«Շարունակելու եմ իմ գործունեությունը հասարակական-քաղաքական հարթության մեջ, իսկ ձեւաչափերի մասին հետագայում կասեմ»,-«Ժառանգություն» կուսակցության համագումարի ավարտին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «ՕՐՕ» դաշինքի առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ նա կո՞ղմ է, որպեսզի «ՕՐՕ» դաշինքը մեկ միասնական կուսակցություն դառնա: «Պետք է լինի ուժերի լայն կոնսոլիդացում եւ ավելի կազմակերպված գործունեություն: Դրա ձեւաչափերը մենք կարտահայտենք: Համենայն դեպս, մեր մտերիմ հարաբերությունները շարունակվելու են, մենք ժողովրդի կողքին ենք լինելու»,-պատասխանեց Սեյրան Օհանյանը:
Հարցին՝ «փողոցային պայքարի՞ եք դուրս գալու, հնարավո՞ր է, որ այն լինի հաջորդ տարի, երբ Սերժ Սարգսյանի լիազորություններն ավարտվեն», Սեյրան Օհանյանն այսպես արձագանքեց. «Չգիտեմ՝ ո՞վ է լինելու կառավարությունում եւ իշխանությունում, ինձ համար մեկ է: Կարեւորն այն է, որ իշխանությունը համապատասխան գործունեություն ծավալի եւ մեր երկիրն առաջ ընթանա: Միշտ կողմ եմ եղել փոփոխությունների»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ