25 հունիսի 2017թ., Երեւան: Այսօր «Կոնգրես» հյուրանոցի «Բոլ Ռում» նիստերի դահլիճում՝ ՀՀ օրհներգի հնչյունների ներքո, իր աշխատանքը սկսեց «Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարը, որին մասնակցում էին 187 պատվիրակներ, ինչպես նաեւ հյուրեր հասարակական-քաղաքական տարբեր կազմակերպություններից:
Հաստատվեցին համագումարի օրակարգը, քարտուղարության եւ հաշվիչ հանձնաժողովի կազմերը:
Ողջույնի խոսքով հանդես եկան համագումարին հրավիրված հյուրեր՝ գեներալ Սեյրան Օհանյանը եւ քաղաքագետ Ազատ Արշակյանը:
Կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց նախորդ համագումարից հետո ընկած ժամանակաշրջանում վարչության կատարած աշխատանքների հակիրճ հաշվետվությունը, ինչն ընդունվեց ի գիտություն:
Համագումարում ծրագրային զեկույցով հանդես եկավ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ մասնավորապես անդրադառնալով ինչպես կուսակցական կյանքի օրախնդիր թեմաներին, այնպես էլ արդի փուլի ներքաղաքական, ներպետական եւ աշխարհաքաղաքական առանցքային խնդիրներին ու մարտահրավերներին: Խոսելով Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հնարավոր զարգացումների, 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում տեղ գտած հակոտնյա երեւույթների եւ հանրային կենսագործունեության բոլոր ոլորտներում արձանագրված մի շարք այլ սխալների ու բացթողումների մասին, Հովհաննիսյանը զգոնության կոչ արեց Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության համար պատասխանատու շրջանակներին՝ երկրում ստեղծված ոչ բարվոք իրավիճակի մասին խորը մտահոգությամբ:
Այնուհետեւ տեղի ունեցան նոր վարչության առաջադրված թեկնածուների, ինչպեսեւ Վերստուգիչ ու Կանոնադրական հանձնաժողովների ընտրությունները:
Նոր վարչության կազմում ընտրվեցին կուսակցության հիմնադիր ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, մանկավարժներ Արմեն Մարտիրոսյանը եւ Լիգիա Մելքումյանը, պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանը, տնտեսագետներ Գագիկ Մարգարյանը, Սուսաննա Մուրադյանը, Ռշտուն Մարտիրոսյանը եւ Սուսաննա Բարխուդարյանը, Ֆիլիպ Արզումանյանը, Գեւորգ Ղահրամանյանը եւ Հովսեփ Ղազարյանը, Գայանե Աբասյանը, Վանիկ Ալեքսանյանը, աշխարհագրագետ Վահագն Հովհաննիսյանը, միջազգայնագետ Անդրանիկ Գրիգորյանը:
Ամփոփիչ խոսքով ելույթով հանդես եկավ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Միաձայն ընդունվեց «Ժառանգություն» կուսակցության Հռչակագիրը, որը ընթերցեց կուսակցության երիտասարդական թեւի ներկայացուցիչ Գեւորգ Ղահրամանյանը: Հռչակագիրը վերստին հավաստիացրեց կուսակցության ծրագրերին, համազգային նպատակներին ու դավանած արժեքներին, որոնք են՝ Ազատությունը, Ինքնիշխանությունը եւ Ազգային շահը, «Ժառանգության» բոլոր անդամների հավատարմության մասին:
Ավելի ուշ տեղի ունեցավ նորընտիր վարչության անդրանիկ նիստը, որտեղ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխնախագահ՝ Արմեն Մարտիրոսյանը, քարտուղար՝ Վանիկ Ալեքսանյանը:
Հետեւյալ հղումներով կարող եք ընթերցել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի ելույթը , համագումարի ընդունված Հռչակագիրը :
Համագումարի ամբողջական տեսանյութը՝ ստորև
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն