Ամբաստանվողն ասել էր, թե «եղել է ոչ սթափ վիճակում,
չի հիշում, թե ինչ է արել գողացված միսը»
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան էր ուղարկվել երկու հատորանոց քրեական գործ: Կատարվել է «լուրջ», բազմակողմանի, լրիվ հետաքննություն, նախաքննություն, դատաքննություն:
Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանն էլ «դարի» հանցագործ Արծրուն Հարությունյանին դատապարտել է 2 տարի ժամկետով ազատազրկման, հաստատելով մեղադրանքը: Արծրունը 2016թ. հոկտեմբերի 21-ին մտել է Վազգեն Վարդապետյանին պատկանող, Իջեւանի Անկախության 13 շենքի 1-ին հարկում գտնվող խանութը՝ հափշտակելով 1 կգ խոզի միս, դիմել է փախուստի: Նա «բացահայտ» է հափշտակել, քանի որ ցերեկային ժամ էր: Տուժող է ճանաչվել Վազգեն Վարդապետյանը, նրան պատճառված վնասը Հայաստանի քրեական գործերի պատմության մեջ երկրորդ «առանձնապես խոշոր չափինն է»՝ 2000 ՀՀ դրամ, որը մեր համեստ դիտարկմամբ՝ հանրային վտանգավորության աստիճանի չէր, հետեւաբար, չէր ենթադրում ազատազրկում: Առաջինը՝ տարիներ առաջ լուսաբանածս քրեական գործերից մեկն էր. անչափահասի նկատմամբ հարուցվածը, երբ նա հարյուր դրամի չափով երկու տութ սուրճի համար հայտնվել էր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, իսկ վատառողջ մայրն էլ՝ դիլիջանցի հավաքարարներից, գումար չուներ Երեւանի դատական բարձրագույն ատյաններ ներկայանալու համար:
Արծրուն Հարությունյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից պահանջում է բեկանել ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով ազատազրկվել է 2 տարի ժամկետով, սակայն նշանակվել է 2 տարի փորձաշրջան, իր նկատմամբ նշանակել ազատազրկման ձեւով համաչափ պատիժ, կամ գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:
Մեղադրանքը պաշտպանել է դատախազ Հովհաննես Փարսադանյանը: Վերաքննիչ դատարանը չորս նիստ է հրավիրել, վերջինը՝ երկու օր առաջ էր, իսկ գալիք նիստը նշանակել է հուլիսի 12-ին:
Ամբաստանյալի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ ստորագրություն չբացակայելու մասին: 51-ամյա Արծրունն ունի միջնակարգ կրթություն, նախկինում դատված է՝ դատվածությունը չմարված:
Ամբաստանյալ Ա. Հարությունյանը Տավուշի մարզի դատարանում իրեն լիովին մեղավոր էր ճանաչել, սակայն հրաժարվել էր ցուցմունք տալ:
Առաջին ատյանի դատարանը հրապարակել է նախաքննության ժամանակ տված նրա ցուցմունքը: «Դարի գողը» մտել է խանութ, զրուցել է տուժող Վազգեն Վարդապետյանի հետ, աչքի պոչով նայել չալաղաջին, նկատել, որ այն կախված է մուտքի դռան ձախ կողմում, մեկ կիլոգրամանոց միսը վերցրել է եւ դիմել է փախուստի: Վ. Վարդապետյանը նկատել է, որ Արծրունը վերցրել է միսը: Բղավել է հետեւից, պահանջել, որ նա միսը դնի տեղը, Վարդապետյանն անգամ վազել է նրա հետեւից, փորձել է բռնել, սակայն մսագողը կարողացել է փախչել:
Իսկ թե ինչ է եղել մսե գողոնը, նա հայտարարել էր. «Հափշտակված միսը ճանապարհին ընկել է թեւի տակից»: Արծրունը ի վիճակի չի եղել գումարը հատուցել, դրա փոխարեն տուժողի ձմեռվա փայտն է կտրատել:
Անհատ ձեռներեց տուժողը ճանաչել է իջեւանցի Արծրունին՝ «Փաշոյի Արթուր» մականվամբ: Նկարագրել էր կատարվածը, հայտնել էր նաեւ, որ բողոք կամ պահանջ չունի ամբաստանյալի նկատմամբ:
Վկա էր ճանաչվել կոշկակար Արմանը, որին Վարդապետյանն էր պատմել գողության մասին: Իսկ երկրորդ վկան էլ մսագործ Թաթուլն էր, որը հաստատել էր, որ կանխիկ վճարման կամ փայտ կոտրելու ձեւով ամբաստանյալը հատուցել է վնասը:
Դատարանն իրավական գնահատականներում անդրադարձել էր ամբաստանյալի նախկին դատվածությանը. 2015 թվականի դատավճռով ամբաստանյալը դատապարտվել է երկու տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման, ապա պայմանական վաղաժամկետ ազատվել էր: «Նշված հանգամանքներն իրենց համակցությամբ հիմք են տալիս դատարանին հանգելու այն հետեւության, որ ուղղման առումով ամբաստանյալին հասարակությունից մեկուսացնելու կարիք չկա, ուստի, ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով նախատեսված ազատազրկման ձեւով պատիժը նշանակելիս այն պետք է պայմանականորեն չկիրառել եւ սահմանել որոշակի ժամկետով փորձաշրջան»,- վճռել էր դատարանը:
Դատավճռի ուժի մեջ մտնելու դեպքում ամբաստանյալի վարքի հսկողությունը կիրականացնի արդարադատության նախարարության Պրոբացիայի պետական ծառայության տարածքային ստորաբաժանումը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ.-Նոյեմբերյանից Երեւան տաքսին արժե երեք հազար, իսկ Իջեւանից Երեւան՝ երկուսուկես հազար դրամ: Ամբաստանյալն արդեն չորս անգամ եկել է Երեւան՝ կրելով ավելի շատ վնաս, քան արժեր այդպես էլ չվայելած միսը:
«Առավոտ»
24.06.2017