«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում հարգանքի տուրք կմատուցվի ֆրանսիացի ազդեցիկ ռեժիսորներից մեկի` Ժան-Պիեռ Մելվիլի հարյուրամյա հոբելյանի առիթով: Հայաստանցի հանդիսատեսին ցուցադրվի ռեժիսորի ֆիլմերի ընտրանին` «24 ժամ ծաղրածուի կյանքից», «Ստվերների բանակը», «Լեոն Մորեն, քահանա», «Ծովի լռությունը» եւ «Կարմիր շրջան»:
Ժան-Պիեռ Մելվիլը ծնվել է հրեաների ընտանիքում, անգամ մասնակցել երկրորդ համաշխարհային պատերազմին, նա Պատվո լեգեոնի շքանշանակիր է:
Մելվիլն իրեն որակել է որպես «ծայրահեղ ինդիվիդուալիստ» և «աջ թևի անարխիստ»: Նա գերադասում էր աշխատել սեփական կինոընկերությունում՝ պրոդյուսերներից կախվածություն չունենալու համար:
Մելվիլը իբրեւ դերասան նկարահանվել է Ժան Լյուկ Գոդարի «Վերջին շնչում» դեբյուտային ֆիլմում: Մելվլին ճանաչում են բերել հատկապես նրա ողբերգական մինիմալիստական ֆիլմերը` կրիմինալ թեմատիկայով, որոնցում նկարահանվել են ժամանակի խարիզմատիկ դերասանները` Ալեն Դելոնը, Ժան Պոլ Բելմոնդոն, Իվ Մոնտանը, Լինո Վենտուրան… Նրա ֆիլմերի մասին գրել են այնպիսի հնչեղ անուններ, որոնց թվում են Անդրե Բազենը, Ժատ Ռիվետը, Բերտրան Տավերնիեն…
Մելվիլն իր ուրույն ռեժիսորական ձեռագիրն ունի, մասնագետների համոզմամբ, այն կրում է ամերիկյան կինեմատոգրաֆի ազդեցությունը:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ