Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Հովհաննեսի գիրքը՝ նվիրված ապրիլյան պատերազմում զոհված «լույսի կտոր մեր երեխեքին»

Հունիս 26,2017 13:00

Օրերս Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Դավիթ Հովհաննեսի «Փոքր Մհեր եւ Դավիթ Տարեգիր» դյուցազնապոեմի շնորհանդեսը: Գիրքը տպագրվել է «Արեւիկ» հրատարակչությունում, որը շուրջ 30 տարի ղեկավարել է գրողը, իսկ նրանից հետո՝ դուստրը՝ Սաբեթ Հովհաննիսյանը: Վերջինս «Առավոտին» հայտնեց, որ հայրն այս պոեմը անվանել է «Նեոդյուցազնական», որովհետեւ իր միտումը՝ կապել իրար Սասնա հերոսին եւ մեր նորագույն հերոսամարտը, կարմիր թելի պես անցնում է ողջ պոեմական հյուսվածքով: «Մեր արցախյան ազատամարտում գործում եւ կռվում են հայոց բոլոր սերունդները՝ անցյալ ու ներկա, եւ միասին կերտում մեր ապագան: Ահա «նեոդյուցազնապոեմի» ողջ պաթոսը ու պատգամը»,- նշեց մեր զրուցակիցը: Հավելեց, թե առայժմ տպագրվել է 71 օրինակ, ինչը խորհրդանշում է հոր ապրած տարիները:

Դավիթ Հովհաննեսի տիկինը՝ դաշնակահար, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Համասփյուռ Մանուկյանը, տեղեկացրեց, որ ամուսինը ցանկություն ուներ այս պոեմը, որ նվիրել է Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին, ներկայացնել այդ առիթով հայտարարված գրական մրցանակաբաշխությանը. «Բայց տեղի ունեցավ անցանկալին… Դեռեւս չտպագրված այս աշխատանքն արժանացավ մրցանակաբաշխության շրջանակում հատուկ մրցանակի եւ Սփյուռքի նախարարության ոսկե մեդալին»:

«Փոքր Մհեր եւ Դավիթ Տարեգրի» մասին խոսք խնդրեցինք գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանից: Ներկայացնում ենք նրա խոսքը՝ առանց միջամտության. «Էպոսը լինելով արտահայտությունը անցյալի հերոսական ժամանակների ու դիցաբանական ըմբռնումների, իր բնույթով պահպանողական է եւ չի սիրում մոդեռնացվել: Ընթերցելով Դավիթ Հովհաննեսի գրածը, իսկույն զգում ես, որ նա կարողացել է հաղթահարել ներքին այդ դիմադրությունը: Ստեղծագործությանը տրված «Պոեմ նեոդյուցազնական» բնորոշման մեջ դյուցազնականը էպոսի պատմական շերտն է ներկայացնում, իսկ նեո-ն, որ այն դրված է մերօրյա իրականության մեջ:

Մհերի միջոցով ետադարձ մի հայացք նետելով մեր ժողովրդի անցած պատմությանը, էպոսի լեզվով է ներկայացվում Հայոց պատմության այն ընթացքն, որը Մհերին տարավ եւ փակեց Ագռավաքարում: Մեր ժողովրդի պատմության նման տրամաբանությունն է, որ Հայաստանի անկախության վերականգնումից հետո Սասնա տան դյուցազնին դուրս է հանում այնտեղից:

Հայոց ազատամարտի շառաչը Մհերին դուրս է հանում իր բանտված այրից: Որքան նա շարժվում է այսօրվա Հայաստանի Հանրապետության ուղղությամբ, այնքան հողը ամուր եւ հաստատուն է դառնում նրա ոտքերի տակ:

Մհերը գալիս եւ հանդիպում է այս ստեղծագործության հեղինակին` Դավիթ Տարեգրին: Մինչ այս պահը պոեմն ուներ հետահայաց ընթացք` ուղղված անցյալի պատմությանը: Սկսած այս պահից այն վերածվում է ուղեգրության:

Գեղարվեստական ուղեգրությունները մեր դասական գրականության մեջ ունեին գեղարվեստի միջոցով հայոց աշխարհը ընթերցողներին ճանաչելի դարձնելու նպատակ, ինչպես օրինակ՝ Րաֆֆու «Կայծերը» կամ Խրիմյան Հայրիկի զույգ «Հրավիրակ»-ները: Նրանցում ներկայացվում էին Հայոց աշխարհի նվիրական սրբավայրերը եւ անցյալի ավանդությունները, սեր էր ներշնչվում հայրենիքի հանդեպ:

Միանգամայն այլ նպատակ է հետապնդում Դավիթ Տարեգրի եւ Մհերի ուղեւորությունը, ուր Մասիսի հանդեպ խոնարհումից հետո վեր են հանվում մեր այսօրվա իրականության ախտերը եւ թշվառությունները, որոնցից ցնցված Փոքր Մհերը տարբեր իշխանավորների պատվերները կատարողներին համեմատում է կոզբադինների հետ:

Բանաստեղծական խորը դիտողականությամբ է հեղինակը ներկայացրել Երեւանից Շուշի տանող ճանապարհը, ուր հերոսականության կողքին վեր է հանվում այն ամենը, ինչը որ ջլատում է մեր ուժը եւ պայքարի ու դիմադրության ոգին:

Արտաշատով սկսվող ճանապարհը հասնում է Շուշիի բարձունքը, որտեղից, ինչպես «Խենթի երազում», գծագրվում է Հայաստանի ապագան, որի մերօրյա տարեգիրն էր եւ կմնա որպես այդպիսին Դավիթ Տարեգիրը` իրականության հետ միշտ անհաշտ եւ մեր ժողովրդի ընթացքի հետ այնքան դաշն Դավիթ Հովհաննեսը»:

Ի դեպ, Դավիթ Հովհաննեսը այս պոեմը նվիրել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված «լույսի կտոր մեր երեխեքին՝ հայոց բանակի մեր աննկուն զինվորների անմար հիշատակին»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

24.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930