Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականներն այս գիշեր վերադարձել են Երեւան: Նրանք մասնակցում էին աշխարհի երիտասարդական առաջնությանը:
Կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը միանգամայն բավարարված է մեր երկու ներկայացուցիչների՝ Սոնա Պողոսյանի եւ Արփինե Դալալյանի մասնակցությամբ: «Բարձրացրած կիլոգրամների առումով, ինչ սպասում էի, եղավ: Սոնան վնասված եւ որոշակի ցավերով էր մտել պայքարի մեջ: Բայց կարողացավ մեդալ նվաճել, որն, ի դեպ, նրա համար առաջինն էր աշխարհի առաջնություններում», – ասաց մարզիչը:
Խոսելով գերծանր քաշային Արփինե Դալալյանի մասին՝ մասնագետը փաստում է, որ 18-ամյա մարզուհին սկսել է մրցահարթակում հասունանալ: «Տոկիոյում Արփինեն կայուն հանդես եկավ, անձնական արդյունքը բարելավեց 14 կգ-ով՝ զբաղեցնելով չորրորդ տեղն աշխարհում: Նա դեռ երկու տարի ունի այս տարիքային խմբում հանդես գալու եւ մրցահարթակում իր խոսքն ասելու համար», – ասաց Արտաշես Ներսիսյանը:
Սոնա Պողոսյանն ու Արփինե Դալալյանը հիմա սկսելու են նախապատրաստվել հոկտեմբերին կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ