Հունիսի 25-ին, ժամը 10-ի սահմաններում Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանցի գյուղի տարածքում, միջպետական ավտոճանապարհին Իրանից մոտ 40-42 տարեկան հեծանվորդը արագության տակ ընկնելով՝ վնասվածքներ է ստացել: Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը հայտնեց, որ ոլորանի մոտ հեծանվորդի աչքի մեջ ճանճ է ընկել, վերջինս ցանկացել է մի ձեռքով ճանճը աչքից հանել, մյուս ձեռքով սեղմել է հեծանվի արգելակը: Վթարի հետեւանքով իրանցու ձեռքի ճկույթը եւ գլուխը՝ մի քանի տեղ, վնասվել են:
Կ. Շահինյանը վիրավորին իր ավտոմեքենայով հասցրել է Իջեւանի բժշկական կենտրոն, ուր իրանցուն բուժօգնություն են ցուցաբերել, գլխին 3 կար դրել: Ոստիկանության Իջեւանի բաժնում դեպքի կապակցությամբ արձանագրություն է կազմվել: Իրանցից զբոսաշրջիկների խումբը բաղկացած է եղել 4 հեծանվորդից:
Կիրանցի գյուղապետն ասաց, որ հայերիս պարտքն է օգնություն ցուցաբերել արտասահմանցի հյուրերին, բարեկամ երկրների քաղաքացիներին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ