Այս թխվածքաբլիթները ինձ տանում են դեպի մանկություն, երբ մորաքույրս գրեթե ամեն շաբաթ առանց տրտնջալու պատրաստում էր այս համեղ «կալաները» մեզ համար: Նա թրաշուշանների վարսանդների փոխարեն դնում էր եգիպտացորենի ձողիկներ` դեղին, երկար եւ բարակ: Այժմ այդպիսի ձողիկներ կարծես չկան, այդ դեպքում կարելի է օգտագործել կիտրոնի կամ նարնջի լավ լվացած եւ եռման ջրով «վախեցրած» կեղեւ:
Անհրաժեշտ մթերքները
3 ձու
1 բաժակ շաքարավազ
1 բաժակ ալյուր
1 կիտրոնի կամ նարնջի կեղեւ
Պատրաստման եղանակը
Ինչպես նկատեցիք` այս թխվածքաբլիթի բաղադրության մեջ չկա ոչ կարագ, ոչ ձեթ, ոչ էլ` փխրեցուցիչ կամ սոդա: Պատրաստումն էլ անչափ հեշտ եւ արագ է:
Կիտրոնը կամ նարինջը լավ լվանալ, կեղեւը հանել շատ բարակ` առանց սպիտակ թաղանթի: Կտրատել երկար-բարակ ձողիկների տեսքով:
Լավ հարել ձուն եւ շաքարավազը` մինչեւ ամբողջությամբ սպիտակի, ավելացնել ալյուրը:
Ջեռոցի թավայի մեջ փռել յուղաթերթը, խմորից գդալ-գդալ լցնել յուղաթերթի վրա` իրարից բավականաչափ հեռավորության վրա: Դնել 190 աստիճան տաքացրած ջեռոցը` մի քանի րոպեով:
Հարկավոր է ուշադիր լինել եւ խմորը ջեռոցից հանել, երբ նոր-նոր սկսի եզրերը թեթեւ վարդագունել: Շատ արագ, որպեսզի խմորը չհասցնի սառել եւ չորանալ, փաթաթեք մի եզրից եւ ամուր սեղմեք` մեջտեղում կիտրոնի ձողիկը, որ ստանա թրաշուշանի տեսք:
Կարող եք վրան շաքարի փոշի ցանել, սակայն պարտադիր չէ:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ