2016 թվականին պետական բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 1171.1 մլրդ դրամ, որոնք 91.6%-ով ապահովել են ճշտված ծրագրի կատարումը և 0.3%-ով կամ շուրջ 3.4 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա փաստացի ցուցանիշը: 1139.7 մլրդ դրամը կազմել են ներքին աղբյուրներից ստացված եկամուտները, 31.4 մլրդ դրամը՝ պաշտոնական դրամաշնորհները, որոնց ծրագիրը կատարվել է համապատասխանաբար 92.2%-ով և 73.1%-ով: Այս ցուցանիշներն այսօր խորհրդարանում մեկնարկած 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հրապարակեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ բյուջեի պակասորդը նախորդ տարի կազմել է 288 միլիարդ դրամ: Միջին գնանկումը կազմել է 1.4%: Արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների անվանական 0.3% աճ, ծախսերի` 2.8% աճ: Ամբողջական պահանջարկի խթանման և մասնավոր ներդրումների թույլ ակտիվության բացասական հետևանքները մեղմելու նպատակով 2016 թվականի ընթացքում իրականացվել է ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականություն: Արդյունքում, պետական բյուջեի պակասորդը տարվա արդյունքներով կազմել է ՀՆԱ-ի 5.5%-ը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցվել է ՀՆԱ-ի 0.2% աճ, ինչը զիջում է նախորդ տարվա ցուցանիշը 2.8 տոկոսային կետով: Ընդ որում՝ ՀՆԱ-ի աճին դրականորեն են նպաստել արդյունաբերության (0.8 տոկոսային կետ) և ծառայությունների (1.9 տոկոսային կետ) ճյուղերը, իսկ գյուղատնտեսությունը (-1.0 տոկոսային կետ) և շինարարությունը (-1.0 տոկոսային կետ) տնտեսական աճի վրա ունեցել են բացասական ազդեցություն:
2016 թվականին կապիտալ ներդրումները նախորդ տարվա նկատմամբ իրական արտահայտությամբ նվազել են 8.5%-ով` պայմանավորված մասնավոր ներդրումների 12.1% իրական նվազմամբ: Մասնավոր ներդրումների թույլ ակտիվության բացասական հետևանքները մեղմելու նպատակով իրականացվել է խթանող հարկաբյուջետային քաղաքականություն, որի արդյունքում 2016 թվականին պետական ներդրումներն իրական արտահայտությամբ աճել են 9.1%-ով:
Ըստ հաշվետվության, ներդրումների փոփոխությանը դրականորեն են նպաստել գյուղատնտեսության և արդյունաբերության ճյուղում կատարված ներդրումների աճը: Բացասական նպաստում է ունեցել ծառայությունների ճյուղում կատարված ներդրումների նվազումը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ