետք է ընդունենք, որ դա տեղի չի ունենա առաջիկա օրերին: Խնդիրը դրված է օրակարգում, ոչ ոք վիզայի ազատականացված ռեժիմի անցման հարցը օրակարգից չի հանել: Պետք է պատրաստել օրենքներ, ներմուծել ընթացակարգեր, եթե մտածում եք վիզայի ազատականացման մասին»:

Հունիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւս Արեւելյան գործընկերության նախարարական հանդիպմանն անդրադարձավ նաեւ վիզաների ազատականացման հարցին: Նա մասնավորապես նշեց, որ կան նաեւ որոշ առկախ հարցեր, որոնց ուղղությամբ ակնկալում են աշխատանքներ իրականացնել, ներառյալ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը. «Այս առումով ակնկալում ենք ԵՄ անդամ-պետությունների հստակ աջակցությունը: Համեմատաբար կարճ ժամանակահատվածում մենք կարողացանք ավարտել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչի մասին փետրվար ամսին Բրյուսելում հայտարարեցին նախագահներ Սարգսյանը եւ Տուսկը: Տեքստը նախաստորագրվել է, եւ ակնկալում ենք այն ստորագրել գալիք գագաթնաժողովի ընթացքում»:

Փորձագիտական լուրջ պնդումներ կան, որ եթե նոյեմբերին ստորագրվի համաձայնագիրը, ապա 2-3 տարուց Հայաստանը կանցնի ԵՄ երկրների հետ առանց վիզայի ռեժիմի: Հիշեցնենք, որ Վրաստանը եւ Ուկրաինան, որոնք ստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը, արդեն ԵՄ երկրների հետ ունեն առանց վիզայի ռեժիմ` ի տարբերություն ՀՀ-ի, որն անդամակցեց ԵՏՄ-ին:

Ինչո՞ւ է գաղտնի
պահվում ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից հետաքրքրվեցինք` շրջանակային համաձայնագրում առանց վիզայի ռեժիմի մասին որեւէ կետ կա՞, պարոն Բալայանը պատասխանեց. «Համաձայնագիրը կհրապարակվի ստորագրումից հետո: Իսկ չհրապարակված համաձայնագրի մանրամասների մասին չեմ կարող խոսել: Մուտքի արտոնագրերի մասին ֆիքսված է Ռիգայի գագաթնաժողովի հռչակագրում»:
Պարոն Բալայանը հորդորեց նաեւ ուշադրությամբ հետեւել Լյուքսեմբուրգում հնչած հայտարարություններին:

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը ծանոթ է ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրին: «Առավոտի» հետ զրույցում պարոն Մինասյանը որոշ մանրամասներ ներկայացրեց հարյուրավոր էջերից կազմված համաձայնագրից. «Վիզաների ազատականացման հետ կապված համաձայնագրում կոնկրետ կետ չկա: Այն ներառում է մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության զարգացման, օրենքի գերակայության խնդիրներ, լինելու է ՀՀ-ԵՄ քաղաքական համագործակցության ձեւաչափ, նաեւ տնտեսական բլոկ, որը բավականին մանրամասն է ներկայացված: Այն շատ հարցերում կրկնում է Ասոցացման պայմանագրի տեքստը, որոշ դեպքերում էլ, օրինակ` ընտրական գործընթացներում, համագործակցության տեսանկյունից բավականին առաջ ենք գնացել»:

Սերգեյ Մինասյանը փաստեց, որ մինչեւ այս համաձայնագիրը Հայաստանը մոբիլության մասին պայմանագիր է պատրաստել, որն ուժի մեջ է մտել 2014-ին Ասոցացման համաձայնագրի հետ միասին: ՀՀ-ն ասոցացումից հրաժարվեց, բայց այդ մոբիլության պայմանագիրն արդեն ընթացքի մեջ է: Այսինքն` վիզաներին վերաբերող հարցը լինելու է առանձին իրավական փաթեթ, որը քաղաքական ձեւով կապված է շրջանակային համաձայնագրի հետ: Շրջանակայինի հաջողությունը կարող է նպաստել վիզաների գործընթացին. «Վիզադայլոգը շրջանակային համաձայնագրի հետ կապ չունի: Մենք հույս ունենք, որ Բրյուսելում նոյեմբերի 24-ին, երբ ստորագրվի նոր շրջանակային պայմանագիրը ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ, նաեւ կսկսվի վիզադայլոգը, որը նշանակում է` երկուսից չորս տարիների ընթացքում հնարավոր է առանց վիզայի ռեժիմ Եվրամիության երկրների հետ: Դրա համար անդամ երկրները ԵՄ-ին պետք է մանդատ տան»:

Մեր այն հստակեցմանը, այսինքն՝ եթե շրջանակային համաձայնագիրն աշնանը չստորագրվի, չե՞ն սկսվի առանց վիզայի ռեժիմի երկխոսությունները, պարոն Մինասյանն արձագանքեց, թե չի կարծում, որ նման վտանգ կլինի, իհարկե, ֆորս-մաժորներ ամեն պահի էլ հնարավոր են. «Շրջանակային համաձայնագիրը քաղաքական հիմք է, բազայինը, եթե դու չունես այդ բազայինը, իմաստ էլ չկա երկխոսել առանց վիզայի ռեժիմի մասին»:

Պարոն Մինասյանը նշեց, որ պայմանագիրը լայն հանրությանը հասանելի չէ, քանի դեռ չի ստորագրվել: Ըստ քաղաքագետի` այն բավականին դրական ու հեռու գնացող փաստաթուղթ է: Հետաքրքրվեցինք` այս համաձայնագիրն ինչո՞վ է զիջում ասոցացմանին, որը ՀՀ-ն շատ անակնկալ կերպով որոշեց չստորագրել, պարոն Մինասյանը պատասխանեց. «Քաղաքական, քարոզչական տարրերով իրար գրեթե չեն զիջում՝ մի բացառությամբ. քանի որ ՀՀ-ն ԵՏՄ անդամ է, նա չի դառնալու ազատ առեւտրի գոտու անդամ: Բայց դրա հետ մեկտեղ ստանալու է GSP+ առավելությունների ամենաբարձր համակարգը: Եթե մենք այդ գոտու անդամ լինեինք, մենք չէինք կարող ՌԴ-ից ստանալ արտոնյալ գնով էներգակիրներ»: Մեր այն հիշեցմանը` բայց կորցրինք ԵՄ-ից ստանալիք միլիոնավոր եվրոները, որոնք հատկացվեցին Վրաստանին եւ Ուկրաինային, պարոն Մինասյանը կասկած հայտնեց`արդյոք այնքան գումար կստանայի՞նք Եվրոպայից, որը կծածկեր հազարավոր դոլարները, որոնք ստանում ենք Ռուսաստանից՝ արտոնյալ նավթամթերքի, գազի, ադամանդի եւ այլ բաների համար:

Ի՞նչ բարդությունների առաջ են կանգնում ՀՀ քաղաքացիները եվրոպական երկրների մուտքի արտոնագիր ստանալու համար

«Առավոտը» հարցում անցկացրեց շուրջ 30 քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե արդյոք վիզա ստանալու բարդություննե՞րն են խոչընդոտում, որպեսզի նրանք մեկնեն Եվրոպա, թե՞ սոցիալական վիճակը: Նրանց 67 տոկոսը պատասխանեց, որ խոչընդոտը վիզա ստանալու բարդություններն են, իսկ 33 տոկոսը խոչընդոտ է համարում իր ներկայիս սոցիալական վիճակը:

Միջին տարիքի տղամարդ

Վիզայի բարդություններն էլ, անշուշտ, դերակատարություն ունեն: Բայց սոցիալականն ավելի մեծ խոչընդոտ է: Իհարկե, որոշ խավեր ունեն հնարավորություն Եվրոպա գնալու, բայց մեծ մասը լուծում է հացի խնդիր, նման հնարավորություն չունի:

Երիտասարդ ուսանողուհի

Մեր երկրում սոցիալական վիճակը շատ վատ է, բայց, այնուամենայնիվ, առանց վիզայի ռեժիմի անցման հարցը կօգնի շատերին ավելի հաճախ գնալ Եվրոպա, թեկուզ հանգստանալու համար:

Երիտասարդ ուսանող

Առանց վիզայի ռեժիմի դեպքում հայերն ավելի շատ կգնան Եվրոպա, քանի որ մեկնելն ավելի հարմար կլինի: Հայաստանում, ճիշտ է, աշխատանքն այնքան էլ լավ վիճակում չէ, բայց եթե մեծ լինի Եվրոպա գնալու ցանկությունը, կհասցնենք:
«Առավոտը» հարցախույզ անցկացրեց նաեւ եվրոպական երկրներ մուտքի արտոնագրի համար ՀՀ-ում եվրոպական երկրների դեսպանատներ դիմած քաղաքացիների շրջանում: Նրանց մեծամասնությունը կարծում է, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ հիմա ինչ-որ չափով կանոնակարգված է գործընթացը. հերթերում կես ժամից ավելի չեն կանգնում, սակայն բարդացված է փաստաթղթաբանությունը:

Տարեց տղամարդ

Բարդ է, բա ինչ է. երկրորդ անգամ եմ դիմում. առաջին անգամ մերժվել եմ: Ի՞նչ վատ կլիներ, որ ես երբ ուզեի, նստեի գնայի Ֆրանսիա, հետ գայի:

Երիտասարդ գիտնական

Առանց վիզայի ռեժիմի անցումը թույլ կտա քաղաքացիներին խուսափել այս ավելորդ քաշքշուկից: Մանավանդ բավականին բարդություններ կան տեղեկատվության ստացման, դեսպանատների կայքերում գրանցման հետ կապված: Ցանկալի կլիներ, որ մենք էլ ունենայինք այդ ազատությունը: Բարդություններ եմ ունենում ավելի շատ փաստաթղթերի հետ կապված: Գոնե գիտական այցերի ժամանակ այդքան փաստաթուղթ չպետք է պահանջեն, մանավանդ՝ երբեմն ավելորդ փաստաթղթեր ենք հավաքում, երբեմն էլ ցանկում նշված չէ փաստաթուղթը, բայց ներսում պահանջում են: Մեկ վիզայի համար երբեմն անհրաժեշտություն է առաջանում մի քանի անգամ ներկայանալու:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

24.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930