Հունիսի 19-21-ը Մոսկվայում տեղի ունեցավ «Ատոմէքսպո 2017» համաժողովը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի` ՀԱԷԿ-ի պատվիրակությունը: ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը, որը շրջում էր ցուցահանդեսում՝ միջուկային էներգետիկայի նորություններին ծանոթանալու, ասաց, որ ապրիլին ՀԱԷԿ-ում ներդրվելու է սեյսմիկ անվտանգության համակարգ, որը երկրաշարժի ժամանակ ռեակտորին ազդանշան է տալու, ինչի արդյունքում այն անջատվելու է: Մովսես Վարդանյանն անդրադառնալով այս տարվա մայիսից արդիականացման նպատակներով կանգնեցված ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի աշխատանքներին՝ ասաց, որ «Ատոմէքսպո 2017»-ին մասնակցելու նպատակներից մեկն էլ միջազգային շուկայում նոր մոտեցումներին ծանոթանալն է. «Այստեղ շատ ընկերություններ են մասնակցում, եւ որոշակի արդիականացման աշխատանքներում մենք կուզենայինք իմանալ միջազգային փորձը, որպեսզի մեր ներդրումը լինի գերժամանակակից: Բոլոր դեպքերում կյանքի ընթացքում դրանք սկսում են ծերանալ՝ մանավանդ հիմա միկրոպրոցեսային տեխնիկայի մեծ դար է, յուրաքանչյուր տասը տարին նախկին ծրագրերը ահագին ծերանում են»:
ՀԱԷԿ-ի արդիականացման աշխատանքների գլխավոր նախագծող «Հիդրոպրես» ընկերությունը, որը «Ռոսատոմ» կորպորացիայի ձեռնարկություններից է, ցուցահանդեսին ներկայացել էր նոր մոտեցումներով: Պարոն Վարդանյանն ասաց, որ մանրամասն ծանոթանալու են այդ նորարարություններին եւ փորձելու են պարզել՝ դրանք արդեն օգտագործվո՞ւմ են որեւէ կայանում, եթե օգտագործվում են՝ ի՞նչ արդյունքներ են ունեցել. «Որպեսզի մեզ մոտ ներդրումը որքան հնարավոր է լինի անվտանգ, իսկ նորարարության տեսանկյունից որքան հնարավոր է՝ լինեն գերժամանակակից»:
Ատոմակայանի արդիականացման աշխատանքների համար հատկացվել է 300 միլիոն դոլար, որից 270 միլիոնը վարկային միջոցներ են, 30 միլիոնը՝ օգնություն: ՀԱԷԿ-ի տնօրենի խոսքով՝ 205 միլիոն դոլար նախնական գնահատված ծրագրի մրցույթների արդյունքում այս պահին արդեն կնքված է 142 միլիոն դոլարի պայմանագիր: Տնօրենի խոսքով՝ գումարը տնտեսվել է մրցակցության արդյունքում: Հարցին՝ տնտեսված գումարն ի՞նչ են անելու, պարոն Վարդանյանը պատասխանեց. «Բոլոր դեպքերում ատոմային կայանը մեծ խնդիրներ ունի: Հիմա մենք նորից դիմելու ենք կառավարություն, որպեսզի այդ գումարները մեզ տան: Հիմնականում գումարը ծախսվում էր առաջին, երկրորդ դասի սարքավորումների փոփոխման եւ արդիականացման աշխատանքների համար, հիմա մենք խնդրում ենք՝ մեզ թույլ տան երրորդ եւ չորրորդ դասի սարքավորումների ծախսերը կատարել»:
Այն հարցին, թե հայկական ընկերությունները մասնակցե՞լ են այդ մրցույթներին, պարոն Վարդանյանն ասաց, որ հանրապետության նախագահը պահանջ է դրել, որ եթե Հայաստանում կա մասնագետ, որ կարող է որեւէ աշխատանք տանել, միանշանակ առաջնահերթությունը պետք է տրվի մեր մասնագետներին, որպեսզի գումարները՝ հարկեր, տուրքեր եւ այլն, ուղիղ կերպով գնան մեր բյուջե:
«Առավոտի» հարցին՝ ունե՞նք այդ կարգի մասնագետներ, պարոն Վարդանյանը պատասխանեց, որ սարքավորումների մատակարարման տեսանկյունից Հայաստանը չունի այդպիսի ինդուստրիա, բայց աշխատանքների մասով ունենք:
Մեր այն հարցին՝ պայմանագրերի հաշվին տնտեսված գումարներն արդյոք կապահովե՞ն այն որակը, ինչ որ նախատեսել էիք ավելի բարձր գումարներով, ՀԱԷԿ-ի տնօրենը պատասխանեց. «Նախնական գնահատականը եղել է ռուսական «Ռոսատոմ» կորպորացիայի կողմից, իրենք այն ժամանակ գնահատել են իրենց շուկայում եղած նախկին պայմանագրերի գումարների գնահատմամբ, որոնք արել են տասը տարի առաջ: Բայց քանի որ բաց մրցույթներ են, եղել են նաեւ չեխական ընկերությունների մասնակցություններ, նաեւ ուկրաինական, եվրոպական ընկերություններ են մասնակցել մրցույթներին, իրենք փորձում էին գների իջեցում անել, եւ մրցակցության արդյունքում գինը ձեւավորվեց»:
Պարոն Վարդանյանն ասաց, որ որեւէ այլ ուղղությամբ տնտեսված գումարներն իրավունք չունեն ծախսելու, եւ ՌԴ ֆիննախի պահանջն ուղղված է միայն ատոմային կայանի կյանքի երկարացմանը:
ՀԱԷԿ-ի տնօրենն ասաց, որ եթե այս վարկը չլիներ, պետք է դիմեին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ատոմակայանից գնվող էլեկտրաէներգիայի սակագինը 6 դրամով բարձրացնելու, այս դեպքում կդիմեն 2,5-3 դրամով բարձրացնելու, որպեսզի կարողանան պարտքը վերադարձնել:
Մեր հարցին, թե արդիականացումից հետո քանի՞ տարի կունենանք անվտանգ ատոմակայան, պարոն Վարդանյանն ասաց՝ նախնական տասը տարի. «Նմանատիպ բլոկները Ռուսաստանում գնում են մինչեւ 60 տարի: Հիմա մենք քառասունն ենք բոլորում, քսան տարի դեռ կա»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
24.06.2017