Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքներդ ստուգեք, նոր զանգահարեք (պատմվածք)

Հունիս 25,2017 18:51

Երեկ Փայլակը իր աշխատասեղանի մոտ նստած, համակարգչով զավեշտական պատմություն էր փորձում հորինել: Հոգնեց, որոշեց մի բաժակ սուրճ կամ թեյ խմել: Գնաց խոհանոց, անջատիչը միացրեց, որ լույսը վառի, բայց այն չվառվեց, երկրորդ անգամ անջատիչը գործարկեց, բայց ապարդյուն: «Երևի էլեկտրալամպը շարքից դուրս է եկել, գնամ, նորը բերեմ փոխեմ» ինքն իրեն ասաց Փայլակը ու գնաց դարակներում լամպը որոնելու: Ստվարաթղթե տուփը, որի մեջ նա պահում էր տարբեր հզորությունների ու կառուցվածքների լամպերը, վերցրեց ու վերադարձավ խոհանոց: Անջատիչը անջատեց, որ հանկարծ չհոսանքահարվի, փոխարինող լամպը դրեց աջ գրպանը, բարձրացավ աթոռին, (հասակի կարճության պատճառով ձեռքը չի հասնում ջահին) հին լամպը հանեց, դիտեց, բայց քանի որ օրն արդեն մթնում էր, չերևաց, թե լամպի շիկացման թելիկը կտրվել է՞ արդյոք: Կոթառից հանած լամպը զգուշությամբ դրեց տաբատի ձախ գրպանը, նորը հանեց աջ գրպանից և զգուշությամբ պտտեց կոթառի մեջ: Իջավ աթոռակի վրայից, միացրեց անջատիչը, բայց նոր լամպն էլ չվառվեց: Գնաց ճաշասենյակ, փորձեց վառել ջահը, բայց այն էլ չվառվեց: Համոզվելու համար, որ տան ընդհանուր հոսանքը բացակայում է, փորձեց նաև ննջարանների լույսերը վառել, համոզվեց, որ դրանցում էլ լամպերը չեն վառվում: Երբ վերջնականապես համոզվեց, որ ամբողջ բնակարանում էլեկտրական հոսանքը բացակայում է, այսինքն, արտաքին աշխարհից է վթարը տեղի ունեցել:

Հեռախոսի ընկալուչը վերցրեց, որ զանգահարի էլեկտրացանցի ծառայություն, բայց քանի որ հեռախոսն էլ էր հոսանքազրկվել, ստիպված գնաց պահուստից հանեց հին, խորհրդային ժամանակներից մնացած հեռախոսը, որը լրացուցիչ սնուցում չի պահանջում և այն միացնում է միայն այսպիսի վթարային դեպքերում, փոխարինեց ժամանակակից հեռախոսին ու զանգահարեց 1-80 հեռախոսահամարով: Հնազանդորեն կատարելով եթերային հեռախոսավարուհու առաջարկվող անհրաժեշտ հրահանգները՝ հայերենի համար սեղմեց «1», ապա օպերատորին միանալու համար՝ «0» և որոշ ժամանակից հետո, լսելով իրական աշխատակցուհու ձայնը, բարևեց և նրան հայտնեց էլեկտրահոսանքի բացակայության մասին: Աշխատակցուհին Փայլակի բարևն ընդունելուց հետո, հարցրեց նրա բնակարանի հասցեն, ապա հեռախոսահամարը, անուն-ազգանուն-հայրանունը, որից հետո մի փոքր դադար տվեց, երևի ստուգում կատարեց և ասաց, որ այդ հասցեի համար իրենք էլեկտրացանցից ծանուցում չեն ստացել վթարի մասին, բայց բաժանորդին օգնելու համար տրամադրեց էլեկտրացանցի տեղամասային տեսուչի և պետի բջջային հեռախոսահամարները և հանձնարարեց, որ ինքը զանգահարի նրանց:

Փայլակը հեռախոսահամարները նոթատետրի մեջ գրանցելուց հետո, որ ամեն անգամ հետագայում այդպիսի դեպք պատահելուց օգտվի դրանից և չանհանգստացնի այս ծառայությանը, առաջին հերթին զանգահարեց տեղամասային տեսուչին:

-Հոպա՛ր ջան,-ասաց տեսուչը,-հլա գնա հարևանի դուռը ծեծի, տես նրանց լույսն էլ է անջատվե՞լ,-հանձնարարեց տեսուչը:

-Բայց ես ինչու՞ պիտի գնամ, հարևանիս անհանգստացնեմ, դուք հեռախոսով զանգահարեք, իմացեք,-ասաց Փայլակը մի փոքր նեղսրտած: -Դե՛, լավ, որ նեղանում եք, ես կզանգահարեմ,-խեղճացավ տեսուչը,-ուղղակի ես զբաղված էի մի ուրիշ վթար վերացնելով:

Տասը րոպե սպասելուց հետու Փայլակը նորից զանգահարեց տեսուչին:

-Դեռ չեմ միանում ձեր հարևանին, հեռախոսը զբաղված է ցույց տալիս,-ասաց տեսուչը,-բայց դու մի խանգարի, ես գործ եմ անում, երբ վերջացնեմ, կայցելեմ ձեզ՝ մեկ-երկու ժամից:

-Ա՛յ ընկեր,-մի փոքր ձայնը բարձրացրեց Փայլակը,- սառնարանը անջատված է, Նոր տարվա սնունդը կփչանա, ակվարիումի ձկները արդեն իրար են խառնվել, ոչ ջերմություն ունեն, ոչ էլ թթվածին, մաքրող պոմպն էլ չի աշխատում, բա մեղք չե՞ն, սերիալս էլ երեկվանից կիսատ է մնացել,-բողոքեց Փայլակը:

-Տվյալ պահին ինձ հայտնի չէ այդ վթարի մասին, հիմա մի այլ տեղում վթար եմ վերացնում, հոպար ջան, բայց խոստանում եմ հենց որ գործս ավարտեմ կգամ, ինձ մի զբաղեցրու, որ շուտ ավարտեմ,-նորից հորդորեց տեսուչը և հեռախոսը անջատեց: Փայլակը սկսեց տենդորեն մտածել. իսկ ինքը էլ ի՞նչ կարող է անել, բացի էլեկտրացանց և ապա՝ տեսուչին զանգահարելուց:

Մոտեցավ միջանցքի պատի խորշում տեղադրված ինքնավար անջատիչների վահանակին, որտեղ նախկինում էլեկտրահաշվիչն էր տեղադրված եղել, բացեց դռնակը, հաջորդաբար անջատեց և նորից միացրեց չորս ինքնավար անջատիչները և ո՜վ, զարմանք, նրանցից մեկի միացման դեպքում միջանցքը լուսավորվեց և մնացած սարքավորումներն էլ սկսեցին եռանդով աշխատել:

Պարզվեց, որ ինքնավար անջատիչներից մեկը ինչ-ինչ պատճառով անջատվել էր: Փաստորեն վթարը ոչ թե արտաքին աշխարհից էր եղել, այլ սեփական բնակարանի ներսից, իսկ ինքը ապերախտորեն անհանգստացրել էր ցանցի օպերատորուհուն և իրենց հարազատ տեսուչին: Մեղքը քավելու նպատակով զանգահարեց նրանց, երկուսին էլ հաղորդեց, որ հոսանքը վերականգնվել է, բայց պատճառի մասին, բնականաբար, չասաց:

Բա, նրանք չէին ասի, թե առանց բնակարանի անջատիչները ստուգելու վերցրել ու զանգահարել ես ու մեզ անհանգստացրել: Ինչևէ, հարցը համարելով փակված, Փայլակը նորից վերադարձավ իր աշխատասեղանի մոտ՝ կիսատ մնացած պատմությունը շարունակելու, այդպես էլ չխմելով ոչ թեյ, ոչ էլ սուրճ… Հաջորդ օրը կեսօրին մոտ, Փայլակը խորասուզված բազմոցի մեջ, հեռուստացույցով երեկվա կիսատ թողած սերիալն էր նայում, մեկ էլ՝ հոպ, հոսանքը նորից «փախավ» ու հեռուստացույցը անջատվեց: Նա, իհարկե, ելնելով նախորդ օրվա դառը փորձից, չշտապեց զանգահարել 1-80, այլ առաջին հերթին մոտեցավ միջանցքի պատի խորշին, դռնակը բացեց և հերթականությամբ անջատեց ու միացրեց վահանակի վրա շարված ինքնավար անջատիչները, ինչպես երեկ արեց, որից հետո ստուգեց բոլոր սենյակների լույսերը, բայց ապարդյուն: Այս անգամ էլեկտրական հոսանքը այդպես էլ չմիացավ:

Դրանով չբավարարվելով՝ նա անցավ մասնագիտական ստուգման հաջորդ փուլին, դարակից հանեց հոսանքաորսիչ սարքը, ստուգեց անջատիչների ելքի և մուտքի կոնտակտները, համոզվելու համար ֆազային լարման առկայությանը: Հոսանքաորսիչ պտուտակահանի վրայի նեոնային լամպը, որ այդ պահին պիտի լուսավորվեր և ազդարարեր ֆազային լարման առկայությունը, նենգորեն լռում էր:

Վերջնականապես համոզվելով, որ այսօրվա հոսանքազրկումը արդեն արտաքին վթարի հետ է կապված, նա զանգահարեց 1-80 և հաղորդեց վթարի մասին: Այս անգամ արդեն օպերատորուհին նրան պատասխանեց, որ իրենց տեղամասում ձմռանը նախապատրաստվելու առիթով (իբր դեկտեմբերը ձմռան ամիս չէ) սնուցող ենթակայանի երկրորդ տրանսֆորմատորն են միացնելու, որի պատճառով մեկ-երկու ժամվա հոսանքազրկում է սպասվում: Փայլակը ստիպված սպասեց երկու ժամից էլ ավելի, բայց էլեկտրահոսանքը այդպես էլ չէր միանում: Արդեն որոշել էր կրկին զանգահարել 1-80, ու հանկարծ հնչեց դռան զանգը: Ուրեմն էլեկտրահոսանքը միացրել են, որ զանգը աշխատում է, բայց համակարգիչը ինչու չի միանում, զարմացավ նա ու բացելով բնակարանի դրսի դուռը պարզեց, որ հյուրը, սխալմամբ մեկ հարկ վերև բարձրանալու փոխարեն, իրենց զանգն էր հնչեցրել:

Հյուրին դեպի չորրորդ հարկ ուղղորդելով և հիշելով երեկվա դառը փորձը՝ Փայլակը կատարեց նույն գործընթացները, որի արդյունքում պարզեց, որ ինքնավար անջատիչներից մեկը այս անգամ շարքից դուրս է եկել ու քանի որ բնակարանի էլեկտրամատակարարումը բաժանված է երկու մասի, ուստի մեկ մասում վերականգնվել էր իսկ մյուսում՝ ոչ: Այս անգամ տեղի էր ունեցել կրկնակի վթար՝ ինչպես արտաքին աշխարհից, այնպես էլ՝ բնակարանի ներսում:

Նա ստիպված տանից դուրս եկավ, ուղևորվեց մոտակա տնտեսական ապրանքների խանութ, գնեց նոր ինքնավար անջատիչ, վերադարձավ, այն փոխարինեց հին, շարքից դուրս եկածով ու շարունակեց իր կիսատ թողած սերիալի դիտումը: Հարգելի էլեկտրացանցի բաժանորդներ, եթե ձեր բնակարանի էլեկտրահոսանքը հանկարծ անջատվում է, մի շտապեք զանգահարել 1-80, այլ ինքներդ ստուգեք, փորձեք վերացնել վթարը սեփական ուժերով և միայն այն դեպքերում, երբ լիովին կհամոզվեք,որ վթարը բնակարանի ներսից չէ, ապա նոր անհանգստացրեք էլեկտրացանցի ծառայությանը, ինչպես այժմ վարվում է մեր քաղաքի օրինապահ քաղաքացի Փայլակ Փայասլյանը:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930