Հարավկորեացի ռեժիսոր եւ կինոպրոդյուսեր Հոն Սան-սուի «Հաջորդ օրը» ֆիլմը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում անցկացվող երեւանյան պրեմիերաների թվում է:
Հոն Սան-սուն նախ Սեուլում է կրթություն ստացել, ապա ԱՄՆ-ում, երկար տարիներ անցկացրել է Փարիզի Սինեմատեկայում (աշխարհի` ֆիլմերի խոշորագույն արխիվ): Սկզբում նա ազդված է եղել ֆրանսիացի կինոռեժիսոր եւ սցենարիստ Ռոբեր Բրեսոնի «Գյուղական քահանայի օրագիրը» ֆիլմից, առաջին ֆիլմն («Այն օրը, երբ խոզն ընկավ ջրհորը») էլ դրա տպավորության տակ է ստեղծել:
Այս ռեժիսորը նկարել է փոքր բյուջե ունեցող ֆիլմեր առօրյա կյանքի մասին, որոնք մշտապես միջազգային կինոփառատոներում` Բեռլինի, Ռոտերդամի, Կաննի, Լոկառնոյի եւ այլն, լուրջ մրցանակների են արժանացել:
Ֆրանսիական Les Cahiers du cinéma ամսագիրը մի ամբողջ շարք ունի նվիրված Հոն Սան-սուի կինոյին: Նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրություններն էլ կայացել են Սինեմատեկայում 2007-ին եւ 2011-ին:
Հոն Սան-սուի «Գիշերով ծովափին միայնակ» ֆիլմն, օրինակ, 2017 թ Բեռլինի կինոփառատոնում շահել է «Ոսկե առյուծ» (տրվել է կանացի լավագույն դերակատարում անվանակարգում), 2015-ին ասիացի ռեժիսորը Լոկառնոյի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիրն էր, 2013-ին դարձյալ Լոկառնոյում նա ճանաչվել է լավագույն ռեժիսոր, 2012-ին «Ոսկե արմավենի» է ստացել Կաննի կինոփառատոնից: Բոլոր մրցանակներն իմաստ չունի թվարկել, դրանք շատ-շատ են: Կարեւորն այն է, որ այս հանճարեղ ասիացու ֆիլմը հասու կլինի նաեւ հայ հանդիսատեսին:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ