2017թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի առաջին նիստն այսօր էր:
Հիշեցնենք, որ այս գործընթացը բողոքարկման մեխանիզմ է, որպեսզի զորակոչի գործընթացն արդյունավետ լինի:
Հանձնաժողովին ներկայացված դիմումներից մեկով եկել էր Ազատ Պողոսյանը՝ ծնողների հետ: Մայրը նշեց, որ որդին նախորդ՝ ձմեռային զորակոչի ժամանակ, տարկետում է ստացել, քանի որ աջ աչքը վիրահատված է, ախտորոշված է «կեռատոկոնուս», իսկ ձախ աչքի դեպքում առկա է նույն ախտորոշման կասկած:
Ազատ Պողոսյանն օրենսդրության համաձայն ծառայության համար պիտանի է ճանաչվել՝ սահմանափակմամբ, այսինքն՝ չծառայել բարձր լեռնային գոտիներում, զերծ մնալ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Հանձնաժողովն այս դեպքի առնչությամբ այսօր որոշում չկայացրեց, այլ ծնողին խնդրեց ներկայացնել ակնաբույժի եզրակացություն՝ հասկանալու համար նաեւ ձախ աչքի վիճակը:
Զորակոչիկի ծնողները նաեւ դժգոհեցին, որ բուժհաստատությունում «ռիսկ չեն անում» վերջնական եզրակացություն տալ, քանի որ որդին զորակոչային տարիքում է: «Ծնող եմ, ինձ էլ հասկացեք՝ չեմ ուզում այդ աչքով բանակ գնա, աչքը կորցնի…թող վիրահատվի, նոր գնա»,-ասաց հայրը:
Հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը տեղեկացրեց, որ նշյալ եզրակացության՝ հանձնաժողովին ներկայացնելուց հետո վերջինս որոշում կկայացնի:
Հիշեցնենք, որ քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկումը տեղի է ունենում պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում՝ Մոսկովյան 5 հասցեում, յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի` ժամը 10.00-ից մինչև 18.00-ն:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ